Հայացք ճապոնական մշակույթին

Share

Նյութը պատրաստեց ԱՆԻ ՄԱԳՈՒՄՅԱՆ

ԻԿԵԲԱՆԱ

Ճապոնիայում ամեն ինչ առանձնահատուկ է` մարդիկ, գրելաձեւը, բնությունը, մշակույթը, փիլիսոփայությունը:
Խոսելով Ճապոնիայի մասին չենք կարող չանդրադառնալ մշակույթին, գիտությանը, կրոնին, փիլիսոփայությանը, գրին, սամուրայներին, ազգային հագուստին (կիմոնո), խոհանոցին, որոնցից յուրաքանչյուրը բնութագրական է եւ կարեւոր տեղ է զբաղեցնում այս երկրում:
Ճապոնական գիրը հիերոգլիֆներից բաղկացած գրային համակարգ է: Բաղկացած է հիերոգլիֆներից եւ երկու այբուբենից` հիրագանա եւ կատականա: Կա նաեւ ռոմաջի տարբերակը: Սա լատինական այբուբենի կիրառումն է ճապոներեն լեզվով գրելու համար:
Ճապոնական փիլիսոփայությունը այնքան խորիմաստ է, որ եթե նույնիսկ որեւէ աֆորիզմ բաղկացած է ընդամենը երկու բառից, այն ունի մեծ իմաստ եւ երբեմն անհրաժեշտ է լինում երկար մտածել կարդալուց հետո, որպեսզի ամբողջովին հասկանալի լինի:
Ճապոնիան համաշխարհային գիտական մտքի առաջատարներից է: Ունի կայուն դիրք գիտության տարբեր ոլորտներում, որոնցից են բարձր տեխնոլոգիաները եւ մեքենաշինությունը, էներգախնայողությունն ու ռոբոտաշինությունը, բժշկությունն ու տիեզերական հետազոտությունները:
Ճապոնական երաժշտությունը ներառում է իր մեջ բազմաթիվ ժանրեր` սկսած ազգային, միայն Ճապոնիային հատուկ երաժշտական ժանրերից, մինչ ժամանակակից ամենատարբեր ժանրեր, որոնց շուրջ ստեղծվում են յուրահատուկ բեմականացումներ` հատուկ միայն Ճապոնիային: Ճապոնական երաժշտական շուկան իր մեծությամբ երկրորդն է ամերիկյանից հետո:
Ճապոնական թատրոնը արմատներով գալիս է հին ժամանակներից: Խոսելով թատրոնի մասին եւ լսելով «Կաբուկի» անունը, կարելի է արդեն պատկերացում կազմել նրա շքեղության եւ ինքնատիպության մասին: Ճապոնիայում գործում է «Նո», «Կյոգեն», «Կաբուկի», «Բոնրակու» եւ այլ թատրոններ:
Ճապոնական առաջին կինոն արտադրվել է 1899 թվականին: Բազմաթիվ ֆիլմեր վաղուց դուրս են եկել Ճապոնիայի սահմաններից եւ ստացել համաշխարհային համբավ:
Ճապոնական գրականությունը ավելի վաղ ծագում ունի, քան գիրը: Գրական ստեղծագործությունները փոխանցվում էին սերնդե սերունդ` բանավոր կերպով:
Ճապոնական քանդակագործությունը սկիզբ է առնում սինտոյական եւ բուդդայական հոգեւոր ակունքներից: Ճապոնական ճարտարապետության եւ կերպարվեստի հնագույն հուշարձանները վերաբերում են Ձյումոնի ժամանակաշրջանի մշակույթին, որին հատուկ էին պարանահյուս նախշազարդերով անոթներ, կանանց արձանիկներ եւ այլն: Այս արվեստը զարգացում ապրեց սինտոյական եւ բուդդայական հոգեւոր ազդեցության ներքո:
Օրիգամին ճապոնական արվեստ է, որով պատրաստում են տարբեր թղթե պատկերներ: Ամենահին թղթե պատկերը մեծ խորհուրդ ունի, դա արագիլի թղթե պատկերն է:
Թեյախմության արարողությունը (ճապոնորեն ծյանոյու) դասվում է առավել ինքնօրինակ, եզակի արվեստների շարքին: Թեյախմության արարողությունը, որը Ճապոնիայում արմատավորել են Ձեն աղանդի կրոնավորները, ժամանակակից պայմաններում շարունակում է լայն մասսայականություն վայելել:
Կիմոնոնՙ որպես ճապոնական ազգային հագուստ, առաջացել է V դարում: Կիմոնո հագնում են թե՛ տղամարդիկ եւ թե՛ կանայք: Կիմոնոն լինում է տարբեր գույների, ձեւերի, տարբեր առիթների եւ տոների համար:
Ճապոնական խոհանոցը բնական է եւ ներդաշնակ, այն համարվում է աշխարհի ամենաառողջարար խոհանոցը: Խոհանոցի հիմնական բաղադրամասն են կազմում բրինձը, ծովամթերքները եւ սոյայի սոուսը: Իսկ ճապոնական ամենահայտնի ալկոհոլային խմիչքը սակեն է, որը պատրաստվում է բրնձից:
Ճապոնական մշակույթի մի առանձնահատուկ մաս ներկայացնում են գեյշաները:
Ճապոներեն գեյշա նշանակում է տաղանդավոր կինՙ բաղկացած երկու արմատներիցՙ գեյ- տաղանդ, սյա- մարդ: Գեյշա նշանակում է նաեւ արվեստի մարդ:
Ծանոթանալով Ծագող արեւի երկրի մշակույթին ու այդ ժողովրդի ավանդույթներին, համոզվեցինք, որ այն հիրավի համապատասխանում է բնության այդ հրաշքին` Արեւին, որից եւ սկսվում է յուրաքանչյուրիս օրը, ջերմության ու սպասման նոր ակնկալիքներով:

ԻԿԵԲԱՆԱ

Դեռ հին ժամանակներից մարդիկ վայելում էին ծաղիկների գեղեցկությունը, սակայն մարդիկ, ովքեր բնության այս հրաշքը դարձրին յուրօրինակ արվեստ, ցույց տվեցին ողջ աշխարհին, որ ծաղիկները արժանի են ոչ միայն հիացմունքի, այլ նրանց շնորհիվ կարելի է բացահայտել մի նոր աշխարհ, որտեղ հոգու եւ սրտի միահյուս զգացմունքներն են:
Իկեբանան ճապոնական ամենահին արվեստներից է: Ճապոնացու համար կյանքը ավանդույթներին հետեւելն է եւ յուրաքանչյուր երեւույթի մեջ գեղեցիկը տեսնելու ունակությունը:
Իկեբանան սկիզբ է առնում Ճապոնիայում բուդդայականության տարածման ժամանակներից:
VI դարում բուդդայական տաճարներում զոհասեղանի երկու անկյուններում դրվում էին ծաղկեփնջեր: Այդ ծաղիկները վիթխարի ճյուղեր էին, որոնք ներդաշնակվում էին տաճարի վեհաշուք կահավորանքի հետ եւ կոչվում էին ռիկա («կանգուն ծաղիկներ»): Սակայն աստիճանաբար սկսեցին ավելի կարճ ծաղկեփնջեր կազմել, եւ այս ձեւը շարունակեց տիրապետող լինել տաճարներում եւ պալատներում մինչեւ XII դարի վերջը: Այս ծաղկեփնջերում հատուկ տեղ էր հատկացվում սպիտակ քրիզանթեմներին:
XV դարում, երբ թեյախմությունը Ճապոնիայում մտավ ամենօրյա կենցաղի մեջ, առաջացավ ծաղկեփնջերի նոր ձեւ` նագեիրեն: Այս ձեւը անվանվում էր բնապաշտպանական, քանի որ ծաղիկները ծաղկամանի մեջ դրվում են «բնական ձեւով»:
XX դարում Ճապոնիայում զարգացավ փնջավորման նոր ուղղություն` մորիբանան, որն արտացոլում է նաեւ արեւմտյան քաղաքակրթության ազդեցությունը: Մորիբանան իր մեջ զուգակցելով նախորդ երկու ոճերը, բովանդակում է նաեւ երրորդը` այն կարծես մոդելավորում է որոշակի բնանկար, կամ ճապոնական բնության մի կտոր:
Ձենի ուսմունքն ուշադրությունը սեւեռում է եզակիի վրա: Իկեբանայում ընդգծվում է ամեն մի ծաղկի եզակիությունը. «մի ծաղիկը հարյուր ծաղկից ավելի լավ է հաղորդում ծաղկի շքեղությունը»:
Ծաղիկների ու բույսերի փնջերը ճապոնացու համար լոկ զարդարանք չեն, այլ միշտ իմաստալից, խորհրդանշական մի երեւույթ: Յուրաքանչյուր տոնի ժամանակ ծաղկեփնջերի ծաղիկները ընտրվում են ըստ նշանակության:
Օրինակ, ամանորյա եւ հարսանիքի ծաղկեփնջերը կազմվում են սոճու ճյուղերից, հնդկեղեգի տերեւներից եւ սալորենու ծաղիկներից:
