28 ապրիլի, 2021
Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը համոզմունք հայտնեց, որ դեսպան Մասանորիին իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-ճապոնական բազմաոլորտ համագործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի հարստացմանը:
Զրուցակիցները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել ավանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:
Արա Այվազյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց ճապոնական կողմին՝ Covid-19 համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հումանիտար հետևանքների հասցեագրման ուղղությամբ ցուցաբերված աջակցության համար:
Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և դեսպան Ֆուկուշիման անդրադարձան տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցերի:
նյութը վերցված է mfa.am