Հայագետը Ճապոնիայի մասին (տեսանյութ)

Share

Հայագետը Ճապոնիայի մասին

նյութը վերցված է՝  https://www.youtube.com/watch?v=ssGXMPlDkrs
ՀԱՅՃԱՊՈՆԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրծվի Բախչինյան (Հայաստան). բանասեր, հայկական սփյուռքի, կինոգիտության և պարարվեստի պատմության հետազոտող: Ծնվել է 1971 թվականին Երևանում: 1988-1993 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժնում: 1996–1997 թվականներին նրան որպես հետազոտող հրավիրել են Ուփսալայի հալասարան, Շվեդիա: 2009 թվականից աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում, հայկական սփյուռքի բաժնում: Տաս տարի շարունակ նա գրում է ուսումնասիրություն Չինաստանում և Ճապոնիայում գտնվող հայերի և հայ, չինացի, ճապոնացի ժողովուրդների միջև պատմական և մշակութային հարաբերությունների մասին: Նա մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսների, փառատոնների և հանդիպումների, որոնք անց են կացվել աշխարհի տարբեր երկրներում (2010-ին` Օսակայում, Ճապոնիա):

Արծվի Բախչինյան

Բանասիրական գիտությունների թեկնածու

Ծագող արևի երկրի հետ հայ ժողովրդի ամենավաղ առնչությունները, մեզ հասած տեղեկություններով, սկիզբ են առել հավանաբար 17-րդ դարում: Աշխարհով մեկ առևտրական գործունեություն ծավալած նորջուղայեցի առևտրականները լայնածավալ գործառնություններ են կատարել ասիական շուկաներում՝ հաճախակի լինելով Տիբեթում, Սիամում, Ճավայում, Ֆիլիպիններում, Չինաստանում, ինչպես նաև Ճապոնիայում: Քանի որ 17-րդ դարի կեսից մինչև 19-րդ դարի կեսերը Ճապոնիան կնքել էր փակ երկրի վիճակ և խիստ կրճատել էր առևտրական կապերը, այդ ժամանակի շփումների մասին տեղեկություններ չունենք:  Հայ տպագիր աղբյուրներում Ճապոնիան առաջին անգամ հիշվել է 1805-ին՝ Ճեաբօն կամ Յաբօն ձևով Ստեփանոս Ագոնցի աշխահագրական աշխատության մեջ, որտեղ մանրամասն ներկայացվել են այդ երկրի բնությունը, պատմությունը, լեզուն և ժողովուրդը (տես Աշխարհագրութիւն չորից մասից աշխարհի… Աշխատասիրութեամբ Տ. Տ. Ստեփանոսի Գիւվէր Ագոնց, 1805, Վենետիկ, էջ 289-351):
19-րդ դարում Ճապոնիայում առևտրական ծովագնացության գործունեություն են ծավալել հնդկահայերը: 1870-ին Կալկաթայի հարուստ ֆիրմաներից մեկը՝ «Աբգար և ընկերությունը» նավագնացության ծառայություններ է իրականացրել դեպի Ճապոնիա: 1980-ականների կեսին այդ ֆիրման ճապոնական Կոբե, Յոկոհամա և Նագասակի  քաղաքները կապել է Սինգապուրի Պենանգ կղզու, Հոնկոնգի և Կալկաթայի հետ: Հայ վաճառականները հիմնականում ապրել են Յոկոհոմա, Կոբե և Օսակա  քաղաքներում վերջինում գործել է «Էդգար եղբայրներ» գրասենյակը: 1890-ական թվականներից Կոբեում գործել է «Աղաբեկ և ընկերություն» առևտրական հաստատությունը, Յոկոհամայում «Աբգար և ընկերություն» ֆիրման: Նույն 1890-ականներից Յոկոհամայում է բնակվել առևտրական Փ. Մ. Փափազյանը, որը Ճապոնիայում է մնացել մինչև 1917-ը: 1900-ականների սկզբին Կոբեում գործել է «Մարթին եղբայրներ» ընկերությունը, որտեղ աշխատել են մի շարք հայեր: Նրա տերերից Փոլ (Պողոս) Մարթինը Արիմա քաղաքում ձեռք է բերել «Քինգ Ջորջ» հյուրանոցը: Նա մահացել է Արիմայում, 1931 թվականին: 1920-ականներին Կոբեում գործել է «Փոլ Արաթուն և ընկերություն» ֆիրման՝ Սինգապուրի «Փոլ Սթեֆանս» առևտրի տան մասնաճյուղը:
