Ճապոնիայի 2011 թ. մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին

Ճապոնիայի 2011 թ. մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին

Share


to-the-memory-of-japan-in-2011-big-earthquake-victims1-with-logo2011թ., մարտի 11… Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0-9.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր: Ունենալով 1988թ-ի երկրաշարժի ծանր փորձը` Հայաստանի Հանրապետությունն անտարբեր չմնաց այդ սարսափելի իրողությունից, և անհապաղ առաջարկեց իր օգնությունը` Ճապոնիայի կառավարությանը տրամադրելով թե դրամական, թե մարդկային կարեկցանքի իր օգնությունը: 2014 թ-ի մարտի 11-ին, ավերիչ երկրաշարժի և ցունամիի երրորդ տարելիցի օրը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ, ի հիշատակ անմեղ զոհերի, հարգանքի տուրք մատուցեցին նախարարության աշխատակիցները: Նվագախմբի հնչյունների ուղեկցությամբ ծաղկեպսակ դրվեց նախարարության բակում տեղադրված Փրկության նվիրյալների հուշարձանին: Իր ելույթում ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը շեշտեց արդեն շարունակական բնույթ ստացած հայ-ճապոնական համագործակցության արդյունավետությունը, ՀՀ ԱԻՆ ոչ անտարբեր վերաբերմունքը:  Արտակարգ իրավիճակների նախարարության նախասրահում կազմակերպվել էր ճապոնացի հայտնի լուսանկարիչ Տոշինարի Մուկամիի լուսանկարների ցուցահանդեսը: Վերջինիս լուսանկարչական աշխատանքները ներկայացնում էին աղետի սարսափելի և կործանիչ հետևանքները: Այդ աշխատանքների կողքին ներկայացված էին նաև ԱԻՆ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի կողմից Սպիտակ քաղաքի կենտրոնական պուրակում 2013 թ. տեղադրված խաչքարի լուսանկարները: Պատասխանելով լրագրողների հարցերին` Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կարևորեց հայ-ճապոնական համագործակցությունն, որը, նախ և առաջ, գործում է հօգուտ երկու ժողովուրդների. «2010թ.-ին մեր ճապոնացի գործընկերները մեզ նվիրեցին 28 հրշեջ-փրկարարական մեքենա: Մենք ունենք նաև լուրջ համագործակցություն սեյսմիկ ծառայության ոլորտում: Մենք բոլոր ուղղություններով համագործակցում ենք Ճապոնիայի հետ, և ես շատ դրական եմ համարում այդ համագործակցությունը»: Նախարարը նաև հավելեց, որ այս տեսակ միջոցառումները դեռ շարունակվելու են, քանի որ տարերային աղետներին զոհ գնացած մարդկանց հիշատակը ժամանակի ընթացքում որքան էլ սպիանա, այնուամենայնիվ իր խորը հետքն է թողնում բազում մարդկանց ճակատագրերի վրա, ինչպես 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը:

ԱԻՆ 

նյութը վերցված է՝ http://www.aravot.am/2014/03/11/439303/