Թոմոյուկի Թաջիցու «Ես դոլմա շատ եմ սիրում» (տեսանյութ)

Share

Ապրիլ 24,2011

tomoyuki-taijicu-with-logo

«Բարեւ ձեզ: Ինչպե՞ս եք: Ջանսաղություն: Ես դոլմա շատ եմ սիրում: Շնորհակալություն»,- սրանք այն հայերեն բառերն են, որոնք ավելի հաճախ օգտագործում է արդեն մեկ տարի Հայաստանում բնակվող ազգությամբ ճապոնացի Թոմոյուկի Թաջիցուն: Նա աշխատում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:
Իր ժողովրդի ամենագլխավոր առանձնահատկությունը նա համարում շատ բրինձ ուտելը, որն իր խորհուրդն ունի: «Ողջ ճապոնացի ժողովուրդը մասնակցում է բրինձի մշակմանը: Բոլորը միասին այն ցանում են, աճեցնում, հետո միասին օգտագործում: Այսինքն` այն իր մեջ միասնության, համախմբելու խորհուրդ ունի»,-ասաց Թաջիցուն:
Նրա խոսքերով` ճապոնացիները նույնքան համախմբված են նաեւ վշտի ընթացքում: Դրա վառ օրինակը նա համարում է մարտի 11-ին իր հայրենիքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին. «Ամենասարսափելին այն է, որ վտանգը դեռ չի ավարտվել, այն կարող է շարունակվել: Դեռ ատոմակայանի խնդիրները լուծված չեն, կա ճառագայթման վտանգ»:
Թոմոյուկի Թաջիցուն ծնվել է Ճապոնիայի Կավագոե քաղաքում: Երկրաշարժի մասին իմանալով՝ զանգահարել է իր հարազատներին եւ մտերիմներին:
«Շատ վշտացա, երբ իմացա, որ ընկերս, որ պատրաստվում էր ամուսնանալ, կորցրել է իր տունը, ցունամին այն ավիրել է, սակայն, բարեբախտաբար, նա եւ հարսնացուն ողջ են մնացել»,-պատմեց նա:
Նա շատ հուզվեց, երբ իմացավ, որ այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հայ ժողովուրդը իր աջակցությունն է հայտնում եւ կիսում ճապոնացիների վիշտը:
Ի դեպ, Հայաստանում բնակվելով՝ Թաջիցուն հասկացել է, որ հայերն ու ճապոնացիներն ընդհանրություններ ունեն՝ ընկերության, ընտանիքի նկատմամբ վերաբերմունք. «Երբ մեկ անգամ այցելում ես հայի տուն, արդեն հարազատանում ես, սկսում են զանգահարել, հետաքրքրվել, թե ինչպե՞ս ես: Դա շատ հաճելի է»:

նյութը վերցված է http://www.a1plus.am/46510.html