19-րդ դարից հայտնի են հայ-ճապոնական այլ հատուկենտ աղերսներ ևս, ինչպես, պոլսահայ գյուղատնտես Նշան Գալֆայանը (1865-1932) աշխատակցել է Ճապոնիայի շերամապահական մամուլին, արաբերենի թարգմանիչ, ֆրանսաբնակ Ժոզեֆ Շառլ Վիկտոր Մարդրյուն (Մարտիրոսյան, 1868-1949) որպես նավի բժիշկ ճանապարհորդել է Չինաստանում, Հնդկաստանում և Ճապոնիայում: Ճապոնիա է այցելել նաև 1887-1889 թթ. Եվդոկիայի հայոց հոգևոր առաջնորդ Սահակ վարդապետ Այվատյանը (1853-1924): 20-րդ դարի առաջին կեսին Ճապոնիայում դիվանագիտական աշխատանքի են նշանակվել հայեր տարբեր երկրներից, ինչպես՝ ականավոր դիվանագետ-թարգմանիչ  Հովհանես Խան-Մասեհյանը (1864-1931), որը 1930-1931 թթ. եղել է Իրանի դեսպանը Ճապոնիայում, հետագայում Իվան Թևոսյանը (1902-1958) եղել է ԽՍՀՄ դեսպանը Ճապոնիայում (1956-1958):
20-րդ դարի սկզբին Ճապոնիայում էր բնակվում հայազգի անգլագիր գրող, հրապարակախոս Դիանա Աբգարը (1854, Ռանգուն -1937, Յոկոհամա): Նրա ծննդյան անունն էր Անահիտ, օրիորդական ազգանունը՝ Աղաբեկյան: Կալկաթայում անգլիական կրթություն ստացած Անահիտը Հոնկոնգում ամուսնանալով նորջուղայեցի վաճառական Միքայել Աբգար Աբգարյանի հետ՝ ապրել է Չինաստանում, ապա հաստատվել են Կոբեյում: Այստեղ նրանք զբաղվել են ներածման և արտածման գործով: Ամուսնու անակնկալ մահից հետո Դիանա Աբգարը տեղափոխվեց Յոկոհամա, շարունակեց ընտանեկան գործերը և մեծացրեց այնտեղ 3 զավակներին:
Դիանա Աբգարը հանդես է եկել հայ ժողովրդի մասին դասախոսություններով, հոդվածներով, աշխատակցել Ճապոնիայի «Ջափան գազեթ» անգլերեն պարբերականին: Յոկոհամայում հրատարակված նրա անգլերեն գրքերից են՝ «Հայկական կոտորածներ», «Դավաճանված Հայաստան» (1910), «Իր անունով» (1911), «Խաղաղության հիմնահարցը», «Խաղաղություն և ոչ խաղաղություն» (1912), «Մեծ չարիք» (1914), «Եվրոպայի կայսերապաշտության խաչի վրա խաչված Հայաստանը» (1918): Հրատարակվել է նաև «Հազար ու մի պատմությունների գրքից» պատմվածքների ժողավածուն (վերահրատարակվել 2004-ին), «Մենավոր խաչակիրը» վեպը,  «Իմպերիալիզմը և օրենքը» աշխատությունը, մի շարք բանաստեղծություններ: 1919-1920 թթ. նշանակվել է Հայաստանի առաջին հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Ծայրագույն Արևելքում: Այսպիսով, նա է աշխարհում դիվանագիտական պաշտոն զբաղեցրած առաջին կինը (փաստորեն, խորհրդային դիվանագիտական գործիչ Ալեքսանդրա Կոլոնտայից առաջ): Ժամանակակիցները վկայել են, որ տիկին Աբգարը շատ գեղեցիկ կին է եղել, երբ մտել է դահլիճ՝ բոլոր դեսպանները ոտքի են կանգնել: Հայրենի ժողովրդի հանդեպ պարտքի զգացումից ելնելով՝ Դիանա Աբգարն ամեն կերպ օգնել է բազմաթիվ գաղթականների, որոնք Սիբիրի և Ճապոնիայի վրայով տեղափոխվում էին ԱՄՆ: Տեղին է նշել, որ այս ժամանակ Ճապոնիայի հայերը ռուսական Հեռավոր Արևելքի, Չինաստանի և Հայաստանի հայերի հետ համատեղ 1920 թ. հավաքել են հինգ միլիոն սիբիրյան ռուբլի՝ Հայաստանի համար, իսկ Սիբիրում 15-20 հազար դոլար դրամագլխով հաստատվել է մի առևտրական ընկերություն՝ Հայաստանի հետ կապի մեջ լինելու, Ճապոնիայից Հայաստան էժան ապրանքներ առաքելու համար (տես Պոլսի «Ճակատամարտ» թերթը, 27.08.1920):
Ավելացնենք, որ Դիանա Աբգարի սերունդներն ապրում էին ԱՄՆ-ում, իսկ նրա շիրիմը գտնվում է Տոկիոյում գործող ճապոնա-հայկական բարեկամության ընկերության հոգածության ներքո:

