24.02.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւՃապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ ջանքերով իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավում» ծրագրի շրջանակներում 2020 թվականի փետրվարի 11-22-ը Ճապոնիայում վերապատրաստվում էր ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների վեց ներկայացուցիչ, չորս լրատվամիջոցի չորս լրագրող: Խմբի ղեկավարը ԱԻՆ փոխնախարար Արկադի Բալյանն էր։ Սա այս ծրագրով արդեն երրորդ վերապատրաստումն էր։
Առաջին երկուսը անցկացվել են 2019 թվականին՝ Երեւանում։
Աղետների ռիսկի նվազեցումը, կառավարումը, այդ թվում՝բնակչության ուսուցումը, ճգնաժամային հաղորդակցությունն ու հանրային իրազեկումը, Ճապոնիայի համար կենսական նշանակություն ունեն․ ավելի քան 6 800 կղզու վրա (377 944 քառ կմ) տարածված Ճապոնիայում երկրակեղեւի ավելի քան 2000 խզվածք կա, 670 հազար ռիսկի գոտի, աշխարհի երկրաշարժերի 20 տոկոսը տեղի է ունենում Ճապոնիայում, աշխարհի ակտիվ հրաբուխների 70 տոկոսը Ճապոնիայում է, ջրհեղեղներ, սողանքներ, հորդ անձրեւներ ու նման երեւույթներ հաճախ են լինում։ Ռիսկերի նման առատության արդյունքում է, որ Ճապոնիան ճգնաժամային հաղորդակցության ու հանրային իրազեկման հաջողված ու հարուստ փորձ ունի։
Օրինակ քաղաքացիներին սողանքներից ճիշտ պաշտպանելու համար սողանքների բաժանում են արել․ արագ փլուզում, ջրացեխային խառնուրդի հոսք՝ սելավ, հողի սահք։ Ըստ տեղացող անձրեւի ուժգնության եւ տեւողության հաշվարկներ են արվել եւ այսօր Ճապոնիայում 70 տոկոս ճշտությամբ կարողանում են կանխատեսել, թե երբ, որտեղ եւ սողանքի որ տեսակը կարող է առաջանալ։
Ճապոնիայում աղետների ռիսկի մասին խոսում են ամեն օր եւ բոլոր մակարդակներում, չեն խուսափում խոսել սեփական սխալներից ու ամեն աղետից հետո կատարելագործում են այն ինչ գիտեն, ինչ անում են՝ սկսած օրենքներից մինչեւ տեխնիկա եւ հանրային իրազեկման գործիքակազմ։ Օրինակ 1995 թվականի հունվարի 17-ին Կոբե քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հազարավոր մարդիկ զոհվեցին։ Քաղաքի բնակֆոնդը արագ վերականգնվեց, 2001-ին քաղաքում արդեն չկային ժամանակավոր կացարաններ ու 2002-ին Ճապոնիայի կառավարության միջոցներով ստեղծվեց Կոբեի «Աղետների նվազեցման եւ մարդկության նորացման ինստիտուտը» (Disaster Reduction and Human Renovation Institution՝ DRI): Ճապոնիայում նման հզոր երկրաշարժ վերջին անգամ եղել էր ավելի քան 30 տարի առաջ, մոռացել էինք աղետին պատրաստ լինելու մասին, դրա համար էլ այդքան շատ էին զոհերն ու նյութական վնասը, նշեց կենտրոնի աշխատակիցներից մեկը: Հաստատության տնօրենի տեղակալ, ծրագրերի ղեկավար Տոշիտակա Յանոի խոսքով, DRI-ին աշխատում է երեք ուղղությամբ՝աղետների ռիսկի նվազեցման թեմաներով ցուցադրությունների կազմակերպում, ֆիլմերի ցուցադրություն, գիտական հետազոտություններ, համայնքապետերի վերապատրաստումներ։ Այսօր Ճապոնիայում կա ավելի քան 80 հաստատություն, (որոնց մի մասը կից է հրշեջ ջոկատներին), որ զբաղվում է այս հարցերով։ DRI-ը միակն է, որ երեք ուղղությամբ էլ աշխատում է։ Ինստիտուտում աշխատում են Ճապոնիայի տարբեր համալսարանների 9 դոկտոր եւ նրանց ղեկավարությամբ՝ 9 հետազոտող։ Գիտական թեմաների սպեկտրն էլ բավականին լայն է՝ ոչ ավանդական անվտանգություն, աղետների բժշկություն, վիշտ եւ համայնք, տուժածներին տրամադրվող օգնության բաժանման մեթոդաբանություն եւ այլն։ DRI-ի կարգախոսն է՝ «Մենք չենք մոռացել 1995 թվականի հունվարի 17-ը»։ Կարգախոս ունեն նման բոլոր կառույցները։ Տոկիոյի հրշեջ վարչությանը կից «Անվտանգ կյանքի ուսումնական կենտրոնը» (Life Safety Learning Center) մասնագիտացած էր «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով հանրային իրազեկում եւ բնակչության ուսուցում կազմակերպելու հարցում։ Կենտրոնի կարգախոսն էր՝ «Փորձիր, զվարճացիր, սովորիր»։ Այստեղ կարելի է զգալ ուժեղ քամու, հորդ անձրեւի, երկրաշարժի, հրդեհի ծխի ազդեցությունը։ Կենտրոնը կառուցվել էր տարածքային՝ մարզային իշխանության նախաձեռնությամբ, պետական բյուջեից որոշ գումարներ էր ստանում, քաղաքների ու գյուղերի բյուջեների հաշվին բնակչության տարբեր շերտերի՝ աշակերտ, ուսանող, տարեցներ, բերում էին այստեղ «խաղալու» եւ սովորելու։ Հայկական պատվիրակությունը եղավ երկրաշարժից ցնցվող սենյակում, ծխապատ գոտում, ուժեղ քամով ուղեկցվող հորդ անձրեւի տակ։
