Առավել անվտանգ և ապահով կրթօջախներ սահմանամերձ համայնքներում

Առավել անվտանգ և ապահով կրթօջախներ սահմանամերձ համայնքներում

Share

27.12.2016

Օրերս Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայութան բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչությունը ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան և Կողբ գյուղերի 2 դպրոցներում իրականացրել է հետաքրքիր նախագիծ:

Հանրակրթական հաստատություններում երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ու իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների վերաբերյալ գիտելիքները և կարողությունները զարգացնելու համար, դպրոցը կահավորվել է հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, տարհանման համար նախատեսված պայմանական նշաններով, պատգարակներով և բարձրախոսերով:

Աղետալի իրավիճակները նվազագույն կորուստներով հաղթահարելու և արագ կողմնորոշվելու նպատակով ուսումնական հաստատությունների անձնակազմերի համար մշակվել են նաև դպրոցների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլաններն ու տարհանման սխեմաները: Այդ պլաններում արտացոլված են դպրոցին սպառնացող արտաքին և ներքին վտանգները, խոցելի տարրերը, դրանց հակազդման միջոցառումները, արտակարգ իրավիճակներում կրթության շարունակականության ապահովման հարցերը, տարհանման պլանները, մի շարք տարաբնույթ սցենարային վարժանքների հիման վրա մշակված աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում հիմնական գործողությունների ընթացակարգերը:

Իրականացված նախագիծը խթան կհանդիսանա ոչ միայն ուսումնական հաստատության վարչական, մանկավարժական անձնակազմի և աշակերտների, այլև` ծնողների, համայնքի ղեկավար կազմի ու շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների՝ աղետների ռիսկի նվազեցման գիտելիքների և կարողությունների զարգացմանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նմանատիպ յուրաքանչյուր ծրագիր և ուսումնական գործընթաց իրագործում է մեկ սկզբունքով՝ արտակարգ իրավիճակների հաղթահարման առաջնային բանաձևը դրանց պատրաստ լինելն ու գրագետ դիմակայելն է, որի շնորհիվ մեր կրթօջախները կլինեն առավել անվտանգ և ապահով:

նյութը վերցված է՝ http://www.mes.am/hy/news/item/2016/12/27/sahmanamerdz/