Բացելով Հայ Եւ Ճափոնցի Ժողովուրդների Պատմութեան Մի Նոր Ու Լուսաւոր Էջ

Բացելով Հայ Եւ Ճափոնցի Ժողովուրդների Պատմութեան Մի Նոր Ու Լուսաւոր Էջ

Share

Իմ զրուցակիցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «ֆինանսներ» եւ «Միջազգային տնտեսական յարաբերութիւններ» ամպիոնի աւագ  դասախօս, տնտեսագիտութեան թեկնածու, ճափոնագէտ Աննա Վարդանեանն է:

Թ. Մ. – Յարգելի՛ Աննա Վարդանեան, կարեւորելով ձեր ուսումնասիրութիւնների շրջանակը եւ անսպառ եռանդը հայ-ճափոնական պատմամշակութային փոխառնչութիւնների նորանոր բացայայտումների գործում, որպէս զրոյցի մեկնարկ, խնդրում եմ ներկայացրէք հայ-ճափոնական բարեկամութեան ձեր պատմութիւնը:

Ա. Վ.- Ճափոնցիների վերաբերեալ իմ յիշողութիւնները սկսւում են մանկութիւնից: Մեր ընտանիքում հայրս է տարիներ շարունակ առիթ ունեցել գործարար շրջանակներում համագործակցելու ճափոնցիների հետ, կանգնած է եղել Հայաստան-Ճափոն դիւանագիտական յարաբերութիւնների ձեւաւորման ակունքներում: Սէրը դէպի ճափոնական մշակոյթ իմ մէջ ձեւաւորուել են մութ ու ցուրտ 90-ականներից: Յիշում եմ, որ անհամբերութեամբ էի սպասում իւրաքանչիւր նոր այցի, քանի որ իմ եւ եղբօրս համար նախատեսուած էին լինում մշակութային հետաքրքիր փաթեթներ: Երկարատեւ շփումները, Ճափոնում ուսումնառութեան տարիները նոյնպէս իրենց անջնջելի հետքն են թողել: Ճափոնը իմ սէրն է:

Թ. Մ.- Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առաւօտեան Ազրպէյճանը` Թուրքիայի աջակցութեամբ ու մասնակցութեամբ, պատերազմական լայնածաւալ գործողութիւններ սանձազերծեց: Ինչպէ՞ս արձագանգեց Ճափոնը Արցախի Հանրապետութեան նկատմամբ ազրպէյճանաթուրքական յանցագործ համագործակցութեամբ ռազմական գործողութիւններին:

Ա. Վ.- Սեփական դիտարկումները ցոյց տուեցին, որ չնայած Ազրպէյճանի եւ Թուրքիայի հետ ունեցած համագործակցութիւնների լայն շրջանակի, այնուամենայնիւ բարեկամ Ճափոնի պաշտօնական արձագանգը հաւասարակշռուած էր: Ինչ վերաբերում է ոչ պաշտօնական ընկալումներին, պէտք է նշեմ, որ Ազրպէյճանն ու Թուրքիան ունեն լուրջ ներկայութիւն Ճափոնում` ի տարբերութիւն Հայաստանի: Պէտք է փաստեմ, որ տեղի փոքրաթիւ հայ համայնքը ինքնակազմակերպուել եւ ջանքեր է գործադրում տեղեկատուական դաշտում հակազդելու մեր հասցէին տարածուող ապատեղեկատուութեանը:

Թ. Մ.- Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Ճափոնը Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ:

Ա. Վ.- Կարծում եմ մենք շատ անելիք ունենք այս հարցի ուղղութեամբ: Յուսադրող է, որ տարէցտարի աւելի ու աւելի են սերտաճում երկու երկրների յարաբերութիւնները, ինչն էլ նպաստում է խորացնելու ընդհանուր արժէքների, փոխադարձ վստահութեան ու յարգանքի, արդիւնաւէտ համագործակցութեան վրայ հիմնուած աւանդական բարեկամական յարաբերութիւնները:

Ուրախալի փաստ է, որ ճափոնցի հայագէտներ ունենք, նրանք էլ հիմնականում զբաղւում են Հայոց ցեղասպանութեան հարցի ուսումնասիրութեամբ գիտական հարթակում:

Չմոռանանք Տիանա Աբգարի մասին: Նրա թողած ահռելի ժառանգութիւնն այս հարցի վերաբերեալ անգնահատելի ներդրում է հայ եւ ճափոնցի ժողովուրդների բարեկամական յարաբերութիւնների պատմութիւն կերտելու հարցում:

