11.08.2015 Նավասարդի տոնն է. Հայկական տոմարով 2015թվականին սկսվում է  4507 թվականը

11.08.2015 Նավասարդի տոնն է. Հայկական տոմարով 2015թվականին սկսվում է 4507 թվականը

Share

Ըստ ավանդության Հայկ Նահապետը, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարատի երկիրը: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարատի երկիր: Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում: Մ. թ. ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին սկսվում է ահեղ ճակատամարտը: Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում:
Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 ուստրերի և դուստրերի անուններով: Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք դաստակերտը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ սպանվել է Բելը՝ Գերեզմանք:
Հայկի սերունդը նրա անունով կոչվել է Հայկազունք, Հայկազարմք, Հայք, իսկ երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի անվանադիր նախնին է և ռազմի գերագույն աստվածը: Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն է։ Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»։
Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով՝ խրախճանքներով ու տոնախմբություններով: Նոր տարին սկսվում էր նավասարդի (օգոստոս) մեկից և տևում մեկ շաբաթ: Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին: Նավասարդի կամ Ամանորի աստվածը հայ դիցաբանության մեջ համարվում էր պտուղների պահապանը և մարդկանց կերակրողը։ Նրա արձանը գտնվում էր Բագավանում, որը հեթանոս հայերի նշանավոր ուխտատեղիներից մեկն էր։ Այստեղ կառուցված էր մի առանձին հյուրանոց, ուր պատսպարան էին գտնում և կերակրվում օտարական անցորդները և եկվոր ուխտավորները։
Տոնակատարությանը ներկա էր լինում թագավորն իր շքախմբով։ Դուրս էր բերվում նաև բանակը: Մինչև հարյուր քսան հազար զինվորականներ էին մասնակցում։ Այդ օրը Արածանի ափին կարելի էր տեսնել գույնզգույն վրաններ, գետափն ստանում էր վրանաքաղաքի տեսք՝տարածվելով դաշտերի և բլուրների վրա։
Ուխտավորները զոհաբերության համար բերում էին խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ, որոնց եղջյուրները ներկում էին զանազան գույներով։ Գիշերները խարույկ էին վառում, որոնց բոցերի վրայով ցատկում էին երեխաները և պատանիները, չար ոգիներից ազատ լինելու համար: Նավասարդյան տոնի առթիվ հավաքված բազմությունը իր հետ բերում էր նաև տարվա պտուղների առաջին բերքը։ Այդ ժամանակ կատարվում էին մեծահանդես արարողություններ, տեղի էին ունենում ձիարշավներ, եղջերուների վազք և բաց էին թողնում հազարավոր աղավնիներ։Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։
Կար նաև տոպրակ կախելու սովորությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն:
Նավասարդը նշվում է նաև մեր օրերում՝ Գառնիի տաճարում: Տոնակատարության ժամանակ պատրաստվում են ավանդական հայկական ուտեստներ: Տոնը ուղեկցվում է ազգային պարերով, երգերով, խաղերով ու գուշակություններով:

Artsakhpress.am

նյութըվերցվածէ   http://goo.gl/YDZov0