Ճապոնական թեյը՝ հայ-ճապոնական կրթական մտերմության հիմք

Ճապոնական թեյը՝ հայ-ճապոնական կրթական մտերմության հիմք

Share

07.09.2015 
ԵՊՀ-ում ճապոներեն ուսումնասիրող ուսանողներն այսօր թեյի սեղանի շուրջ էին հավաքվել ճապոնական Կագավայի համալսարանի պատվիրակության հետ:
Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության միջև համագործակցության շրջանակում: Թեև այսպիսի այցելություն Հայաստան կազմակերպվում է արդեն 5-րդ տարին, սակայն ԵՊՀ-ն ճապոնացի հյուրերին ընդունում էր առաջին անգամ:
«Արդեն 2-րդ տարին է, ինչ մեր ֆակուլտետում ուսանողները ճապոներենն ուսումնասիրում են որպես երկրորդ օտար լեզու և հիմա հնարավորություն ունեն շփվելու հենց լեզվակիրների հետ ու ամրապնդելու իրենց գիտելիքները»,- ասում է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը:
Ծրագիրը հետաքրքիր է նաև նրանով, որ ճապոնացի ուսանողներն այստեղ գտնվելու ընթացքում ապրում են հայ ուսանողների բնակարաններում՝ այդպիսով մոտիկից ճանաչելով Հայաստանը, հայկական մշակույթը, ավանդույթներն ու կենցաղը:
Հանդիպումը սկսվեց երկու երկրների օրհներգերով, որոնք կատարում էին հենց ուսանողները: Այնուհետև Արթուր Իսրայելյանը ճապոնացի հյուրերին նվիրեց այս տարվա խորհրդանիշ անմոռուկներ՝ կրծքանշանի տեսքով: Նվերներ ունեին նաև ճապոնացի ուսանողները՝ Կագավա պրեֆեկտուրայի, իրենց համալսարանի մասին պատմող բուկլետներ, ինչպես նաև ազգային խորհրդանիշ համարվող հուշանվերներ:
Տեսապատկերի միջոցով ճապոնական մշակույթը, ավանդույթները, խոհանոցը, երաժշտական գործիքները ներկայացնելուց հետո անցան հանդիպման գլխավոր արարողությանը՝ իրական ճապոնական թեյախմություն՝ հենց թեյի վարպետի մատուցմամբ:
Մինչ բուն թեյախմությանն անցնելը ներկաները ճաշակեցին ճապոնական ավանդական քաղցրավենիք՝ Յոուկանը, որը նախատեսված է թեյի փոքր-ինչ դառը համը մեղմելու համար: Վարպետը, ով, ի դեպ, Ճապոնիայում սեփական թեյարան և իկեբանա սրահ ունի, քայլերի ճիշտ հաջորդականությամբ ցույց տվեց թեյի պատրաստումը, մատուցման և նույնիսկ խմելու ձևերը, ներկայացրեց սպասքի պարագաների նշանակությունը:
Միջոցառման ընթացքում հայ ուսանողներն էլ հանդես եկան երաժշտական ելույթներով, պատմեցին Հայաստանի, ԵՊՀ-ի, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսումնական գործընթացի կազմակերպման մասին՝ իրենց հասակակիցների հետ հաղորդակցվելով միայն ճապոներենով:
Կագավայի համալսարանի պատվիրակության կազմում էր նաև լուսանկարիչ Նոբուտադա Կատաոկան, ով Հայաստան է գալիս արդեն 8-րդ անգամ:
«Երբ առաջին անգամ եկա Հայաստան, չգիտես ինչու, ինչ-որ նմանություն զգացի հատկապես հին Ճապոնիայի հետ: Հենց դա էլ ինձ շատ գրավեց, որ Ճապոնիայում Հայաստանի մասին շատ խոսեմ ու պատմեմ: Կագավայի համալսարանի ռեկտորը ևս շատ հետաքրքրված է Հայաստանով և ցանկություն ունի առաջիկայում ուսանողների փոխանակման կամ որևէ այլ համատեղ ծրագիր իրականացնել»,- ասում է Նոբուտադա Կատաոկան և խոստովանում, որ թեև Հայաստանում շատ բան է լուսանկարել, բայց ամենից շատ սիրում է հայերի ժպիտները նկարել:

նյութը վերցված է՝ http://goo.gl/5r4EzB