Նյութը պատրաստեց ԱՆԻ ՄԱԳՈՒՄՅԱՆ
12-12-2014
Ասում են սերը սահման չունի. չունի լեզու, չունի երկիր, չունի տարիք ու տարեթիվ: Սերն ուժ տվող այն զգացմունքն է, որն ի վերուստ է մարդկանց տրված:
Ճապոնացիների համար Հայաստանը համարվում է գեղեցկուհիների երկիր, եւ պատահական չէ, որ դարերի ընթացքում բազմաթիվ հայ-ճապոնական ընտանիքներ են ստեղծվել:
Այսօր Երեւանում բնակվում է հայ-ճապոնական մի ընտանիք, որը պատմության մեջ միակն է, որ մնացել է Հայաստանում:
Նրանց սիրո պատմությունը շատ գեղեցիկ եւ յուրահատուկ է:
Արիհիկո Հասեգավան 1996 թվականին որոշեց թողնել իր աշխատանքը Ճապոնիայում
եւ գնալ իր երազանքի հետեւից, այն է ճանապարհորդել աշխարհով մեկ: Եվ հենց ճանապարհորդության ընթացքում էլ հանդիպեց Լիլիթին:
Նա առաջին անգամ Հայաստան եկավ 2000 թվականին, հանդիպեց հայ ուսանողների, ովքեր սովորում էին ճապոներեն: Շատ տպավորվեց, որ Հայաստանում թեեւ չկար դեսպանատուն, չկար ոչ մի հեռանկար ճապոներենի հետ կապված, բայց կան ուսանողներ, ովքեր իսկապես սիրում եւ սովորում են լեզուն:
Սակայն չմնաց Հայաստանում եւ շարունակեց ճանապարհորդությունը հասնելով մինչեւ Կոլումբիա, որտեղ նրան առաջարկեցին ճապոներեն դասավանդել: Արիհիկոն սիրով համաձայնվում է, սակայն այդ տարիների ընթացքում նա չի մոռանում Հայաստանն ու հայ ուսանողներին, ովքեր հաշվի չառնելով շատ դժվարություններՙ սովորում էին լեզուն: 2006 թվականին արդեն երկրորդ անգամ նա եկավ Հայաստան:
Այդ ժամանակ Լիլիթը Հումանիտար համալսարանի ճապոներեն բաժնի առաջին կուրսում էր սովորում:
Մինչ այդ, դպրոցն ավարտելուց հետո, Լիլիթը ցանկանում էր իրավաբան դառնալ, սակայն տանը դեմ էին. մայրը խորհուրդ էր տալիս ընդունվել Հումանիտար համալսարանի ճապոներենի բաժին: Լիլիթը ընդունվում է բոլորից գաղտնի:
Որպեսզի մյուս հարազատները, ընկերները դժգոհություն չհայտնեին ոչ հեռանկարային մասնագիտություն ընտրելու համար: Եվ միայն երկու ամիս անց տեղեկացնում է իր ընտրության մասին, որը ճակատագրական եղավ Լիլիթի համար:
Եվ երբ Արիհիկոն երկրորդ անգամ գալիս է Հայաստան, նա այդ ժամանակ արդեն գիտեր այն ուսանողների մասին, ովքեր սովորում էին ճապոներեն: Նա ցանկանում է հանդիպել նրանց հետ, իսկ Լիլիթն ու իր համակուրսեցիները սիրով համաձայնվում են: Ամենօրյա հանդիպումների ընթացքում նրանք մտերմանում եւ դառնում են լավ ընկերներ:
Սակայն Արիհիկոն այս անգամ դարձյալ չմնաց Հայաստանում:
Մեկնելուց հետո նա ընդհանուր թեմայով (որը շատ հետաքրքրական անվանում ունիՙ «Երեւան նո Յակուձա » (թարգմանաբար նշանակում է Երեւանյան Մաֆիոզներ) նամակագրական կապ էր պահում հայ ուսանողների հետ:
2009 թվականին Հասեգավան երրորդ անգամ եկավ Հայաստան, այս անգամ արդեն երկար ժամանակով: Նա ցանկանում էր Հայաստանում ճապոներեն դասավանդել:
Լիլիթն արդեն ավարտել էր համալսարանը, սակայն զգում էր, որ գիտելիքները բավարար չեն:
Նա խնդրում է Հասեգավային մասնավոր պարապել իր հետ:
Անցնում է որոշ ժամանակ, եւ պարապմունքներից զատ նրանք սկսում են հանդիպել:
Իսկ արդեն 2011 թվականին, Լիլիթի ծննդյան օրը, Արիհիկոն նվիրում է նրան նկար` Լիլիթի դիմանկարը, որը նկարել էր հենց ինքը, եւ առաջարկում պաշտոնականացնել իրենց հարաբերությունները: Երեք ամիս հետո նրանք նշանվում են, այնուհետեւ ամուսնանում եւ որոշում միասին ապրել Հայաստանում:
Այդ ժամանակ Արիհիկոն արդեն դասավանդում էր: Նրա համար աշխատանքը Հայաստանում շատ ավելի հետաքրքրական է ու հանգիստ, քան Ճապոնիայում:
Արիհիկոն Լիլիթի ընտանիքը համարում է նաեւ իրենը, նրա համար դժվար չէր մնալ Հայաստանում:
