Հանրային հեռուստաընկերության ամբողջ արխիվը հասանելի կլինի HD որակով

Հանրային հեռուստաընկերության ամբողջ արխիվը հասանելի կլինի HD որակով

Share

2017-03-21

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության արխիվային նյութերն ապագայում հասանելի կլինեն հանրության լայն շերտերի համար: Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվելիք դրամաշնորհի շրջանակում Հանրային հեռուստաընկերությունը կհագենա անհրաժեշտ սարքավորումներով՝ հեռուստատեսության արխիվի թվայնացման նպատակով:

Հանրայինի համար տարիներ շարունակ գերխնդիր է եղել արխիվի պահպանման և թվայնացման հարցը, քանի որ տարբեր կրիչների, մասնավորապես՝ կինոժապավենների, տեսաերիզների, տեսասկավառակների, կոշտ սկավառակների վրա կա ազգային հարուստ արխիվ, որը մշակման, կանոնակարգման ու թվայնացման լուրջ կարիք ուներ: Կարևորելով արխիվային նյութերի պահպանման հարցը՝ 2014 թվականից սկսած, հեռուստաընկերության ջանքերով, առանձնակի ուշադրությամբ և նոր թափով սկսվել էր արխիվային նյութերի քիմիական մշակման գործընթացը: Զուգահեռաբար,  սկսվել էին աշխատանքներ տարբեր արխիվային նյութերի տվյալների համակարգված բազայի և որոնման համակարգի ձևավորման ուղղությամբ:

Ճապոնական «JICA» պետական գործակալության հետ իրականացվող այժմյան համագործակցության արդյունքում Հանրային հեռուստաընկերությանը կտրամադրվեն մի շարք սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն թվայնացնել, այլև պատկերի մասնագիտական մշակում իրականացնել, արխիվային նյութեր մոնտաժել, ինչպես նաև վերոնշյալ նյութերի էլեկտրոնային ֆիլմադարան ստեղծել՝ բազմաշերտ որոնման հնարավորությամբ:

Իրականացվելիք գործընթացի արդյունքում լուծում կստանա արխիվային նյութերի երկարաժամկետ պահպանության և օգտագործման հարցը, ինչի արդյունքում հանրությունը կկարողանա օգտվել Հանրային հեռուստաընկերության և հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի արխիվային հարստությունից:

Վերազինումը Հանրային հեռուստաընկերությանը հնարավորություն կտա թվայնացվող նյութերի ծավալը ավելացնել մի քանի անգամ, ինչը զգալիորեն կկրճատի ամբողջ արխիվի թվայնացման ժամկետները:

Ծրագիրը կմեկնարկի ընթացիկ տարվա վերջին:

նյութը վերցված է՝ http://vesti.am/archives/102163?lang=am

շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!