Գրական առնչություններ

Ճապոնիային վերաբերվող առաջին հայերեն հոդվածները և գրքերը սկսել են լույս տեսնել 19-րդ դարի վերջից: Թոփչյան ազգանունով Ե. Թ. ծածկանունով մեկը  հրատարակել է «Ժամանակակից Յապոնիան» հոդվածը Թիֆլիսի «Լույս օրացույց հանդեսում» (1905, էջ 622-632), որտեղ տրված են ամենաընդհանուր տեղեկություններ՝ աշխարհագրությունից մինչև գրական-երաժշտականը: Այսօր էլ հետաքրքրությամբ է ընթերցվում Հեղինե Մելիք-Հայկազյանի  «Մի պտույտ Ճապոնիայում. իմ հուշերից և տպավորություններից» գրքույկը Թիֆլիս 1905): Հեղինակը նկարագրում է իր անցած քաղաքները (Նագասակի, Կիոտո, Տոկիո, Յոկոհամա), ճապոնացիների կենցաղը, բարքերը, ավանդույթները, կրոնը, պատմությունը, ճապոնուհու՝ «արևելյան ֆրանսուհու» տեղը հասարակության մեջ, այցելություն տաճարներ, թեյատուն՝գեյշաների համերգին, նկարագրել է իր տեսած թատերական ներկայացումը: Հեղինակը ուշագրավ ընդհանրացումներ է կատարել. «Ճապոնացու տանը՝ թե՛ ներսում, թե՛բակում, ամեն բանի վրա մի մասնավոր դրոշմ կա գոհունակության, չափավորության և գեղարվեստական պարզության», «Ճապոնացի ու կոպտություն-իրար չբռնող բառեր են», «Ճապոնացու պարզությունն ու սրտաբացությունը մի մասնավոր հրապույր է տալիս նրան», «Ինչ վերաբերվում է կարգապահությանն ու վայելչությանը, ճապոն ամբոխը իր նմանը չունի ամբողջ աշխարհիս երեսին»: Հիշելով, որ Ճապոնիայում հյուրերին ճանապարհում են՝հետը ուտելիք դնելով, Մելիք-Հայկազյանը ժպիտով նկատել է. «Ինչպես տեսնում եք, Ճապոնիայում հյուր գնալը բավական ձեռնտու բան է»: Նա նշել է նաև, որ եվրոպացիների ազդեցությամբ ճապոնական բնավորությունը սկսել է փոխվել, դժբախտաբար ոչ դեպի լավը: Հեղինե Մելիք-Հայկազյանը մի զվարճալի դեպք է հիշել, թե ինչպես Տոկիոյի կայարանում մի ճապոնացի ծառա իրեն և իր ընկերներին տարել է իր տիրոջ տուն՝ շփոթելով տիրոջ՝ իրեն ծանոթ եվրոպացի հյուրերի հետ, քանի որ նրա աչքին բոլոր եվրոպացիները մի դեմքի են, այն դեպքում, որ եվրոպացիների համար էլ ճապոնացիներն են մի դեմքի…
19-րդ դարի վերջից միջնորդ լեզուներից կատարվել են ճապոնական գրականության առաջին հայերեն թարգմանությունները: Միսաք Տեր-Դանիելյանը թարգմանել և 1891 թ. Թիֆլիսի հայ մամուլում («Տարազ» և «Նորդար») հրապարակել է երկու ճապոնական պատմվածք՝ «Հայրենի դրոշակը» և «Անահին և Կիո-Հիմեն»:
Հայ գրականության դասական Ավետիք Իսահակյանի թարգմանությամբ 1907-ին տպագրվել է 12-րդ դարի ճապոնացի բանաստեղծ Ակիհիրո Տոսինարիի «Համաշխարհային վիշտը» բանաստեղծությունը.

Գյուղ ու քաղաք լի է դավով,

Տառապանքով, խորունկ ցավով:

Եվ ես փախա կյանքի վշտից,

Բայց ա~խ իզուր, իզուր փախա.-

-Անտառի մեջ՝ մենակ, լռին՝

Տեսա լալիս մարալին…

Հետագայում Իսահակյանի այս թարգմանության հիման վրա կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը գրել է ռոմանս:
1911-ի  Թիֆլիսում հայ մեծանուն բանաստեղծ՝ Հովաննես Թումանյանի թարգմանությամբ լույս են տեսել «Փոքիրկ ձկնորսը» և «Լեզուն կտրած ծիտիկը» ճապոնական հեքիաթների փոխադրությունները:
Ավելի ուշ, 1930-ականներին Փարիզի «Յառաջ» օրաթերթում (19.08.1934 և 15.08.1937) լույս են տեսել ֆրանսերենից հայերեն թարգմանված ճապոնական հաիկուներ՝ «Հայքայ» վերնագրով:
1937-ին հայ պոեզիայի խոշորագույն դեմք Եղիշե Չարենցը գրել է «ճապոնական տանկաներ»՝ չորս ստեղծագործություն ընդգրկող շարքը, այդպիսով տանկայի ժանրը ներմուծելով հայ գրականություն: Ի դեպ Չարենցի երևանյան տուն-թանգարանում ցուցադրվում են ճապոնական փորագրանկարներ, որ բանաստեղծը գնել է 1925-ին, Վենետիկում:
Ճապոնուհի գրող Տոսիկո Ակամացուն 1954 թ. այցելել է խորհրդային Հայաստան: Հայաստանին նվիրված իր հոդվածում նա գրել է հետևյալը. «Գեղեցիկ է հայ ժողովուրդը, տղամարդիկ սև հոնքերով են, բրոնզե դիմագծով և փոքր կամարաձև քթով:Կանայք իրենց հերթին ունեն առատ հոնքեր, նուրբ գծերով բրոնզե դիմագիծ և հազիվ նշմարվող աղվամազ վերին շուրթերին: Հայաստանը ոչ միայն արևի, այլև երգ ու պարի երկիր է: Հայերի ձայնը հիշեցնում է տակետեկոյի:*»
Ճապոնացի գրող Հիրոսի Կիմուրան 1960-ականներին այցելել է մի շարք խորհրդային հանրապետություններ, նաև Հայաստան: 1963-ին նա հրատարակել է իր ուղեգրությունը՝ «Անկեղծ տպավորություններ Խորհրդային Միությունից» վերնագրով, որտեղ մի ամբողջ գլուխ նվիրել է Հայաստանին, շարադրանքին կցել մի շարք լուսանկարներ (էջ 208-231):  Հիրոսի Կիմուրան իր գրքում ջերմությամբ նկարագրել է, որ պատերազմից հետո հայազգի ընկեր է ունեցել, որից առաջին անգամ լսել է Հայաստանի մասին: Հայաստան այցի ժամանակ հյուրընկալվել է հայտնի բանաստեղծ Նաիրի Զարյանի տանը, այցելել է մեծ վարպետ ութսունամյա Մարտիրոս Սարյանի արվեստանոցը, զրուցել է գրող Արամյանի հետ, հիշում է երիտասարդ բանաստեղծ Կալենցի և այլ հանդիպածների հետ անկեղծ զրույցը: Էջմիածին, Զվարթնոց, Էրեբունի այցելելուց հետո, նա գրում է հուզված. «Խորհրդային Միության տասնհինգ հանրապետություններից Հայաստանը երևի թե ամենահին պատմությունն ունի: Հայտնի փաստ է, որ չնայած գործադրվող ճնշման, հայերը հիմա էլ, ինչպես նաև հրեաները, լինելով Խորհրդային Միության ամենասակավաթիվ ժողովուրդներից մեկը, աշխատում են ամենաշատ գիտելիքներ պահանջող ասպարեզներում: Նշենք, օրինակ, փոխվարչապետ Միկոյանին, կամ աշխարահռչակ կոմպոզիտոր Խաչատուրյանին: Խորհրդային Միության գիտությունների ակադեմիայում հայազգի գիտնականների թիվը չափազանց շատ է: Իմ այժմյան ԽՍՀՄ այցի ընթացքում այցելած հանրապետություններից Հայաստան այցը ամենահետաքրքիրն էր:»
1970-ականների սկզբին Երևանում հյուրընկալվել է Սաիցու Օբինատան, որը, բանասեր Հենրիկ և Հեղինե Բախչինյանների հարկի ներքո, ներշնչված Հայաստանով, գրել է հետևյալ բանաստեղծությունը.

