Ճապոներեն նյութեր Դիանա Աբգարի մասին

Ճապոներեն նյութեր Դիանա Աբգարի մասին

Share

Խմբ. կողմից. – Հոդվածագիրը ճապոնացի պատմաբան, թարգմանիչ Դաիսակու Վատանաբեն ուսանել է Տոկիոյի օտար լեզուների համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի լեզուների ու մշակույթների ինստիտուտում: Հաճախել է հայոց լեզվի դասերի Տոկիոյում, Վենետիկում եւ Երեւանում, Տոկիոյում դիպլոմային աշխատանք գրել «Հայ հասարակությունը Րաֆֆու «Խենթը» վեպում» թեմայով: 2011-2013 թթ. Վատանաբեն ուսումնառությունը շարունակել է Հայաստանում: 2015-ին նրա ճապոներեն թարգմանությամբ լույս է տեսել ամերիկահայ պատմաբան Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» աշխատությունը: «Ճապոներեն նյութեր Դիանա Աբգարի մասին» հոդվածը նա գրել է հայերեն:

Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր հյուպատոսի՝ Դիանա Աբգարի կյանքը եւ Ճապոնիայում նրա գործունեությունը շատ կարեւոր տեղ ունի երկու երկրների՝ Հայաստանի եւ Ճապոնիայի դիվանագիտական պատմության մեջ: Հայաստանը եւ Ճապոնիան մինչեւ մեր օրերը մեկը մյուսից հեռու են եղել ե՛ւ աշխարհագրականորեն, ե՛ւ հոգեբանորեն: Այս տեսակետից Դիանա Աբգարի գոյությունը այն հազվադեպ օրինակներից մեկն է, որով կապվում են այս երկու երկրների պատմությունները: Բացի դրանից, Դիանա Աբգարի կյանքից եւ գործունեությունից կարող ենք բացահայտել ոչ միայն Հայաստանի եւ Ճապոնիայի պատմական հարաբերությունների մի էջ, այլեւ տեղեկանալ այն օրերին Ճապոնիայով Ամերիկա մեկնող հայ փախստականների վիճակի մասին, երկու երկրների դիվանագիտական հարաբերություններին եւ այդ շրջանի միջազգային իրադրությանը, որում հայտնվել էին այդ երկու երկրները:

Սրանից բխում է, որ Դիանա Աբգարի մասին ուսումնասիրությունը ճապոներեն իմացող հայ պատմաբանների եւ հայերեն իմացող ճապոնացի պատմաբանների համար շատ գրավիչ թեմա է:

Ներկայումս մեր ձեռքի տակ են Դիանա Աբգարի հետ կապված ճապոներեն նյութեր, որոնք պահպանվում են Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արխիվում:

Առաջին նյութը 1920 թ. օգոստոսին ստորագրված Սեւրի պայմանագրի հոդվածներում Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ հակասության մասին հարցումն է, որն Արտաքին գործերի նախարար Կոուսայ Ուչիդան ուղարկել է Ֆրանսիայում Ճապոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դոուիչի Մացուդային 1920 թ. նոյեմբերի 19-ին: Այստեղ գրված է. «Սեւրի պայմանագրի մեջ Սիրիայի, Միջագետքի եւ Պաղեստինի նկատմամբ չնայած կա մի դրույթ, որ սրանք պիտի ունենան մանդատի կարգավիճակ՝ համաձայն Ազգերի լիգայի դաշնագրի 22-րդ հոդվածի դրույթների, սակայն նույն պայմանագրի 88-րդ հոդվածի մեջ նշված է, որ Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվելու է որպես ազատ եւ անկախ պետություն, ու չնայած Հայաստանը դիմել էր, որ Ամերիկայի հովանավորության տակ մանդատ ստանա, Հայաստանի մանդատի կարգավիճակի վերաբերյալ ոչ մի դիտողություն չկա…»:

Այս նյութը հաստատում է, որ այդ շրջանում Հայաստանը Ճապոնիայի կառավարության ուշադրության ոլորտում էր:

Երկրորդ փաստաթուղթը ուղղակիորեն կապվում է Դիանա Աբգարի հետ: «Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի հավատարմագրման մասին» վերնագրով այս ներքին փաստաթուղթը 1920 թ. դեկտեմբերի 3-ին Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանսանաո Ուեկուսան ուղարկել է Կանագավայի նահանգապետ Կոուսայ Ինուեին: Սկզբում նշվում է, որ «եթե Ճապոնիայի կայսրության հետ պայմանագրային հարաբերություն չունեցող պետությունը ցանկանում է մեր տարածք հյուպատոս ուղարկել, կարգն այն է, որ միմյանց ճանաչած դիվանագիտական հաստատությունների միջոցով մեր կառավարության մտադրության շուրջ հարցում արվի… եւ այս մասին տիկին Աբգարին բացատրել ենք»: Հետո երեք տեսակետներից քննարկվում են Հայաստանի Հանրապետության ճանաչման եւ Հայաստանի հյուպատոսի ընդունման հարցերը: Սկզբում գրվում է, որ «Քանի որ Հայաստանը ճանաչող երկրները Հայաստանին վերաբերվում են իբրեւ անկախ պետության, Հայաստանի հյուպատոսի ընդունումը մերժելու հիմք միջազգային օրենքով չկա»: Սակայն հետո նշվում է. «Հաղորդել ենք, որ տիկին Դիանա Աբգարը պատերազմից առաջ շրջաբերականներ է տարբեր կողմեր հղել, որոնք չեղյալ էին հայտարարել Մեծ պետությունները, եւ մենք պիտի քննարկենքՙ սա ճշմարիտ է, թե՞ ոչ», իսկ ամենավերջում նշվում է. «Եթե Հայաստանը Ազգերի լիգայի դաշնագրի 22-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ բաժինների դրույթների համաձայն մանդատ պիտի ստանա… այդ դեպքում այն հարցը, թե Հայաստանը ուրիշ երկրներ հյուպատոսներ կարող է ուղարկել, թե՞ ոչ, պիտի որոշվի Հայաստանի հովանավոր երկրի խնամակալության աստիճանով…» եւ «մենք պետք է հետաձգենք Հայաստանի Հանրապետության հյուպատոսի ընդունումը, մինչեւ այս երկրի ստատուսը հաստատվի»:

Երրորդ վավերագիրը Դիանա Աբգարի կոնկրետ գործունեության մասին է: «Հայ փախստականների օգնության հիմնադրամին նվիրատվության մասին» վերնագրով այս փաստաթուղթը 1922 թ. հուլիսի 27-ին Կանագավայի նահանգապետ Կոուսայ Ինուեն ուղարկել է Ներքին գործերի նախարար Ռենտարո Միձունոյին, Արտաքին գործերի նախարար Կոուսայ Ուչիդային եւ որոշ նահանգապետերի: Նշվում է, որ Դիանա Աբգարը «1890 թ. նոյեմբերին ամուսնու հետ մեր երկիր է եկել, երկար տարիներ Կոբե քաղաքում նրանք զբաղվել են առեւտրով, հետո այրիացել է եւ 1907 թ. Յոկոհամա քաղաք է տեղափոխվել ու կրկին կառավարել է «Աբգար» առեւտրի տունը: 1920 թ. հոկտեմբերին Հայաստանի կողմից Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս նշանակվելու առիթով դիմել է մեր կառավարությանը՝ հաստատվելու համար, սակայն հաստատում չի ստացել: Այնուամենայնիվ, այս տիկինը որպես Ամերիկայում հայերի ասոցիացիայի Ճապոնիայի մասնաճյուղի գլխավոր նախագահ եւ Յոկոհամայի քրիստոնեական երիտասարդական ասոցիացիայի փոխնախագահ, Ճապոնիայով Ամերիկա մեկնող ազգակիցների փրկության համար ներդնում է իր ջանքերը»:

Այս երեք նյութերը ցույց են տալիս, որ այդ շրջանում Ճապոնիայի կառավարութունը Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը վարում էր՝ հետեւելով մեծ պետությունների օրինակներին: Այս է վկայում առաջին փաստաթուղթը, որտեղ Հայաստանի կարգավիճակի մասին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը հարցում է կատարել Ֆրանսիայում Ճապոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:

Դիանա Աբգարի մասին նյութերի սակավության եւ նրա հետնորդների՝ ամբողջ աշխարհում ցրվելու պատճառով նրա մասին ուսումնասիրության մեջ դեռ շատ հարցեր են մնում, որոնք պետք է բացահայտվեն: Ցանկանում ենք, որ այդ պակասը լցվի Հայաստանի եւ Ճապոնիայի գիտաշխատողների համագործակցությամբ:

նյութը վերցված է՝ http://www.azg.am/AM/2017011324

շնորհակալություն Արծվի Բախշյանին այս նյութը տրամադրելու համար!

շնորհակալություն Աննա Վարդանյանինն այս տեսանյութը տրամադրելու համար!