Հայ-ճապոնական բարեկամություն, որ սկսվել է Խորհրդային Միությունից

Հայ-ճապոնական բարեկամություն, որ սկսվել է Խորհրդային Միությունից

Share

Աննա Մուրադյան

5 հունիսի, 2014

japan arnenia frandship1

Լուսանկար. Հիդեհարու Նակաձիման, նրա կինը Մելանյա, եւ նրանց դուստր Անահիտ

Հիդեհարու Նակաձիման արդեն որերորդ անգամ Հայաստանում է, այս անգամ՝ հրավիրվելով մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հավաքին:
«1953թ. սովորում էի միջնակարգ դպրոցում: Աշխարհագրության դասին Խորհրդային Միության մասին պետք էր մի փոքրիկ ուսումնասիրություն անել, ու աշակերտները բաժանվել էին խմբերի,- «Հետքին» պատմում է Նակաձիման-մեր խմբին բաժին էր ընկել կովկասյան երկրները: Մենք ուսումնասիրեցինք լեզուն, տարազը, մշակույթը, ու ես հասկացա, թե որքան հին մշակույթ ունի Հայաստանը»:
Նակաձիմային հատկապես հետաքրքրել է հայկական տառերն ու այբուբենը, սակայն, իր խոսքով, դեռևս չգիտեր, թե որքան մեծ երկիր է եղել Հայաստանն ու ինչպես է դարձել այսքան փոքր. Ցեղասպանության մասին նույնպես ոչինչ չգիտեր:
Ճապոնիայում կա Տամագավա կոչվող հանրագիտարան, որը հրատարակվել է Տամագավա համալսարանի կողմից և առկա է յուրաքանչյուր դպրոցում: Հենց այդ հանրագիտարանից էլ օգտվել են դպրոցականները՝  քաղելու տեղեկություններ Խորհրդային Միության և, մասնավորապես, Հայաստանի մասին: Ինչպես նաև ձեռքի տակ եղել է աշխարհագրական բառարան: Այդքանով Հայաստանի հետ ծանոթությունն ավարտվել է, որը, սակայն շարունակվել է ավագ դպրոցում, երբ անցնում էին Հռոմեական կայսրության պատմությունը:
«Այնտեղ բազմիցս Հայաստանի անունը շոշափվում էր, մասնավորապես Պարսկաստանի արշավանքների առնչությամբ,- ասում է Նակաձիման- ես հասկացա, որ Միջագետքն ու Հայաստանն այն ժամանակ մեծ կարևորություն են ունեցել, ու նաև այդ ամենը եղել է Հայկական լեռնաշխարհում»:
Նակաձիման սուղ տեղեկություններից կարծիք է կազմել, որ կլիմայական և այլ տեսակետից Հայաստանի զբաղեցրած տարածքը դժվարանցանելի է եղել, մասնավորապես, տպավորվել է Լուկոլոսի արշավանքների ժամանակ զինվորների դժգոհություններն առ այն, որ լեռնային տեղանքի կամ հանկարծակի տեղացած ձյան պատճառով հնարավոր չէ առաջանալ:
«Ես հասկացա, որ պետք է մի օր գնամ Հայաստան- ասում է Նակաջիման- ու դա առաջին անգամ հաջողվեց 1980թ., երբ ղեկավարիս հետ գործուղման պիտի գնայինք Հռոմ»:
Նակաձիման այդ ժամանակ և դրանից հետո էլ ողջ կյանքում աշխատել է ճապոնական նավթային ընկերությունում, իսկ կոնկրետ այդ ճանապարհորդության ժամանակ, ինչպես ինքն է ժպտալով ասում, գնացել է որպես «ղեկավարի պայուսակը բռնող»: Ուղևորությունը դեպի Հռոմ պետք է կայանար Մոսկվայով, ու քանի որ մուտքը Խորհրդային Միություն ստացված էր, Նակաձիման ղեկավարին խնդրում է, որ հետ գալուց մի քանի օրով այցելի Հայաստան:
Նա Հայաստանում է լինում երկու օր: Այցելում է Էջմիածին, և չափազանց տպավորվում Հռիփսիմե եկեղեցու ճարտարապետությամբ:
«Տուֆը  որպես ճարտարապետական նյութ Ճապոնիայում էլ է օգտագործվում, և մենք ունենք հրաբխային ծագում ունեցող կանաչ տուֆ- ասում է նա-իսկ Լենինի հրապարակը բոլորող տուֆե բոլոր շենքերը օրվա ժամից և լուսավորությունից կախված՝ տարբեր երանգներ էին ստանում, և դա շատ տպավորիչ ու գեղեցիկ էր»:
Նակաձիման նաև կարդացել էր, որ Հայաստանը գետերի ու սարերի երկիր էր ու դրանք, իր խոսքով, շատ հոգեհարազատ են ճապոնացիների համար:
«Առաջին այցը առիթ դարձավ, որպեսզի ծագեն բազում մտադրություններ նորից հետ գալու և ոչ միայն հենց Հայաստան, այլ Հայկական լեռնաշխարհի տարածքում գտնվող քաղաքներ, և անպայման այդ ամենը ներկայացնել Ճապոնիայում- ասում է նա- և այդ երազանքնրի շարանը առաջացավ հենց առաջին այցից հետո»:
Հաջորդ տարիներին նա Թուրքիայով գալիս է Հայաստան՝ 1984-1987թթ.՝ անցկացնելով 5 օր Թուրքիայում և 7 օր Հայաստանում: Չափազանց տպավորիչ էր սահմանահատումը, որտեղ անցել է երկարատև  ու բարդ ստուգումներ, նաև Գյումրի մտնելու համար գնացել է Թիֆլիս, հետո այնտեղից եկել Գյումրի:
Արևմտյան Հայաստանում Նակաձիման եղել է Ղարսում, Անիում, Իգդիրում, Բայազետում, Վանում, Բիթլիսում, Մուշում և Խարբերդում: Շատ տհաճ տպավորություններ ուներ Բիթլիսի հյուրանոցից, որտեղ չի եղել անգամ սանհանգույց, որ անմիջապես լքել ու գնացել է Մուշ:
1987թ. այցելության ժամանակ, երբ եկել էր Հայաստան, ակադեմիկոս Մելիք Օհանջանյանի խորհրդով Նակաձիման այցելում է Սարդարապատի հուշահամալիր և անմիջապես հետաքրքրվում, թե էքսկուրսավարներից ով գիտի անգլերեն: Այդպես նա ծանոթանում է Մելանյա Բաղդասարյանի հետ:
«Ես այն ժամանակ ուսումնասիրում էի ռուսական հեղափոխությունն ու այդ ենթատեքստով անդրադառնում էի նաև Հայաստանին- ասում է Նակաձիման- և Մելանյան ինձ օգնում էր, մենք նամակագրությամբ շփվում էինք, ու նա ինձ օգտակար նյութեր էր տրամադրում»:
1991թ. այցելության ժամանակ Նակաձիման ամուսնության առաջրկություն է անում Մելանյային, և նրանք 1992թ. ամուսնանում են: Իսկ հարսանիքի քավորն էլ լինում է հենց Մելիք Օհանջանյանը, ով էլ Նակաձիմային խորհուրդ էր տվել այցելել Սարդարապատ:
Նակաձիման հայերեն այդպես էլ չսովորեց: Ժպտալով ասում է, որ իր թույլ տեղն է: Թեպետ ժամանակին իր ձեռքով գրած հայերենով Մարտի 8-ի բացիկ է ուղարկել ապագա կնոջը:
«Իսկ երբ Մելանյան ճապոներեն սովորեց՝ հարցը փակվեց»- ասում է նա:
Ամուսինները մեկ երեխա ունեցան՝ Անահիտը, որը խիստ անսովոր անուն է Տոկիոյում և, ընդհանուր առմամբ, Ճապոնիայում: Դուստրը հայերեն հասկանում է, սակայն վատ է խոսում: Արդեն 20 տարեկան է, ու երբ գալիս է Հայաստան՝ քիչ-քիչ խոսում է, սակայն հետ գնում ու նորից մոռանում է, քանի որ ընտանիքում ճապոներեն են խոսում, իսկ Տոկիոյում էլ հայեր գրեթե չկան:

nakajima-2   nakajima
Ճապոնիայում քիչ հայեր կան՝ ասում է Նակաձիման: Ըստ դեսպանատան տվյալների՝ ընդամենը 50 հոգի, որից Տոկիոյում են ընդամենը 15-ը: Զարմանալի փաստ, քանի որ հայերն ամենուր են, իր խոսքով Ինդոնեզիայում էլ շատ են, սակայն Ճապոնիայում չկան:
«Հավանաբար, պատճառն այն է, որ Ճապոնիան երկար ժամանակ՝ մինչև 19-րդ դարի վերջը, փակ երկիր է եղել, և միայն մեկ բաց նավահանգիստ ուներ- ասում է նա-միայն Մեյձի հեղափոխությունից հետո բացեց սահմանը աշխարհի հետ»:
«Ճապոնա-հայկական բարեկամության ասոցիացիան» հիմնվել է 1991թ., և այն օգնել է երկու երկրների միջև ջերմ հարաբերությունների ստեղծմանն ու կապերի ամրացմանը: 3-4 ամիսը մեկ անգամ հրապարակում են ճապոնալեզու «Արաքս» և «Արարատ» ամսագրեր:
Հիդեհարու Նակաձիման նաև երեք գիրք է հեղինակել Հայաստանի մասին. «Ամեն ինչ Հայաստանի մասին 65 մասում». 2009թ., «Հայաստան`հույսի ակնթարթ պատմությունում»՝ 1990թ. և «Հայկական ցեղասպանություն` հայ ժողովրդի պատմություն և մշակույթ»՝ 2007թ.:

Nakazima's_book-about Armenian genocide

«Մեր ընկերության գործունեության ընթացքում շատացել են ճապոնացիների քանակը, ովքեր հետաքրքրվում են Հայաստանով ու հայկական մշակույթով- ասում է Նակաձիման- ու մինչև Ճապոնիայում Հայաստանի դեսպանատուն հիմնվելը, մենք, փաստորեն, միակ կապող օղակն էինք Հայաստանի և Ճապոնիայի միջև»:
Այժմ Նակաձիման Ճապոնիայում Ցեղասպանության 100-ամյակին միջոցառումների տարածքային հանձնախմբի ղեկավարն է, ու այդ պատասխանատվությունը ստանձնել է որպես անհատ:
Հանձնախմբում ընդգրկված են յոթ հոգի և համագործակցում են Սփյուռքի նախարարության հետ, որն էլ կօգնի նրանց՝ տրամադրելով ֆիլմեր և աջակցելով միջոցառումների կայացմանը:
2015թ. ընթացքում Ճապոնիայում նախատեսվում է հրապարակել «Փաստերի գիրք» անունով գիրքը՝ հիմնված ԱՄՆ դեսպան Մորգենթաունի պատմությունների, Վոլֆգանգ Գուստի «Հայկական ցեղապանություն» գրքերի վրա:
Կլինեն ֆիլմերի ցուցադրում, ընդ որում ոչ միայն Հայոց ցեղասպանության թեմայով, ցուցահանդեսներ, նաև՝ դասախոսություններ տարբեր թեմաներով, որոնցից երկուսը նվիրված կլինեն Դայանա Աբգարին: Դայանա Աբգարը Առաջին Հանրապետության ժամանակ Հայաստանի դեսպանն է եղել Ճապոնիայում: Նա Իրանից գաղթած և Կալկաթայում մեծացած հայորդի է, որ ամուսնական ճանապարհորդության ժամանակ գնացել է Ճապոնիա՝ Կոբե և շատ է հավանել ճապոնական մշակույթը, իսկ ամուսնու մահից հետ տեղափոխվել է Յոկոհամա և այնտեղից էլ Ցեղասպանության տարիներին աջակցություն է բերել հայերին:

նյութը վերցված է՝ http://hetq.am/arm/news/54987/hay-tchaponakan-barekamutyun-or-sksvel-e-khorhrdayin-miutyunic.html