Ծաղկում է ժանտափուշը,

Ծաղկում է ժանտափուշը,

Նա միակ ծաղիկն է

Անապատում ծաղկող,

Նրա բույրն ինձ հիշեցնում է

Իմ պատանության հուշերը:

(թարգմ: Ակիկո Հիկիի)

Որքանով մեզ հաջողվեց պարզել՝ Հայաստանի մասին լույս տեսած ճապոներեն առաջին գիրքը Ֆրիտյոֆ Նանսենի «Կովկասի միջով»-ն է, որ հրատարակվել է Տոկիոյում, 1942-ին: Ինչ վերաբերվում է հայ գեղարվեստական գրականությանը, ապա այն ճապոներեն թարգմանվել է հիմնականում ռուսերենց: Առաջին հայ հեղինակը Նաիրի Զարյանն է, որը Հոկայդո կղզու Սապպորո  քաղաքի «Հոկայդո սինբուն» թերթի առաջարկով 1961 թվականին գրել է «Ժպտում է ձյունն սպիտակ Սապպորոյի լեռներում» վերնագրով բանաստեղծություն, որի ճապոներեն թարգմանությունը  լույս է տեսել նույն պարբերականում: Մեկ աղբյուրի վկայությամբ՝ ճապոներեն թարգմանվել է նաև Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր»-ը, որի հիման վրա նկարահանվել է ճապոնական մուլտֆիլմ (տես «Քուլիս» ամսագիր Ստամբուլ թ. 828, 15.08.1981, էջ 23): Վերոհիշյալ Հիրոշի Կիմուրան ճապոներեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի «Ախթամար» լեգենդը, իսկ Մագամի Իոսիտարոն ռուսերենից ճապոներեն է թարգմանել Վախթանգ Անանյանի «Լեռնային կածաններով» պատմվածքների ժողովածուն (1957, Տոկիո): 1984-ին Մոսկվայում «Ռադուգա» հրատարակչությունը լույս է ընծայել «Խորհրդային գրողների պատմվածքներ» ճապոներեն ժողովածուն՝ Վադիմ Պանինի կազմած, որտեղ ընդգրկել է նաև Երևանցի գրող Էլդա Գրինի (Աբրահամյան) «Իմ այգին» պատմվածքը՝ դարձյալ թարգմանված ռուսերենից:
Պատկերը նույն է նաև հակառակ ասպարեզում. ճապոնական գրականությունը հայերեն թարգմանվել է ռուսերենից: Ժամանակագրական առումով հայերենով լույս տեսած առաջին ճապոնական գրականության նմուշներն են Կիյոսուկո Ֆուկունագա «Դիտողություններ ճապոնա-ամերիկյան ապագա պատերազմի մասին» (Երևան-Մոսկվա, 1934) և Սունաո Տոկունագայի  «Անարև թաղամասը» (1937): Հետագա հրատարակչությունները եղել են ճապոնական հեքիաթներ: 1938-ին առանձին գրքույկով վերահրատարակվել են Հովհաննես Թումանյանի՝ վերոհիշյալ երկու ճապոնական հեքիաթների թարգմանությունները, ինչպես նաև «Ճապոնական երկու հեքիաթ» Սիր. Զորյանի թարգմանությամբ: 1959-ին Սերգեյ ՈՒմառյանի թարգմանությամբ լույս է տեսել «Ճապոնական հեքիաթներ» ժողովածուն: 1960-ականներին լույս են տեսել հետևյալ գրքերը՝ Տերու Տակակուրայի «Հակոնեի ջուրը» պատմավեպը (թարգմանիչ՝ Հ. Թուրշյան, 1960), Ֆումիկո Հայասիի «Վեց պատմվածք» (թարգմանիչ՝ Ռաֆայել Արամյան, 1963), Րյունոսուկե Ակուտագավայի «Թավուտում» պատմվածքների ժողովածուն (թարգմանիչ՝ Նորայր Ադալյան, 1964), Սյուուսակու Էնդոյի «Ծով և թույն» (թարգմանիչ՝ Վ. Դանիելյան, 1967), Սեիծյո Մացումոտոյի «Ստորջրյա հոսանք» (թարգմանիչ՝ Շողիկ  Սաֆարյան, 1968) և Կոբո Աբեի «Չորրորդ սառցադաշտային ժամանակաշրջանը» վիպակները (թարգմանիչ՝ Հ. Մարգարյան, 1969):
Հետագա տասնամյակներին հայերեն թարգմանությամբ  լույս են տեսել ճապոնացի գրողներ Սյուսակու Էնդոի «Ամուսնական կյանք»  (թարգմանիչ՝ Ելենա Դավթյան, 1972, վերահրատարակվել է 1997-ին), Սեիծյո Մացումոտոյի «Կետեր և գծեր» (1973), Էիսուկե Նակաձոնոյի «Արճիճը բոցերի մեջ» (վերջին երկուսի թարգմանիչ՝ Մ. Սաֆարյան, 1976) վիպակները, Յասունարի Կավաբատայի «Հազարաթև կռունկը», «Ձյունոտ երկիրը» (թարգմանիչ Մ. Զարեյան,  1978) և «Լեռան հառաչանքը»  (1981), Կոբո Աբեի «Ամրոցը» պիեսը («XX  դարի արտասահմանյան դրամատուրգիա», հատոր 1, 1983 և Կոբո Աբեի երեք վեպ («Ավազուտների կինը», «ՈՒրիշի դեմքը», «Այրված քարտեզ», 1985), այնուհետև «Տենգուի հովհարը»  (ճապոնական ժողովրդական հեքիաթներ 1990),  (ճապոնական պոեզիա) «հաիկու, տանկա» Այդին Մորիկյանի թարգմանությամբ, 1993: 1982-ին «Ուսանողի գրադարան» մատենաշարով լույս տեսած «Հին արևելքի պոեզիա» գրքում ընդգրկվել են նաև 7-12-րդ դարերի 25 ճապոնացի բանաստեղծների ստեղծագործություններ՝ Հենրիկ Էդոյանի թարգմանությամբ, իսկ 2003-ին «Նոր դար» ամսագրում (թ. 2-3) լույս են տեսել «Արդի ճապոնական տանկաներ»՝ Տիգրան Իսրաելյանի թարգմանությամբ: Այստեղ նշենք նաև, որ Կոբո Աբեի «Ավազուտների կինը» նշանավոր վեպի ներշնչանքով նկարաշար է ստեղծել ԱՄՆ-ում բնակվող հայ նկարիչ Մարտիրոս Ադալյանը: 1989-ին Երևանում հայերեն թարգմանությամբ լույս է տեսել ռուս հեղինակներ Վ. Պրոննիկովի և Ի. Լադանովի «Ճապոնացիները (ազգահոգեբանական ակնարկեր)» ճանաչողական բնույթի գիրքը:
