Ճապոնացի պարոն Հասեգավան արդեն 5-րդ Ամանորն է դիմավորում Երևանում

Ճապոնացի պարոն Հասեգավան արդեն 5-րդ Ամանորն է դիմավորում Երևանում

Share

02.01.2015

Ճապոնացի Արիհիկո Հասեգավան արդեն  5 տարի է ապրում  է  Երևանում: 2000 թ.-ին որպես զբոսաշրջիկ Հայաստան եկած Արիհիկոն զարմացել էր, թե ինչպես երկրում, որտեղ ընդամենը մի քանի ճապոնացի է ապրում, երիտասարդները մեծ հաճույքով սովորում են ճապոներեն:
«14 տարի առաջ Հայաստան եկա՝ որպես զբոսաշրջիկ, այդ ժամանակ շատ էի ճանապարհորդում: Այստեղ պատահաբար հանդիպեցի ուսանողների, որոնք ճապոներեն էին սովորում: Տպավորվեցի, որ այսքան շատ էին ուզում ճապոներեն սովորել: Վերադարձա Ճապոնիա ու այնտեղից էլ երկու տարի անց Լատինական Ամերիկա՝ դասավանդելու ճապոներեն: Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց դասախոսի աշխատանքը շատ հավանեցի: 3 տարի Ամերիկայում աշխատելուց հետո նորից եկա Հայաստան՝ նորից որպես զբոսաշրջիկ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վարժ հայերենով պատմեց Արիհիկոն:

Hasegava 2

Լատինական Ամերիկայից վերադառնալուց հետո ճապոնացին որոշեց տեղափոխվել Հայաստան ապրելու: Այստեղ արդեն նա դիմեց Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան՝ ճապոներեն դասավանդելու համար:
«Երբ ութ տարի առաջ Հայաստան եկա, հանդիպեցի կնոջս՝ Լիլիթին, որը մեկ տարի էր, ինչ ճապոներեն էր սովորում, ընկերացանք, բայց ամուսնացել ենք 3 տարի առաջ»,- ավելացրեց նա:

hasegava 3

Արիհիկոյի և Լիլիթի փոքրիկը 1 տարեկան է, ծնողների պնդմամբ՝ և հայերեն է լավ հասկանում, և ճապոներեն: Փոքրիկ Արենի առաջին գիտակցական Նոր տարին է, որը ինչպես նախորդ տարիներին նշել են հայկական ավանդույթներով, իսկ մեկ օր էլ տրամադրել մոծի պատարստելուն:
«Հայկական Ամանոր ենք նշում, բայց հունվարի 7-8-ին էլ ճապոնական մոծի ենք պատրաստում: Մեծ ամանի մեջ լցնում ենք բրնձի ալյուր, որը հատուկ գործիքով սկսում ենք ծեծել, այնուհետև դրանից արդեն բլիթներ ենք պատրաստում: Իսկ առհասարակ, Ճապոնիայում Ամանորի գիշերը նաև տոսի-կոսի սոբա ենք պատրաստում, դա ճապոնական լապշա է, որն ուտում են հենց կեսգիշերին, երկարակեցության նշան է: Սովորաբար, Ամանորի գիշերը ճապոնացիները գնում են տաճար ու աղոթում, որ տարին հաջող լինի: Կան մարդիկ, որոնք էլ բուդդայական տաճար են գնում, որտեղ յուրաքանչյուրը մեկ անգամ հարվածում է զանգին և այսպես 108 զանգ է հնչում:
Մեզ մոտ կարծիք կա,  որ մարդն ունի 108 վատ միտք, իսկ այդ զանգերով դու վանում ես այդ մտքերը»,- ճապոնական ավանդույթները ներկայացրեց Արիհիկոն:

Hasegava 4

Ճապոնիայում «Ձմեռ պապ» հասկացություն չկա, մարդիկ երեխաներին օտոսիդամա են տալիս՝ գումար: Այնուամենայնիվ, Արիհիկոյին դուր է եկել տոնածառի տակ նվերներ դնելու՝ հայերի սովորույթը և փոքրիկի համար նվեր է պատրաստել:
«Հայկական Ամանորը շատ եմ հավանում, բայց չեմ սիրում, երբ այդքան շատ են ուտում: Ուզնում ես, ասում են՝ կեր, հայերեն ով ասում եմ՝ չեմ ուզում, բայց մեկ է՝ ստիպում են»,- ծիծաղելով ասաց նա:
Այս տարի Հայաստանում արդեն պաշտոնապես կբացվի Ճապոնիայի դեսպանատունը, Արիհիկոն մեծ հույս ունի, որ դրանից հետո հայերն ու ճապոնացիներն ավելի ակտիվ կհամագործակցեն:
«Հայաստանից գնալու մասին ընդհանրապես չեմ մտածում»,- վերջում ավելացրեց Արիհիկո Հասեգավան:

Hasegava 5

նյութը վերցված է՝ http://news.am/arm/news/245591.html