31.08.2016
ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ բարեկամական խմբի անդամներն օգոստոսի 31-ին հանդիպել են աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի Ազգային դիետի Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեյշիրո Էտոյի եւ լիգայի անդամների հետ:
Ողջունելով հյուրերին՝ Սամվել Ֆարմանյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ճապոնիայի հետ միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումն ու այս համատեքստում հավելել, որ նման փոխայցերն այդ հարաբերությունների ամրապնդման հարցում առանցքային նշանակություն ունեն: Պարոն Ֆարմանյանը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների պատվիրակություններն արդյունավետ համագործակցում են միջազգային հարթակներում: Նա երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը եւ ժողովրդին՝ անկախությունից ի վեր մեր երկրին ցուցաբերած ֆինանսական եւ փորձագիտական աջակցության համար:
Խոսելով Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխությունների մասին՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու հարցում Ճապոնիայի հաջողված փորձը կարող է ուսանելի լինել:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտությանը: Պարոն Ֆարմանյանն այս հարցում բարձր է գնահատել Ճապոնիայի հավասարակշիռ դիրքորոշումը:
«Լեռնային Ղարաբաղը պատմության ընթացքում երբեւէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ իր անկախությունը նվաճել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան»,- ընդգծել է բանախոսը:
Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ հույս հայտնել, որ որպես Հայաստանի բարեկամ պետություն՝ Ճապոնիան իր հնարավորության շրջանակում ուշադրության կարժանացնի Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման խնդիրը:
Սեյշիրո Էտոն իր հերթին կարեւորել է միջխորհրդարանական կապերի խորացումը եւ նշել, որ խորհրդարանականներն այդ հարցում պետք է հետեւողական ջանքեր գործադրեն: Նա նշել է, որ Ճապոնիան երախտագիտությամբ է հիշում 2011թ. աղետից անմիջապես հետո Հայաստանի ցուցաբերած աջակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք ընդգծել են, որ հայ-ճապոնական հարաբերությունները զարգանում են բարեկամության եւ փոխվստահության մթնոլորտում եւ անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հարցերի եւս:
Հանդիպման ավարտին Սամվել Ֆարմանյանը եւ Սեյշիրո Էտոն երկու երկրների բարեկամական խմբերի անունից ստորագրել են համատեղ հռչակագիր:
նյութը վերցված է՝ goo.gl/NTDY19