Մարտին` աղջիկների տոնին, ծաղկեփունջը կազմվում է դեղձենու, շաղգամի ծաղիկներից ու քրիզանթեմներից:
Տղաների տոնին ծաղկեփնջում հատուկ տեղ է գրավում հիրիկը:
Բոլոր տոնական ծաղկեփնջերում բացառվում են աշնանային ծաղիկները, թխկենու, թեյի տերեւները, ծիրանագույն ծաղիկները, վարդը եւ այլն:
Նշանդրեքին կամ հարսանիքին ծաղկեփնջերում չեն դնում այնպիսի ծաղիկներ, որոնց անվան մեջ հնչում է «սարու» տարրը, որը նշանակում է բաժանում (օրինակ, սարու-սուբերի ծաղիկը` հնդկական եղրեւանին կամ սարուտորիիբարան` գիշախոտը):
Իկեբանայի արվեստը ճապոնացիները հավասարեցնում են աղոթքին:
Ի սկզբանե այս արվեստը հիմնված է եղել երկու հակադիր ուժերի վրա, որոնք խորհրդանշում էին լույսն ու խավարը ( երկինքն ու երկիրը ): Իսկ ավելի ուշ ավելացավ նաեւ երրորդ տարրը, որը խորհրդանշում է մարդուն: Եվ այս ամենը արվեստի միջոցով ցույց է տալիս այն ներդաշնակությունը, որը գոյություն ունի մարդու եւ բնության միջեւ:
Գոյություն ունի մի շատ հետաքրքրական առասպել իկեբանայի ստեղծման մասին: Մի անգամ բուդդայական վանականը հավաքելով չորացած ճյուղեր, դնում է այն Բուդդայի արձանի մոտ եւ խնդրում, որ այդ մահացած բույսերին կյանք շնորհվի, եւ հենց այդ պահին ճյուղերի վրա հայտնվում են ծաղիկներ ու տերեւներ: Այսպես ծնվում է իկեբանայի արվեստը, որի շնորհիվ էլ ճապոնացիները երբեմն այն անվանում են «ծաղիկների նոր կյանք» (իկե ուղի, հանա-ծաղիկ): Եվ պատահական չէ, որ իկեբանան կազմված է երեք հիմնական բաղադրիչներից:
Առաջինը խորհրդանշում է երկինքը, որը գլխավոր եւ ամենաերկար ցողունն է: Հենց այս ցողունն է կազմում ծաղկեփնջի հիմքը, ուստի այն պետք է բավականին ամուր լինի: Այն հաճախ անվանում են նաեւ սին:
Երկրորդ ցողունը խորհրդանշում է մարդուն, որը կոչվում է սոե: Այն պետք է հավասար լինի սինի բարձրության մոտ երկու երրորդին ու թեքվի նույն կողմ:
Երրորդ ցողունը խորհրդանշում է երկիրը եւ կոչվում է տայ: Այն ամենակարճն է: Դրվում է առջեւից կամ մի փոքր շարժում դեպի առաջին երկուսի հակադիր կողմը:
Ծաղկեփնջերին կարելի է ավելացնել զանազան կանաչ տերեւներ, խոտերի ցողուններ, սակայն երեք հիմնական ցողունների դիրքը մնում է անփոփոխ:
Շատ կարեւոր է նաեւ սափորի ձեւի ընտրությունը, որից էլ կախված է այդ երեք բաղադրիչների երկարությունը:
Իկեբանան նաեւ փիլիսոփայություն է: Այն առաջին հերթին ցուցադրում է բնավորություն: Այստեղ հատկանշականն այն է, թե այդ երեք բաղադրիչները ինչպես է տեսնում մարդը` ստեղծելով իկեբանա: Այս արվեստը մի միջոց է, որտեղ կարող ես արտահայտել զգացմունքներ եւ ապրումներ:
Իկեբանա ստեղծելու ընթացքում մարդը ընկղմվում է իր սեփական «ես»-ի մեջ եւ այդ միջոցով ներսում կուտակված բոլոր զգացմունքները հորդում են դուրս:
Շատ հոգեբաններ օգտագործում են այս արվեստը նաեւ որպես հոգեբանական թեստ:
Իկեբանան պահանջում է բացարձակ լռություն եւ ուշադրություն: Ստեղծողը պետք է անխախտ կապ զգա բնության, երեք բաղադրիչների եւ նույնիսկ սափորի հետ:
Իկեբանան ինչ-որ չափով նաեւ մարդու եւ բնության միությունն է: Մարդը եւ շրջապատող աշխարհը խորքում յուրօրինակ մեդիտացիա է:
Գլուխգործոցները ծնվում են միայն այն ժամանակ, երբ ստեղծողը լսում է ծաղիկների ձայնը:
Այս արվեստը իդեալական ներդաշնակություն ստեղծելու ձգտումն է: Իհարկե, իդեալական կատարելությունն անհասանելի է. իդեալական հարաբերություններ երկնքի, երկրի եւ մարդու միջեւ, երազանք, որտեղ ամեն ինչ ներդաշնակ է, չկան վեճեր, պատերազմներ, եւ միայն մաքուր երջանկություն է: Սակայն հակառակ այս անհասանելիությանըՙ իկեբանան հնարավորություն է տալիս երազելու:
Յուրաքանչյուր իկեբանա եւս մի քայլ է, որը տանում է դեպի երազանքի աշխարհ:
Ծաղիկների փնջավորումը ցույց է տալիս, որ այստեղ առաջատար սկզբունքներն են պարզությունը, անհամաչափությունը եւ թվացյալ անավարտությունը: Ծաղկեփնջերը առաջացնում են ինքնակայության, ինքնաբերության եւ անմիջականության զգացում:
Ծաղկեփնջեր կազմելու արվեստին տիրապետելու համար պահանջվում են տարիների կանոնական հիմնական այն ձեւերի համբերատար ուսումնասիրություն, որոնց տիրապետում են փնջավորման վարպետները: Գեղեցիկին հաղորդակցվելու իրենց պահանջմունքում ճապոնացիները կանգ չեն առնում եւ ոչ մի դժվարության առջեւ: Նրանք տարիներով հաստատակամորեն ու համառորեն մարզում են կանոնական շարժումները, ընդօրինակելով դրանք իկեբանայի վարպետներից, եւ դրանով իսկ արվեստի այդ տեսակը պահպանում են գալիք սերունդների համար:

նյութը վերցված է՝ http://www.azg.am/AM/culture/2013061505