Հայ-ճապոնական առնչությունների մեջ զգալի է Նաիրի Զարյանի  (1900-1969) ավանդը, որը 1961-ին ճանապարհորդել է Ճապոնիայում, գրել է «Այնտեղ ծաղկում էր բալենին. ճապոնական տպավորությունները» ընդարձակ ուղեգրությունը, որտեղ բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ կան ճապոնական իրականության ամենատարբեր կողմերի (պատմություն, գրականություն, մշակույթ) վերաբերյալ**: Նաիրի Զարյանը ռուսերենից թարգմանել և հրատարակել է «Հաիկուներ և տանկաներ. ճապոնական կլասիկ պոեզիա» (1965) և «Ճապոնական ծաղկեփունջ» (1966) բանաստեղծական ժողովածուները՝ առաջին անգամ հայ ընթերցողին լայն պատկերացում տալով ճապոնական դասական քերթության վերաբերյալ: Այս թարգմանություններով ներշնչված մի շարք հայ բանաստեղծներ ստեղծագործություններ են գրել ճապոնական դասական պոեզիայի նմուշների՝ հաիկուների և տանկանեի ձևապատկերային օրինակով:
Երվանդ Պարսումյանի «Արևորդիները (վերադարձ արմատներուն)» վեպը (Բեյրութ 1994) հայ-ճապոնական առնչությունների մի հետաքրքիր դրվագ է: Վեպի հերոսը հայ հոր և այնու մոր զավակ ճապոնացի Նինիկի Թորոն է (Թորոյան), որը դիպվածով դառնում է մի հայ բժիշկի խնամյալը և նրա հետ զրույցներից նրա և իր որդու՝ Սուրենի մեջ արթնացնում է հայկական արյունը: Հատկանշական է, գրքում հիշված բոլոր դեպքերը տեղի են ունեցել իրականում:
Հայաստանում առաջինը ճապոներենից գեղարվեստական թարգմանություններ կատարել է Հեղինե Հայրապետյանը***: Ճապոնուհի Ակիկո Հիկին 1998-2002 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում: Դիպլոմային աշխատանք է պաշտպանել «Պատմականությունը Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպում» թեմայով****: Ակիկո Հիկին որոշ թարգմանություններ է կատարել ճապոներենից հայերեն և հակառակը: Մասնավորապես նա հայ ընթերցողին է ներկայացրել Սաիսեի Մուրոյի, Կոտարո Տակամուրայի, Սյուտարո Տանիկավայի, Այկիկո Յոսանոյի և Մածի Տավարայի բանաստեղծությունները (տես «Գարուն», 2003 թ. 6): Այկիկո Հիկին 2001-ին հայերեն զեկուցմամբ հանդես է եկել Երևանում կայացած «Թարգմանությունը որպես մշակույթի երկխոսության բանալի» միջազգային գիտաժողովում և արժանացել Հայաստանում քրիստունեության ընդունման 1700-ամյակի միջոցառունմերի հանձնախմբի պարգևին: 2000թ. Երևանի հումանիտար ինստիտուտում 1996-1999 թթ. դասավանդած ճապոնուհի դասախոս Ֆուջիտա Մասակոն Տոկիոյում հրատարակել է հայ բանաստեղծների երկերն ընդգրկող 15 էջանոց մի ճապոներեն գրքույկ: Այնտեղ ընդգրկված են Նահապետ Քուչակի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի և Համո Սահյանի բանաստեղծությունները (ընդհանուր թվով՝ 15 բանաստեղծություն): Թարգմանությունները կատարել են Ակիկո Հիկին և Ֆուջիտա Մասակոյի ուսանողները (Լիգիա Հկոբյան, Կարինե Հարությունյան, Արմինե Պետրոսյան, Իրինա Մինասյան, Նարինե Ղազարյան, Նաիրա Գրիգորյան, Էլինա Մկրտչյան, Քրիստինա Մինասյան, Գայանե Սարգսյան և Վարդիթեր Հարությունյան): Վերջին տարիներին մի շարք ճապոնագետ հայերի և հայագետ ճապոնացիների ի հայտ գալը հույս է ներշնչում, որ մոտ ապագայում հայ գրականությունն ըստ արժանվույն կարող է ներկայանալ ճապոնացի գրքասեր հասարակությանը: Առաջին քայլերը արդեն անում է երիտասարդությունը: Այսպես, 2001 թ. Մոսկվայում կայացած երեխաների ճապոներենի մրցույթի հաղթող Լևոն Մալխասյանը պարգևատրվել է 2 շաբաթվա Ճապոնիա ճանապարհորդությամբ և վերադառնալուն պես թարգմանել էր նվեր ստացած Կանեկո Միսուձուի բանաստեղծությունների շարք, որը տպագրվել էր «Գրական թերթում» (14.02.2003): Բացի դրանից Հումանիտար ինստիտուտի ուսանողները ճապոներենից թարգմանել և հրատարակման են պատրաստել 20 ճապոնական հեքիաթ:

Գիտական-մշակույթային առնչություններ

ճապոնացի հայագետներ

Ժամանակի ընթացքում երկու ժողովուրդների մեջ եղած սահմանափակ գործարար կապերը լրացվել են նաև հոգևոր առնչություններով, որոնք մեծ նշանակություն են ունեցել ստեղծագործական շփումների համար և առիթ են տվել երկու ժողովուրդների կյանքի գործունեության ուսումնասիրության. հնարավորություն է ստեղծվել գեղարվեստական գործերի, թարգմանությունների և ուսումնասիրությունների ստեղծման, մշակույթների փոխադարձ հարստացման համար:
Դեռևս 1902 թ. սեպտեմբերին Էջմիածնի Մայր Աթոռ է ժամանել և մի քանի օր հյուր է մնացել ճապոնացի երիտասարդ պարոն Ինյուենորը հետաքրքրվել է հայ եկեղեցու պատմությամբ («Արարատ», Էջմիածին, 1902, սեպտեմբեր-հոկտեմբեր, էջ 861): Ճապոնացի խոշոր գիտնական (բնագետ, միկրոկենսաբան, անտրոպոլոգ) և լեզվաբան Կումագուսու Մինակատան (1867-1941) ութ տարի բնակվել է Լոնդոնում և առաջին ճապոնացին է, որ տիրապետել է հայոց լեզվին: Մեր օրերում բանասեր Սեիծի Կիտագավան անդրադարձել է Կիրակոս Գանձակեցու և Վարդան Վարդապետյանի պատմագրություններում բուդդայականության վերաբերյալ հիշատակություններին*****:
Յամանասի Գակուին համալսարանի դասախոս, սանսկրիտի և հնդեվրոպական լեզուների մասնագետ ուսուցչապետ Նոբուո Սատոն հիմնել է հայագիտական կենտրոն, Տոկիոյում հրատարակել «Հայով լեզվի քերականություն»  (1986), «Հայաստան. երկիր մարդկային ծնունդների ու աղետների» (1989), «Լեռնային Ղարաբաղ: ԽՍՀՄ ազգային հարցեր և Հայաստան» (1989), «Գրաբար» (1995) գրքերը և թարգմանել է «ՀՀ  Սահմանադրություն»-ը (1999):
Տոկիոյում գործող ճապոնա-հայկական բարեկամության ընկերության (JAFA) հիմնադիր տնօրեն Հիդեհարու Նակաձիման 1980-ից պարբերաբար այցելում է Հայաստան և հայ ժողովրդի հրապարակումների և գրքերի հեղինակ է: Նրա «Հայաստան. հուսո կայծեր» (1990)  գիրքն ընդգրկում է հայոց համառոտ պատմությունը՝ սկզբից մինչև Մեծ Եղեռնը: Պարոն Նակաձիման 1990 թվականից հրատարակում է «Արարատ բանբեր» (ընդամենը մինչև 2004 թ. վերջը դուրս է եկել 37 համար), 1991 թվականից՝ «Արաքս» (ընդամենը 47 համար), պարբերականները կազմակերպել և անցկացրել է 31 դասախոսություն Հայաստանի մասին: 1997 թ. հրատարակել է «Հայաստան» գիտական հանդեսը և հայասեր գործունեություն է ծավալել: 1993 թ. Միության համաժողովին մեծ շուքով կայացել է Միության անդամ Յուկիո Ֆակուդայի կողմից գերմանենից թարգմանված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի շնորհանդեսը: JAFA –ի ինտերնետային էջում կարելի է ձեռք բերել Հայաստանի մասին բազմազան տեղեկություն:
1991-ին լույս է տեսել Յուկիո Ֆուձինոյի «Ողբերգական Հայաստան» գիրքը, որտեղ տրված է հայոց պատմության ընդհանուր ակնարկ, իսկ վերջին մասում՝ «Հայերի ինքնությունը», տրված են գրողներ Կոստան Զարյանի, Ուիլյամ Սարոյանի և Մայքլ Առլենի կենսագրությունները:
1998 թ. սեպտեմբերին Հայաստան են այցելել մի խումբ ճապոնացի հետազոտողներ (պատմաբաններ, ճարտարապետներ, ֆիզիկոսներ, սեյսմոլոգներ)՝ Տոկիոյի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Սիրո Սասանոյի գլխավորությամբ: Հատուկ հաշվետվություններից բացի պրոֆեսոր Սասանոն իր ուսումնասիրության արդյունքներն է ներկայացրել հայ-ճապոնական միության ժողովում, ինչպես նաև հանդես եկել հոդվածով «Ասահի գրաֆ» ամսագրում: Այդ թվականից պրոֆեսոր Սասանոն գրեթե ամեն տարի այցելում է Հայաստան: Նա մասնավորապես հետաքրքրված է հայ ճարտարապետությամբ և հին հուշարձանների սեյսմոկայունությամբ:
Ճապոնացի պատմաբան Տակայուկի Յոսիմուրան մի քանի տարի ուսանել է Երևանում, տիրապետում է հայոց լեզվին և ուսումնասիրության առարկա է դարձրել Խորհրդային Հայաստանի պատմության վաղ շրջանը: 2003-ի սեպտեմբերին Երևանում կայացած «Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները» համաժողովում ներկայացվել է «Հայ հեղափոխական Դաշնակցությունը Խորհրդային Հայաստանում 1920-1923թթ.» զեկուցումը: 2003-ին լույս է տեսել Կացումորի Իծիկավայի «Գնչուների եկած ճանապարհը» աշխատությունը, որը բաղկացած է երկու մասից՝ «Այցելություն Հայաստանի գնչուներին» և «Հնդկաստան. գնչուների հայրենիքը»: Առաջին գլխում ճապոնացի հեղինակը մանրամասն տեղեկություններ է տալիս հայ բոշաների ազգագրական խմբի մասին:
2004-ին լույս է տեսել նաև, Աիծի Սանգյո համալսարանի իրավունքի պրոֆեսոր Հիրոյոսի Սեգավայի «Հայերի մոռացված ցեղասպանությունը» գիրքը, որի համար հեղինակն ընտրվել է Հումանիտար գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամ:
Միևնույն ժամանակ, Ճապոնիան դարձել է որոշ հայազգի գիտնականների հետազոտությունների թեման: Որպես օրինակ կարելի է նշել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պատմության, ազգագրության, աշխարհի ժողովրդների հնագիտության մասնագետ, խոշոր գիտնական Սերգեյ Ալեքսանդրի Հարությունովին  (1932), որն,  որպես Ճապոնիայի վերաբերյալ բազմաթիվ հետազոտությունների հեղինակ, ճանաչված է ինչպես Ռուսաստանում, այնպես և Ճապոնիայում: Հարությունովը ծնվել է Թբիլիսիում, աշխատում է Մոսկվայում, բայց չմոռանալով Հայաստան իր հայրենիքը, հաճախ գալիս է Երևան և պետհամալսարանի պատմության ամբիոնում դասախոսություններ է կարդում, ղեկավարում գիտական աշխատանքները, համագործակցում գիտնականների հետ:
