17/02/2013
Ճապոնական հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկել է գործվածքի վերականգնմանը նվիրված սեմինարը: Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի շրջանակում անցկացվող սեմինարը շարունակվելու է մինչև փետրվարի 22-ը: Սեմինարի շրջանակում ներկայացվել է ճապոնական ավանդական ներկման «սիբորիձոմե» մեթոդը: Դոկտոր Միե Իշին անցկացրել է գործնական աշխատանքներ և վարպետության դասեր: Սեմինարը և Միե Իշիի վարպետության դասերը նպատակ ունեն մշակութային արժեքների պահպանման բնագավառում ամրապնդել Ճապոնիայի և Հայաստանի միջև կապերը և նպաստել Հայաստանում գործվածքի պահպանման գործընթացի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Այս սեմինարը շարունակությունն է 2011 թ. հունիսին Երևանում ստորագրված ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջև «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ» համաձայնագրի և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի և Հայաստանի պատմության թանգարանի միջև «Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա առարկաների պահպանության և ուսումնասիրման նպատակով համագործակցության» փոխըմբռնման հուշագրի: Դրա շրջանակում արդեն անցկացվել են «Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական բրոնզե առարկաների վերականգնման» թեմայով 4 սեմինար և 3 միջազգային գիտաժողով:
hetq.am
նյութը վերցված է՝ http://ostarmenia.com/hy/latest-news-arm/istoruarm/