Ճապոնիայի մասին

Ճապոնիայի մասին

Share

japoniaji masin 1

Ճապոնիա

Ճապոնիան (ճապ․ Նիհոն կամ Նիպպոն (կանձի՝日本), պաշտոնապես՝ Նիհոն-կոկու կամ Նիպպոն-կոկու (կանձի՝日本国), բառացիորեն՝ Ճապոնիայի երկիր) կղզի-պետություն է Արևելյան Ասիայում: Նիպպոն տարբերակը հաճախ օգտագործվում է որպես պաշտոնական ձև նամականիշների և թղթադրամի վրա, իսկՆիհոն օգտագործվում է կենցաղում: Իրենք՝ճապոնացիները, իրենց անվանում են նիհոնձին (ճապ․ 日本人), իսկ լեզուն՝ նիհոնգո (ճապ․日本語): Նիհոն բառացի նշանակում է «Արևի հայրենիք», այստեղից էլ գալիս է «Ծագող արևի երկիր» անվանումը: Մինչև 700-ականները երկիրն անվանվում էին «Յամատո» (ճապ․大和): Ճապոնիան գտնվում է Խաղաղ օվիկանոսում՝ Ճապոնական ծովից,  Հյուսիսային և Հարավային Կորեաներից, Չինաստանից և Ռուսաստանից արևելք, հյուսիսում հատում է Օխոտի ծովը, հարավում՝ Արևելաչինական ծովը և Թայվանը: Երկիրը տեղակայված է Ճապոնական արշիպելագի վրա, որն իր հերթին բաղկացած է 6852 կղզիներից: Արշիպելագի 97%-ը կազմում են չորս խոշորագույն կղզիները՝ Հոնսյու, Հոկկայդո,  Կյուսյու, Սիկոկու: Այստեղ մարդիկ հաստատվել են դեռ ուշ պալեոլիթի շրջանում: Ճապոնիայի մասին առաջին գրավոր հիշատակության հանդիպում ենք 1-ին դարի չինական պատմական արձանագրությունում: Ճապոնիան զարգացած երկիր է, ունի զարգացած տնտեսություն: Ըստ ՄԱԿ-ի տվյալների նորածինների մահացության ամենացածր ցուցանիշներով Ճապոնիան 3-րդն է աշխարհում: Ճապոնացիները նաև աչքի են ընկնում իրենց երկարակեցության ցուցանիշով, այստեղ կանանց մահացության միջին տարիքը կազմում է 77.9,  տղամարդկանցը՝ 85.1 (ըստ ՄԱԿ-ի 2003թ․ տվյալների):

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ     

       Ճապոնիան սահմանափակ միապետություն է, հիմնական օրենքը 1947թ․ մայիսին ուժի մեջ մտած Սահմանադրությունն է: 1947 թվականի մայիսի 3-ից ի վեր Ճապոնիայի Սահմանադրության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվել: Սահմանադրությունն անվանում են նաև «Պացիֆիստական /խաղաղասեր/ սահմանադրություն», քանի որ 9-րդ հոդվածն ամրագրում է պատերազմ չսկսելու և ռազմական բախում չնախաձեռնելու դրույթը: Այստեղ իշխանությունը բաժանվում է երեք ճյուղի՝ օրենսդիր, գործադիր և դատական: Օրենսդիր մարմին է հանդիսանում խորհրդարանը, գործադիրը՝ նախարարների կաբինետը և տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ դատականը՝ Գերագույն և մարզային դատարանները: Իշխանության բարձրագույն մարմինը խորհրդարանն է, որի պաշտոնական ղեկավարը Ճապոնիայի կայսրն է, իսկ փաստացի ղեկավարը վարչապետը, ով նաև նախարարների կաբինետի ղեկավարն է: Ճապոնիան ներկայացուցչական ժողովրդավար երկիր է: Քաղաքացիները մասնակցում են երկրի ղեկավարմանը՝ մասնակցելով քաղաքապետի, տեղական խորհրդի պատգամավորի կամ Խորհրդարանի ընտրություններին: Ընտրելու իրավունք ունեն 20 տարին լրացած՝ Ճապոնիայի քաղաքացիները: Խորհրդարան են կազմում երկու կուսակցություններ՝ Ժողովրդավարական կուսակցությունը և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Սահմանադրության համաձայն կայսրը հանդիսանում է «ճապոնական պետության և ճապոնական ազգի միասնության խորհրդանիշ»: Նա, փաստորեն, չի կարող կառավարել պետությունը: Նա մասնակցում է միայն ծիսական արարողություններին: Ճապոնիայի ներկայիս՝ 125-րդ կայսրը Ակիհիտոն է:

ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ

       Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նվազեց ուշադրությունը բնապահպանության բնագավառում, ինչի հետևանքով 1950-60-ականներին չափազանց աղտոտվեց շրջակա միջավայրը: 1970թ․ ընդունվեց բնապահպանական օրենսդրություն, իսկ 1971թ․ ստեղծվեց շրջակա միջավայրի պաշտպանության գրասենյակ: Բնապահպանական ընթացիկ գերակա խնդիրներ են քաղաքային օդի աղտոտվածությունը, թափոնների վերամշակումը, բնության պահպանումը, կլիմայի փոփոխությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի համար միջազգային համագործակցությունը: 2011թ․ մարտի 11-ին մեծ երկրաշարժի պատճառով Ֆուկուսիմա նահանգում «Ֆուկուսիմա 1» ատոմակայանից ճառագայթման արտահոսք եղավ, ինչի հետևանքով այստեղ ճառագայթման մակարդակը սովորականից 8 անգամ բարձր է:

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ    

       Ճապոնիայի բնակչությունը կազմում է 127.3 մարդ, որոնց շուրջ 80%-ը քաղաքաբնակ է: Բնակչության 98.5%-ը բնիկ ճապոնացի է, ազգային փոքրամասնություն են կազմում կորեացիները, չինացիները, ֆիլիպինցիները, ճապոնացի-բրազիլացիները և ճապոնացի-պերուացիները: Բնակչության ճնշող մեծամասնությունը խոսում է ճապոներեն: Լեզվում շատ են փոխառնությունները չինարենից՝ 49.1%,  բուն ճապոներեն բառերը կազմում են լեզվի 33.8%-ը, իսկ մնացած 8.8%-ը փոխառնված են այլ լեզուներից: Ճապոնացիների 83.9%-ը դավանում է սինտոիզմ, 71.4%-ը` բուդդիզմ, հանդիպում են մարդիկ, ովքեր դավանում են երկուսը միասին:

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ   

       Ճապոնիան ԱՄՆ-ից և Չինաստանից հետո համարվում է աշխարհում երրորդ զարգացած տնտեսությամբ երկիրը: Ճապոնացիները նաև ստանում են ամենաբարձր աշխատավարձը ամեն ժամի համար: Այստեղ ցածր է նաև գործազրկության ցուցանիշը: Ճապոնական խոշոր ընկերություններ են Nintendo-ն, Toyota-ն, Canon-ը, Honda-ն, Sony-ն, Mitsubishi-ն, Sharp-ը, Nippon oil-ը և այլ ընկերություններ: 2006թ․ ճապոնական 326 ընկերություն ընդգրկվեց Forbes 2000-ի ցուցակում, ինչը կազմում է ընդհանուր ընկերությունների թվի 16.3%-ը:

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ    

        Մշակութային ժառանգության մոտ 20%-ը կազմում են տաճարները և ամրոցները: Սրանց թվում են Հիմեձի ամրոցը, Մացումոտո ամրոցը, Ինույամա ամրոցը և Հիկոնե ամրոցը, ինչպես նաև 16 դիտաշտարակներ: Տաճարների թվին են պատկանում Հորյու-ձին և Տոդայի-ձին (աշխարհի ամենամեծ փայտյա կառույցը): Մշակույթի արժեքավոր ժառանգություն են հին ձեռագրերը և փաստաթղթերը, ավանդական սրերը, կահույքը, ինչպես նաև հազարավոր նկարներ և քանդակներ:

Դրամական միավոր՝ Yen (¥)
Ինտերնետ դոմեն՝ .jp
Հեռախոսային կոդ՝ +81
Ժամային գոտի՝ +9 (UTC)

նյութը վերցված է՝ http://nipponnitsuite.wordpress.com/japan/