Հարկ է փաստել, որ 2018 թուականին Հայաստան պաշտօնական այցի շրջանակներում Ճափոնի ԱԳ նախարար Թարօ Քոնոն եւ նրան ուղեկցող պատուիրակութեան անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի յուշահամալիր եւ յարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Այս իրողութիւնը մեծ քայլ է առաջ:

Թ. Մ.- Դուք, որպէս ճափոնագէտ, պարբերաբար հետաքրքիր հետազօտութիւններ էք կատարում եւ մշակութային միջոցառումներ կազմակերպում, որոնք առաւելապէս կապ ունեն հայ-ճափոնական պատմամշակութային յարաբերութիւններին, երկու երկրների ժողովուրդների կապերի ամրապնդմանը գիտական դաշտում: Ո՞րն է ձեր ներկայ հետազօտութեան թեման:

Ա. Վ.- Շնորհակալ եմ ձեր գնահատականի համար (ժպտում է): Արդէն մի քանի տարի է` հետազօտում եմ մի յուզիչ պատմութիւն, որի թեման յատկապէս  պատերազմական այս օրերին, ըստ իս, առաւել քան արդիական դարձաւ: Խօսքը վերաբերում է թուրքերի կողմից Հայոց ցեղասպանութեան իրագործման վերջին փուլի իրադարձութիւններին, որտեղ յուզիչ մի պատմական դրուագ դուրս էր մնացել հայ եւ ճափոնցի ժողովուրդների պատմութեան էջերից: Պատճառները բազմազան են, բայց ուրախալի է, որ գրեթէ մէկ դար անց յաջողուեց դուրս գալ մի ճափոնական նաւի յետագծի վրայ եւ բացայայտել նոր փաստեր,  որոնց  շնորհիւ էլ պարզորոշուեցին իրողութիւնները: Թէ ինչպէ՛ս ճափոնական նաւը եւ խիզախ նաւապետը փրկեցին բազմաթիւ հայերի ցեղասպանուելուց, կը բացայայտենք շուտով մեր նոր յօդուածում: Համոզուած եմ, որ պատերազմական ներկայ իրավիճակի շուտափոյթ կարգաւորումից յետոյ կազմակերպուելու է գիտական միջոցառում, որտեղ էլ կը բացայայտուեն թեմային առնչուող նոր փաստերը, որոնց շնորհիւ հայ եւ ճափոնցի ժողովուրդների առնչութիւնների պատմութեան նոր եւ լուսաւոր էջ է բացուելու: Այդ համատեղ պատմութիւնը, վստահ եմ, է՛լ աւելի է մտերմացնելու հայերին եւ ճափոնցիներին:

Թ. Մ.- Ինչո՞վ է պայմանաւորուած ձեր հետաքրքրութիւնը ճափոնական նաւի հանդէպ, եւ ո՞ւր է տանում ձեզ փրկութեան նաւի յետագիծը:

Ա. Վ.- Այս թեմայի հետազօտութեան նպատակով եղել եմ Յունաստանում եւ Ճափոնում: Վստահ կարող եմ ասել, որ թեման առաւել քան արդիական է այսօր: Նրանում կան մարդասիրական բարձր դրսեւորումներ, մեծ յուզականութիւն, վեհ եւ խորին յարգանքի արժանի արարքներ: Չգիտեմ ինչպէս փոխանցել ընթերցողին իմ յոյզերը: Ողջ ուսումնասիրութեան ընթացքում եղել են պահեր, երբ յուսահատուել եմ, յետոյ նոր բացայայտում կատարել եւ երեխայի նման ուրախացել: Այդ «ուղեւորութիւնը» լաւագոյնս նկարագրուել է յոյն յայտնի անիմաթոր  Զաչոս Սամոլատասի նոր անիմացիոն ժապաւէնում, որի հայերէն տարբերակի առաջին ցուցադրութիւնը կը լինի թեմայի ներկայացման միջոցառման ժամանակ:

Թ. Մ.- Յարգելի՛ Աննա Վարդանեան, շնորհակալութի՛ւն հետաքրքիր զրոյցի եւ յատկապէս Ճափոնն ու ճափոնցիներին Հայաստանի ու հայերի համար բացայայտելու կարեւոր առաքելութեան համար: 

Ա. Վ.- Շնորհակալութի՛ւն առիթի համար: Խաղաղութի՛ւն մեր երկրին:

Զրոյցը վարեց` ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ
Պատմական գիտութիւնների թեկնածու
Թանգարանային ցուցադրութիւնների կազմակերպման բաժնի
աւագ գիտական աշխատող «Հայոց ցեղասպանութեան
թանգարան-հիմնարկ» հիմնադրամ

Էլ. հասցէ` tehminemartoyan@gmail.com

 նյութը վերցված է       https://www.aztagdaily.com