Ճապոնիայի Նիրասակի քաղաքում բացվել է Հռիփսիմե Սիմոնյանի «Արմենուհի» կավե արձանը

Ճապոնիայի Նիրասակի քաղաքում բացվել է Հռիփսիմե Սիմոնյանի «Արմենուհի» կավե արձանը

Share

Մարտի 25-ին Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանն այցելեց Յամանաշի նահանգիՆիրասակի քաղաք, որտեղ մասնակցություն ունեցավ հայ քանդակագործ-խեցեգործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի «Արմենուհի» կավե արձանի բացման արարողությանը, որին ներկա էին Նիրասակիի քաղաքապետ Հիսաո Նայտոն, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սատոշի Օմուրան, քաղաքապետարանի կրթության հանձնաժողովի նախագահ Ռեյկո Յամակին և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ելույթներով հանդես եկան քաղաքապետՆայտոն, Նոբելյան մրցանակակիր Օմուրան և դեսպան Հրանտ Պողոսյանը:

Շնորհակալություն հայտնելով հայ անվանի քանդակագործի արձանը թանգարանին նվիրելու կապակցությամբ՝ քաղաքապետՆայտոն շեշտեց, որ նմանատիպ քայլերը խթանում են միմյանց նկատմամբ երկու ժողովուրդների հետաքրքրության աճը և երկուստեք ավելի ճանաչելի դարձնում մշակույթները։

Արարողությունից հետո Սատոշի Օմուրան ներկայացրեց իր անհատական հարուստ նկարչական հավաքածուն, որը հիմնականում ընդգրկում է ճապոնական գեղանկարիչների աշխատանքները՝ հավելելով, որ իր հավաքածուում առկա են երկու հայ անվանի գեղանկարիչների՝ Վլադիմիր Սահակյանի և Հրանտ Կարախանյանի գործերը:

Այցի ավարտին Նիրասակիի քաղաքապետի անունից տրվեց պաշտոնական ճաշ, որի ընթացքում մասնակիցները մեծ կարևորություն տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով համագործակցությանը՝ երկու ժողովուրդների փոխճանաչելիության և բարեկամական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

նյութը վերցված է՝ http://hayernaysor.am/archives/239308