20014 թվականիկն նրանք ունեին մեկ տարեկան որդի` հրաշք Արենը: Արիհիկոյի համար Արենի ծնունդը շատ բան է փոխել: Նա ավելի շատ է ժամանակ անցկացնում ընտանիքի հետ: «Հիմա այնպիսի ուրախություն, երջանկություն եմ զգում: Արենի ժպիտը, կամ յուրաքանչյուր փոքրիկ ձեռքբերում այնպիսի ուրախություն է ինձ համար, որը առաջ չկար», ժպիտով ասում է նա:
Լիլիթը համակարծիք է. «Արենի ծնվելուց հետո ես ավելի շատ սկսեցի գնահատել ընտանիքը: Հարազատներիս հետ անցկացրած ժամանակը ինձ համար շատ ավելի կարեւոր է, քան որեւէ բան»:
Արենի դաստիարակությամբ հիմնականում զբաղվում են Լիլիթը, նրա մայրն ու տատիկը, այդ պատճառով Արենը ավելի հայեցի է դաստիարակվում: Իհարկե Արիհիկոն էլ իր հերթին Արենի հետ խոսում է ճապոներեն, մի քիչ մեծանաՙ ճապոնական ուտելիքներ էլ կտա:
Սակայն նրանց համար շատ ավելի կարեւոր է, որ Արենը որպես մարդ դաստիարակվի այնպես, որ եւ Հայաստանում, եւ Ճապոնիայում խոչընդոտներ չլինեն նրա համար:
Արիհիկո Հասեգավան Հայաստանում Ճապոնացիների ասոցիացիայի նախագահն է, ճապոներեն լեզվի դասախոս է Լեզվաբանական համալսարանում, նաեւ օգնում է Հայաստանում ճապոնական դեսպանատանը: Լիլիթը Ճապոնիայի դեսպանատան օգնական է, նաեւ ճապոներենի թարգմանչուհի:
Հասեգավան տարբեր ծրագրեր ունի Հայաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները էլ ավելի ընդլայնելու, ամրապնդելու համար: Ճապոնիայի կառավարությունն էլ իր հերթին տարբեր ծրագրեր է իրականացնում այստեղ:
Հինգ տարի առաջ գալով Հայաստան Հասեգավան ճապոնական գրադարան էր բացելՙ համագործակցելով «Հայաստանին գիրք ուղարկող» ասոցիացիայի հետ: Ինչինչ պատճառներով գրադարանը փակվեց եւ Արիհիկոն այդ գրքերի մի մասը նվիրեց ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնին, Ազգային գրադարանին ու Եվրոպական համալսարանին:
Արիհիկոն այժմ էլ շարունակում է համագործակցել նույն ասոցիացիայի հետ, սակայն արդեն վերանվանված: Այժմ այն կոչվում է «Հայաստանի հետ բարեկամական կապերի» ասոցիացիա: Նրանք համատեղ ջանքերով փորձում են տարբեր ծրագրեր իրականացնել, այդ թվումՙ հանրակրթական դպրոցների հետ:
Ծրագրեր կան ուսանողների փորձի փոխանակման, որպեսզի ճապոնացի ուսանողները գան Հայաստան, իսկ հայ ուսանողները մեկնեն Ճապոնիա:
2013 թվականին առաջին քայլը կատարվեց, եւ հայ երկու ուսանողներ 10 օրով մեկնեցին Ճապոնիա:
Ծրագրերը շատ են, եւ Լիլիթն ու Արիհիկոն օգնում են միմյանց յուրաքանչյուր հարցում, թե որպես ամուսիններ, թե որպես գործընկերներ:
Նպատակ ունեն ոչ մշտական բնակության համար մի քանի տարի հետո գուցե մեկնել Ճապոնիա, որպեսզի ծանոթանան Ճապոնիայի կյանքին եւ իհարկե փոքրիկ Արենին ցույց տան իր հոր հայրենիքը:
Արիհիկոն ունի հայ ընկերներ, բավականաչափ տիրապետում է հայերենին եւ ազատ շփվում: Նրա համար Լիլիթը ամենալավն է: Նրա մեջ ամենաշատը գնահատում է այն, որ ամուսնությունից երեք տարի է անցել, սակայն Լիլիթը չի փոխվել, նա բնավորությամբ հանգիստ է, հավասարակշռված:
Իսկ Լիլիթը Արիհիկոյին սիրում է այնպես, ինչպես կա:
Սիրո վեհ զգացմունքը շատերն են փորձել գովերգել` թե երաժշտության, թե գրականության, թե նկարչության միջոցով: Սակայն այդ զգացմունքը յուրաքանչյուրն ապրում ու զգում է յուրովի:
Այն սերը, որ մենք զգում ենք դեպի մեր սիրած էակը, եւ նույն զգացմունքը ստանում նրանից, Աստծո կողմից մարդկությանը տրված մեծագույն պարգեւն է: Եվ հազար երանի այն մարդուն, ով սիրում է եւ սիրված է:
նյութը վերցված է՝ http://www.azg.am/AM/2014121227