Աղետից առաջ եւ հետո պիտանի տեղեկություններ են պետք

Աղետից առաջ եւ հետո պիտանի տեղեկություններ են պետք

Share

22.03.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ջանքերով, 2019 փետրվար-2022 հունվար հատվածում Հայաստանում կիրականացվի «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման» ծրագիր, որի նպատակն է աղետների վերաբերյալ ճիշտ եւ պատշաճ տեղեկությունների տրամադրումը բնակչությանը: Իսկ սրա համար պետք է զարգացնել եւ ամրապնդել լրատվամիջոցների ճգնաժամային հաղորդակցության կարողությունները:

Ծրագրի առաջին փուլում՝ 2019 փետրվար-2020 հունվար, կմշակվի գործողությունների պլանը, երկրորդ փուլում՝ 2020 փետրվար-2022 հունվար՝գործողությունների իրականացում: Առաջին փուլում լինելու են նաեւ մասնագետների վերապատրաստման ծրագրեր Հայաստանում եւ Ճապոնիայում եւ սեմինարների շարք Հայաստանում:

Ծրագրի աշխատանքային պլանը կհաստատվի եկող շաբաթ, իսկ մինչ այդ ծրագրի փորձագետներ, հանրային իրազեկման հարցերով խորհրդատուներ, ճապոնական «ՕՅՈ» միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներ Քոիչի Շիվակուն եւ Օսամու Նիշիին հանդիպում են շահագիգիռ կառույցների ներկայացուցիչներին: Մարտի 22-ին նրանք ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում էին: Փորձագետների խոսքով, այսօր աղետից առաջ եւ աղետից հետո ավելի շատ ոչ պիտանի տեղեկություն է տարածվում, քան՝ պիտանի:

Ակադեմիայի ղեկավարությունը կարեւորում է այս ծրագիրը եւ ճապոնացի փորձագետներին առաջարկեց ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման աշխատանքներում չբավարարվել միայն ավանդական մամուլի հաղորդագրություններով,  ասուլիսներով: Աղետների մասին բնակչության իրազեկումը պետք է սկսել կրտսեր տարիքի երեխաներից: Սրա համար ակադեմիան մի շարք գործիքներ է մշակել. մուլտֆիլմեր, խոսող փրկարար-տիկնիկ, փազլներ, համացանցային խաղեր: Մշակման փուլում է բջջային հավելվածը: Աղետների տեսակների եւ դրանց դեպքում ճիշտ գործողությունների մասին «Սուպեր Դավիթ» առցանց խաղը մեկ տարում խաղացել է ավելի քան 300 000 երեխա: Եվ եթե հաշվի առնենք, որ երեխաները սովորաբար խաղի մեջ ծնողներին են օգնության կանչում, կնշանակի խաղը խաղացել է մոտ մեկ միլիոն մարդ՝ Հայաստանի բնակչության 30 տոկոսը: Սա նշանակում է, որ երկու տարում միայն այս խաղով աղետների մասին կիրազեկվի հանրապետության ողջ բնակչությունը:

Ճապոնացի փորձագետներին հետաքրքրեց ակադեմիայի մշակած գործիքակազմը: Ակադեմիայի ղեկավարությունը խոստացավ օգնել ծրագրի իրականացման ողջ ընթացքում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկար՝ ԼիլիթՆԱԶԱՐՅԱՆԻ

նյութը վերցված է՝ http://cmsa.am

շնորհակալություն Ռուզան Խոջիկյանին այս նյութը տրամադրելու համար!