Մոսկվայի ճարտարապետական համալսարանում դասավանդում է դոցենտ, նկարիչ Ռոզա Անիսոնյանը, որը մասնագիտացել է ճապոնական արվեստի, մասնավորապես իկեբանայի և այգիների ճարտարապետության գծով: Նա հայրենի Երևանի քաղաքացիներին 1991թ. հունվարին ճապոնական արվեստը ներկայացնելով կարդացել է «Ճապոնական այգիներ» և «Ներքին այգիներ» թեմաներով դասախոսություններ, ներկայացրել է իկեբանայի իր ցուցահանդեսը:
Բացի դրանից, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի «Հանդեսում»  (2004, թ. 3) լույս է տեսել նույն ինստիտուտի դոցենտ Ալլա Դանիլովայի «Ճապոնական քնարական կոնցեպտուալ շեշտադրումները» ուսումնասիրությունը:
Ավելացնենք նաև, որ Երևանի Մատենադարանի ցուցասրահում այլալեզու ձեռագրերի մեջ ցուցադրվում է նաև մի ճապոներեն ձեռագիր գիրք (Հոկուսայի, պատկերագիրք գրված 1812թ.:)
Կան նաև փաստեր հայ-ճապոնական տարաբնույթ շփումների վերաբերյայլ:
Ճապոնական կանացի օպերային հիմնադիրներից է նախկին ռուսաստանցի երգչուհի Օլգա Կարասուլովան (Կարասուլյան, 1886-1977 թթ.), որին աշակերտել են մի շարք ճապոնացի օպերային երգչուհիներ, և որը նպաստել է հայ-ճապոնական մշակույթային կապերի հաստատմանը******:
1933 թ. տվյալով Ճապոնիայի Տոկիո, Կոբե և Յոկոհամա քաղաքներում ապրել են 35 հայ  (տե՝ս Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվ, Պֆոնդ 409, ցուցակ 1, գործ 4732, էջ 4): 1951թ. տվյալներով Ճապոնիայում ապրել է 5-6 հայ ընտանիք, 1962թ. տվյալով 10 հայ ընտանիք, հիմնականում՝ առևտրականներ:
Այսօր էլ փոքրաթիվ հայ համայք գոյություն ունի Ճապոնիայում, 50-60 հոգուց բաղկացած, որի մեծ մասը բնակվում է Տոկիոյում: Նրանց մեջ կան նաև Հայաստանից արտագաղթածներ: Երևանցի Արամ, Արմեն և Լևոն Սարգսյան եղբայրները 10 տարեկանից ինքնուրույն սովորել են ճապոներեն և չիներեն, 1988-ի երկրաշարժից հետո որպես թարգմանիչ աշխատել Հայաստան օգնության եկած ճապոնացիների և չինացիների հետ կատարել թարգմանություններ և կազմել հայերեն-ճապոներեն ու ճապոներեն-հայերեն փոքրիկ բառարան:Սարգսյան եղբայրներն այժմ բնակվում են Ճապոնիայում և Չինաստանում:
Ճապանա-հայկական բարեկամության ընկերության նախագահ պարոն Նակաձիմայի կինը՝ ծնունդով երևանցի Մելանյա Բաղդասարյան-Նակաձիման, Երևանի պետհամալսարանի շրջանավարտ է, դասեր է տալիս հայերեն սովորել ցանկացող ճապոնացիներին…
Ճապոնահայերի մասին խոսելիս հարկ է հիշատակել նաև ամերիկահայ մի մարզիկի: Ամերիկյան իրականության մեջ արևելյան մարտարվեստի հիմնավորումը ու նաև այդ թեմայով առաջին վավերագրական ֆիլմերի նկարահանումը կապված է նրա՝ Էնթընի Միրաքյանի անվան հետ: Նա զորակոչվելով ամերիկյան բանակ, հայտնվել է Ճապոնիայում: Երբ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը տեղակայվել եմ ճապոնական Օկինավա կղզում, զինվորական ծառայությամ մեջ գտնվող Միրաքյանը աշակերտել է գուձյու-րյու կարատեի հայտնի վարպետ Մեյտոկու Յագիին, դարձել է Արևմուտքում Մեյտոկու Յագիի մոտ սովորած առաջին ուսանողը և առաջին սև գոտի ստացողը: Նրա ուսուցիչ Մեյտոկու Յագին Միրաքյանին նշանակել է Մեյբական ֆեդերացիայի ղեկավար՝ Ճապոնիայից դուրս: Ֆիդայի հոր զավակին այսպիսով վիճակվել էր դառնալ կարատե-դոյի ռահվիրան ամերիկյան իրականության մեջ…
Ճապոնացիները հետաքրքրություններին են աժանացրել ոչ միայն հին այլև ժամանակակից հայ մշակույթը՝ գրականությունը, երաժշտությունը, կինոարվեստը: Այսպես 1996թ. Տոկիոյում մեծ հաջողություն ունեցավ աշխարհահռչակ կինոռեժիսոր Փարաջանովի նկարների և կոլաժների ցուցահանդեսը: 1995-ին Յամագատա քաղաքում կայացած փաստագրական կինոյի փառատոնին մասնակցել է հայ կինոյի նշանավոր ռեժիսյոր Արտավազդ Փելեշյանը, որի ստեղծագործությունները բարձր գնահատական ստացան, ինչի մասին վկայում են «Կինեմա ջումայու», «Յուրիինա» ճապոնական ամսագրերում տպագրված ծավալուն հոդվածները:

*Բամբուկից պատրաստված խողովակ ջրի համար, որը դատարկվելիս նուրբ ձայն է արձակում
** Նաիրի Զարյան Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 6, Երևան 1964, էջ 381-614
***Ճապոնական հեքիաթներ և մանրապատումներ. «Աստղիկ» թարգմանական հանդես, 1991թ. 4. էջ, 176-180
****Տես նրա «Պատմական դեմքերը Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպում» հոդվածը «Հայկազեան հայագիտական հանդես» հտ. ԻԲ. Պէյրութ, էջ 233-246:
*****Տես Սեիծի Կիտագավա, հայ միջնադարյան գրականությունը բուդդայականության մասին Հայ միջնադարյան գրականության միջազգային գիտաժողով, Երևան, 15-19 սեպտեմբերի 1988, զեկուցումների դրույթներ, Երևան, 1986, էջ 92
******С.С.Мамулов, Удивительный народ из страны чудес, Москва, 1997, с. 316.