Աղետների ռիսկի նվազեցման հարցում Ճապոնիայում համագործակցում են բոլորը՝ պետական, մարզային կառույցներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, քաղաքացիներ, մասնավոր հատված։ Օրինակ Կոբեի «Աղետների նվազեցման եւ մարդկության նորացմանի նստիտուտի» երկրաշարժի թանգարանում աշխատում էին երկրաշարժը վերապրածներ, որոնք այցելուներին պատմում էին տեղի ունեցածի մասին եւ սովորեցնում ինչպես չկրկնեն իրենց սխալները։
Հանուն աղետների ռիսկի նվազեցման բազմակողմ համագործակցության արդյունքում 2011 թվականին տեղի ունեցած երկրաշարժից հետո է ստեղծվել նաեւ LINE կորպորացիան։ LINE-ը Հայաստանի քաղաքացիներին հայտնի Viber, Whatsapp եւ նման բջջային հավելվածների ճապոնական տարբերակն է։ Այսօր Ճապոնիայի բնակչության 65 տոկոսն օգտվում է այս հավելվածից։ LINE-ը ծառայությունների մեծ շրջանակ է առաջարկում։ Օրինակ միայնակ ապրող տարեցի տանը տեղադրվում է խաղալիք հիշեցնող արջուկ, որն իրականում ուղիղ կապ է արագ արձագանքման ծառայության հետ։ Օգնության կարիք ունեցողը միայն մեկ կոճակ է սեղմում եւ մինչ մասնագետները շտապում են օգնության, տուժածի հետ մշտական կապ է պահում եւ զրուցում հատուկ վերապատրաստված փորձագետը։ LINE-ը մտադիր է նոր ծառայություն մատուցել միայնակ ապրող տարեցի (որը կարող է լսողական, տեսողական խնդիր ունենալ, սակավաշարժ լինել) զավակներին կամ ազգականներին տեղեկացնել, որ իրենց ծնողը աղետի գոտում է եւ պիտի րոպե առաջ տարհանվի։ Զավակը կամ ազգականն էլ կամ օգնության կհասնեն կամ կահազանգեն արագ արձագանքման ծառայություններին։
Մի աղետից հետո էլ՝ 2018 թվականին, Տոկիոյի համալսարանում ստեղծվել է «Աղետների կառավարման ուսումնական կենտրոնը» (Disaster Management Training Center`DMTC): Կարգախոսը՝ «Գիտելիք որոշումներ կայացնելու եւ գործելու համար»: Կենտրոնը զբաղվում է գիտահետազոտական աշխատանքներով, ներգրավված են թե բուհի դասախոսներ, թե նախկինում պետական համակարգում աղետների ռիսկերի հարցերով զբաղված բարձր աստիճան պաշտոնյաներ։ Օրինակ կենտրոնի փորձագետ Իտո Տեսուրոն ժամանակին եղել է Ճապոնիայի կառավարության աշխատակազմի ղեկավարի ճգնաժամային կառավարման հարցերով տեղակալը։ Նաեւ այս կենտրոնի մասնագետների ջանքերով մշակվել է աղետների արձագանքման մի համակարգ, որը հնարավորություն է տալիս աղետից 28 րոպե անց գումարել կառավարության արտահերթ նիստ եւ ձեւավորել օպերատիվ շտաբ։ 1995 թվականի Կոբեի երկրաշարժից հետո կառավարության նիստ է գումարվել աղետից 5,5 ժամ անց։ Մշակվել են նաեւ հանրային իրազեկման առաջին հաղորդագրության հիմնական երեք կետը․ ինչ է տեղի ունենում, ինչ է փորձում անել կառավարությունը, ինչ է ակնկալում կառավարությունը քաղաքացիներից։ Կենտրոնի դոկտոր Կիմիրո Մեգուրան վստահ է, որ կառավարությունը պիտի ամեն ինչ անի, որ բացառի «ոչ պետքական անհանգստությունը»։
Ճապոնիայում գիտեն, որ երկրաշարժը կամ ցունամին բնական երեւույթ են ու չես կարող վերացնել, բայց եթե ճիշտ ապրես, քեզ չեն վնասի։ Ճապոնիայում աղետների ռիսկի նվազեցման մասին խոսելիս նախընտրում են աղետին թշնամի ասել ու առաջնորդվել երեք պարզ սկզբունքով՝ «ճանաչիր թշնամունդ, ճանաչիր ինքդ քեզ, պատկերացրու աղետը»։ Իտո Տեսուրոյի խոսքով, մարդը չի կարող արձագանքել նրան, ինչը չի պատկերացնում։
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Տոկիո-Կոբե-Երեւան
Լուսանկարները՝ հեղինակի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության
Հ․Գ․ Նշված կառույցները կայքեր ունեն, քարոզչական բուկլետներ են տպում եւ տարածում: Այս կառույցներին պարբերաբար անդրադառնում են նաեւ տեղի լրատվամիջոցները: Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցությունն ու հանրային իրազեկումը առաջնահերթություն է ճապոնական հեռուստաընկերությունների, մասնավորաբար հանրային հեռուստաընկերության՝ NHK-ի համար։ ։
նյութը վերցված է՝ https://911tert.am