30 մարտ, 2017
Տոկիոյում մարտի 19-23-ը կայացել է Միջազգային երաժշտագիտական ընկերության համաժողովը: Հինգ տարն մեկ անգամ տեղի ունեցող այս համաժողովը երաժշտագիտության բնագավառի ամենամեծ համաշխարհային իրադարձությունն է, որի ընթացքում կայանում են զանազան գիտաժողովներ՝ ամենատարբեր թեմաներով: Նախորդ համաժողովները տեղի են ունեցել Հռոմում (2012թ.), Ցյուրիխում (2007թ.) և այլն: Միջազգային երաժշտագիտական ընկերության ադմինիստրատիվ կենտրոնը գտնվում է Շվեցարիայում, սակայն նրանում ընդգրկված են աշխարհի բոլոր երկրների ներկայացնող երաժշտագետներ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը» Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկույլանը Տոկիոյում կայացած համաժողովին մարտի 21-ին կայացած Theory at Work: Scales, Intervales and Rhythmic Patterns («Տեսությունը գործում. հնչյունաշարեր, ինտերվալներ և ռիթմական նմուշներ») նիստի ընթացքում ներկայացրել է Armenian Epic Songs: Theory Conforming to Practice («Հայկական էպոսի երգերը. Տեսություն և պրակտիկա») թեմայով զեկուցով: Դասախոսության ընթացքում նա ներկայացրել է «Սասնա Ծռեր» էպոսի երգվող հատվածները, դրանց հարաբերակցությունը Կոմիտաս վարդապետի՝ հայ երաժշտության հնչյունաշարերի տեսության հետ, այնուհետև ադրադարձել համակարգչային նորագույն ծրագրերով՝ Humdrum-ով իրականացված՝ էպոսի երգերի վերլուծության արդյունքներին ու այդ արդյունքների համապատասխանությանը Կոմիտասի տեսությանը: Humdrum ծրագրով էպոսի երգերի վերլուծությունը կատարվել է Ավստրիայի Գրացի համալսարանի Սիստեմատիկ երաժշտության կենտրոնում՝ միջազգային աշխատանքային խմբով. Տաթևիկ Շախկուլյան (երաժշտագետ, Հայաստան), Ռիչարդ Փառնքութ (Ավստրալիա) և Էրիկա Բիզեզի (Իտալիա):
Մարտի 22-ին Տաթևիկ Շախկուլյանը Ճապոնիայի Կոմիտասի երաժշտական միության հրավերով (միության ղեկավար Տակահիրո Ակիբարա) դասախոսություն է կարդացել Ճապոնիայի հայկական դեսպանատանը՝ ճապոնացիներից բաղկացած լսարանի համար: Դասախոսությունը վերաբերվում էր Կոմիտասին և հայ երաժշտության մշակույթին: Վերջում լսարանը սովորել է երգել Կոմիտասի «Չինար ես» և «Հոլ արա եզո» երգերը:
նյութը վերցված է՝ goo.gl/Wi5tke