Խորհուրդներ ճամփորդներին

Share

Տուրիստական գործակալության հետ պայմանագիր կնքելիս խորհուրդ ենք տալիս ճշտել արտասահմանյան պետությունում բնակվելու հետ կապված բոլոր մանրամասները: Վերցրեք տվյալ երկրում տուրիստական ներկայացուցչության հասցեն և հեռախոսահամարը: Այն պարտավոր է աջակցել Ձեզ հանգստի ժամանակ հատկապես այն հարցերում, որոնք կապված են ժամանման, տեղավորման, ծառայությունների և սննդի մակարդակի հետ:
Խորհուրդ ենք տալիս հնարավորինս տեղեկանալ այն պետության մասին, ուր մեկնում եք. կլիմայական պայմանները, օրենքները, սովորույթները, հասարակական և այլ վայրերում վարքագծի առանձնահատկությունները:
Անցանկալի իրավիճակներից խուսափելու համար Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում.
ցուցաբերել ընկերասիրություն տեղաբնակների նկատմամբ, հաշվի նստել նրանց ապրելակերպի հետ
համբերատար լինել, չկոպտել, ձայնը չբարձրացնել, տեղաբնակների արժանապատվությունը չոտնահարել
հարգել տեղական ավանդույթներն ու սովորույթները , տվյալ երկրի ղեկավարների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ չտալ
հասարակական վայրերում անփույթ վիճակով չերևալ:
Ուղևորություն պլանավորելու ժամանակ հաշվի առեք, որ մի շարք երկրներում կան այնպիսի շրջաններ, որտեղ օտար քաղաքացիների մուտքը սահմանափակ է կամ արգելվում է:
Ասիական, աֆրիկյան, լատինաամերիկյան երկրներում անհրաժեշտ է սանիտարա-հիգիենիկ նախազգուշական միջոցներ ձեռնարկել:
Հասարակական վայրերում փորձեք չօգտագործել`
չեռացրած ջուր, թարմ քամած հյութեր
թարմ բանջարեղենային կամ մրգային աղցաններ
չլվացած մրգեր
պաղպաղակ
հրուշակեղեն` մրգային միջուկով
սննդի համար նախատեսված սառույց:
Ցանկալի է ատամները լվանալ գործարանում շշալցված ջրով:
Պետք է նաև ուղևորվող երկրին համապատասխան հագուստ վերցնել: Օրինակ` մահմեդական շատ երկրներում կանանց արգելվում է բաց հագուստ կրել:
Ինչ վերաբերում է ծխելուն, ապա մի շարք եվրոպական երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում և Կանադայում հասարակական վայրերում ծխելն արգելվում է: Իսկ օրինակ Սինգապուրում մեծ տուգանք է հասնում յուրաքանչյուր իրի` դրա համար չնախատեսված վայրում նետելու համար:
Եթե դեղորայք եք օգտագործում, նախօրոք տեղեկացեք, արդյոք տվյալ երկրում կարելի է դրանք ձեռք բերել:
Բարեկամներին, ընկերներին տեղյակ պահեք Ձեր ուղևորության, բնակության վայրի մասին, թողեք կոնտակտային հեռախոսահամարներ: Անհրաժեշտ է ունենալ տվյալ երկրում ՀՀ դեսպանատան և մոտակա հյուպատոսական հիմնարկի հեռախոսահամարները:

Օդանավակայանում

Չմոռանաք լրացնել մաքսային հայտարարագիրը: Պահեք հանձնած բեռների համար տրված կտրոնները: Խնդիրներ առաջանալու դեպքում դիմեք տուրիստական գործակալության ներկայացուցչին կամ օդանավակայանի աշխատակցին: Տոմսը, անձնագիրը, գումարը և թանկարժեք իրերը պահեք Ձեզ մոտ: Ձեռքի ուղեբեռում չի թույլատրվում տեղափոխել ծակող, կտրող առարկաներ, հեղուկ, ինչպես նաև երեխայի խաղալիքներ կամ ձևով զենքի նման այլ առարկաներ:

Հյուրանոցում

Հյուրանոց ժամանելիս առանձնահատուկ ուշադրություն դարձրեք ապրելու ներքին կանոններին և հակահրդեհային անվտանգության կանոններին: Մտապահեք ելք ու մուտքերի, վերելակների, աստիճանների տեղերը: Ձեզ հետ վերցրեք հյուրանոցի այցեքարտը և պարզեք, թե անկանխատեսելի իրավիճակների դեպքում ինչպես կարելի է կապվել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի, համապատասխան մարմինների հետ:

Ինչպես վարվել անկանխատեսելի իրավիճակներում

Անկանխատեսելի իրավիճակների ի հայտ գալու դեպքում այդ մասին տեղեկացրեք ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն:
Եթե դարձել եք անօրինական գործողությունների զոհ, ապա համառորեն պնդեք, որ Ձեզ տրվի մոտակա հայկական հյուպատոսության հետ կապվելու հնարավորություն:
Պետք չէ ոչինչ ստորագրել (օտար լեզվով արձանագրություններ կամ այլ փաստաթղթեր) առանց հյուպատոսության ներկայացուցչի:
Ոտքով քայլելու դեպքում խորհուրդ է տրվում դուրս գալ երկուսով կամ խմբով` ընտրելով լուսավոր և մարդաշատ վայրեր, ունենալ քաղաքի քարտեզը: Չարժե կանգնել խանութների ցուցափեղկերի դիմաց և զրույցներ տանել անառողջ մարդկանց, թափառականների հետ: Ավտոբուսի կամ տաքսու սպասեք լուսավորված կանգառներում:
Կտրականապես հրաժարվեք անծանոթ մարդկանց կողմից առաջարկվող ալկոհոլային, զովացուցիչ ըմպելիքներից, ծխախոտից, նրանց կողմից հյուրասիրությունների առաջակություններից:

Ինչպես վարվել հասարակական վայրերում

Նախազգուշական միջոցներ ձեռնարկեք տուրիստական խոշոր կենտրոններում և հետևեք անձնական իրերին: Գումարը պահեք տարբեր գրպաններում:
Փաստաթղթերի, տոմսի, բանկային քարտի գողության դեպքում դիմում գրեք ոստիկանությանը, հետո ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն:
Առևտրային կենտրոններում տհաճ պատահարներից խուսափելու համար ուշադիր եղեք, ընտրված ապրանքը դրեք դրա համար նախատեսված զամբյուղի մեջ, իսկ դրամարկղային կտրոնները պահեք մինչև Ձեր ապրելավայր հասնելը: Եթե Ձեզ մեղադրում են չվճարված ապրանք դուրս տանելու մեջ, ապա կապվեք ՀՀ հյուպատոսության կամ դեսպանատան հետ և տեղեկացրեք տեղի ունեցածի մասին:

Ճամփորդություն ավտոտրանսպորտով

Արտասահման մեկնող քաղաքացիների հետ տեղի ունեցող դժբախտ պատահարների մեծ մասը կապված է ավտոտրանսպորտի օգտագործման հետ:
Ավտոմեքենայով երթևեկելիս մի մոռացեք վերցնել քարտեզ: Հիշեք Ձեր մեքենայի համարանիշը: Նույնիսկ կարճ ժամանակահատվածով մեքենայից դուրս գալու դեպքում փակեք դռները: Միայնակ քաղաքից դուրս մի եկեք, խմբով դուրս գալու դեպքում ավելի ապահով կլինեք:
Եթե վարձով մեքենա եք վերցրել, ուշադիր ստուգեք բոլոր փաստաթղթերի, հատկապես ապահովագրության ձևակերպումը:
Սահմանն անցնելիս մի ընդունեք պատահական մարդկանց խնդրանքը` ինչ-որ իր մեքենայով անցկացնելու:

Ինչպես վարվել երկրաշարժի և տարերային աղետների ժամանակ

Երկրաշարժը համարվում է ամենակործանարար տարերային աղետներից մեկը: Երկրաշարժի ամենավտանգավոր շրջաններն են`

Հյուսիսային և Հարավային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ծովեզրը,
Ճապոնիայի արևելյան ափերը,
Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածը
Հիմալայների հարավային եզրաշերտը
Կարիբյան շրջանի երկրները
Նոր Զելանդիան
Հունաստանը, Թուրքիան, Իտալիան, Միջերկրական ծովը և Կենտրոնական Ատլանտիկան:

Եթե երեխաների հետ եք, ապա երկրաշարժի ժամանակ նրանց տարեք ապահով վայր` ներսի դռների մոտ կամ սենյակի ներքին անկյուններ: Հեռու մնացեք պատուհաններից, արտաքին պատերից և բարձր կահույքից:
Երկրաշարժի ժամանակ շենքից դուրս մի եկեք, սպասեք մինչև երկրաշարժն ավարտվի, հետո կարող եք արդեն դուրս գալ: Ոչ մի դեպքում շենքից դուրս գալու համար վերելակից չօգտվեք:
Եթե շենքը բարձրահարկ և սեյսմակայուն չէ, ապա հարկավոր է շատ ուշադիր և արագ դուրս գալ և վազել դեպի ապահով վայր:
Էլեկտրահաղորդակցման լարերին չպետք է մոտենալ:
Եթե ավտոմեքենայի մեջ եք հայտնվել երկրաշարժի ժամանակ, ապա կանգնեք բարձր շինություններից հնարավորինս հեռու և ոչ մի բան մի ձեռնարկեք մինչև երկրաշարժի ավարտը:
Երկրաշարժից հետո փորձեք վարվել հետևյալ կերպ.
Եթե երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը, ապա խորհուրդ է տրվում էլետրական լապտերի բացակայության դեպքում մինչև լուցկի կամ կրակայրիչ օգտագործելը, համոզվել, որ գազի, բենզինի կամ այլ բռնկվող նյութի հոտ չկա:
Հնարավորության դեպքում Ձեր, Ձեր մտերիմների, ծանոթների մասին անհապաղ տեղեկացրեք ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսություն:
Արտասահմանում գտնվելիս անհրաժեշտ է տարրական զգոնություն, խելամիտ զգուշություն ցուցաբերել և կանոնակարգել սեփական վարքագիծը շրջակա միջավայրին համապատասխան:

նյութը վերցված է՝  http://japan.mfa.am/hy/advices/