Էիիչի Շիբուսավա. Ճապոնիայի կապիտալիզմի հիմնադիրն ու նրա հայանպաստ գործունեությունը

Էիիչի Շիբուսավա. Ճապոնիայի կապիտալիզմի հիմնադիրն ու նրա հայանպաստ գործունեությունը

Share

Ճապոնագետ, տ․գ․թ․, «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության նախագահ Աննա Վարդանյանն իր հոդվածում գրում է․

«1900-ականների Ճապոնիայի ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ Էիիչի Շիբուսավան, որը համարվում է Ճապոնիայի կապիտալիզմի հիմնադիրը, մեծ ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության հետևանքով գաղթական դարձած բազմաթիվ հայերի փրկության գործում։ Դժվար է հավատալ, որ հեռավոր Ճապոնիայում ապրող ազդեցիկ գործարարին, 500 անուն և ավելի ձեռնարկատիրական ընկերությունների, բանկերի հիմնադրին և բազմաթիվ այլ ճապոնացիների հուզել է աշխարհագրորեն այդքան հեռու սփռված հայ քրիստոնյաների գոյության վտանգման հարցը։

Ինչպես սկսվեց ամեն ինչ։ Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի (Near East Relief)  աշխարհագրական ներկայացվածությունը ընդլայնելու նպատակով՝ դոկտոր Լինքոլն Լոյալ Վիրթը, որը Ամերիկայի միաբանության նախարարը և Կարմիր խաչի հանձնակատարն էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ստանձնեց խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի մասնաճյուղեր հիմնելու գործը: Վիրթը Հավայան կղզիներում օգնության կոմիտեի հիմնումից հետո մեկնեց Ճապոնիա 1919 թվականի հունվարին:

Նրան հաջողվեց Ճապոնիայում հիմնել ընդհանուր կոմիտե, և հայ օգնության շարժումը սկսեց մեծ թափով տարածվել Ճապոնիայում։ Վիրթին հրավիրում են Կայսերական բանկ, որտեղ հանդիպմանը ներկա էր նաև Էիիչի Շիբուսավան:

Հանդիպման ժամանակ սեղանի ծայրին նստած Շիբուսավան Վիրթին հարցնում է, թե «ովքե՞ր են հայերը, և ինչո՞ւ է նրանց օգնություն անհրաժեշտ»։ Մի փոքր աշխարհագրական ու պատմական ակնարկից հետո Վիրթը նկարագրում է հայերի դեմ իրականացված վայրագությունների մանրամասները և նրանց այդ պահի ծանր վիճակը: Շիբուսավան ընդհատում է Վիրթին, նախքան վերջինս կհասցներ ավարտել իր խոսքը, և հարց ուղղում նրան. «Ինչո՞ւ նախկինում չեք եկել մեզ մոտ Ձեր խնդրանքով։ Արդյո՞ք այն պատճառով, որ մենք բուդդայական ենք, և Դուք կարծում էիք, որ մենք չենք օգնի փորձանքի մեջ գտնվող քրիստոնյաներին: Մենք կարդացել ենք Ձեր ելույթները, որոնք տպագրվել են «Japan Advertiser»-ում և որոշել, որ կցանկանայինք օգնել, անգամ եթե մեզ չեն առաջարկել այդ անել: Մեր ճապոնական թերթերից մեկը հրապարակեց ձեր կոչը, և ահա արդյունքը»: Շիբուսավան մեկնեց Վիրթին 11,000 դոլարի չեկ, որն այսօր կկազմեր մոտ 140,000 դոլար։

Էիիչի Շիբուսավան ընդունեց նաև Ճապոնիայի Հայ օգնության կոմիտեի նախագահությունը (Armenian Relief Committee) ստանձնելու առաջարկը, որի կենտրոնակայանը գտնվում էր Տոկիոյի Կաջիմաչի թաղամասում։ Նա անմիջապես նամակով դիմեց 100 ճապոնացի հայտնի գործիչների՝ հրավիրելով նրանց ներկա գտնվելու Վիրթի դասախոսությանը` հույս ունենալով մեծացնելու նրանց հետաքրքրվածությունը և ներգրավվածությունը հայերին օգնելու հարցում։

Փաստ է, որ  Ճապոնիայի Հայ օգնության կոմիտեն իրականացրել է մի շարք նվիրատվություններ, միջոցառումներ և դասախոսություններ Էիիչի Շիբուսավայի և սոցիալական ու քաղաքական տարբեր կարգավիճակ ունեցող մի խումբ մարդկանց հետ, որոնք ջանք չեն խնայել հայթայթելու միջոցներ կարիքի մեջ գտնվող հայերին օգնելու համար։ Հայ փախստականների հարցը դարձավ Ճապոնիայի Հայ օգնության կոմիտեի առանցքային խնդիրը:

Օրինակ՝ 10.000 իեն տրամադրվեց Հայ փախստականների ֆոնդին: Գումար փոխանցվեց նաև Հայ երաժիշտների ֆոնդին: Բացի այդ ամեն տարի մեկ երեխայի ապրելու համար 120 իեն գումար որոշվեց փոխանցել: Ճապոնական հասարակության բոլոր շերտերից սկսեցին նվիրատվություններ հոսել դեպի նպաստամատույց կոմիտե՝ այդ թվում հասարակ մարդկանցից մինչև կառավարության նախարարներ, ազդեցիկ գործարարներից մինչև Ճապոնիայի թագավորական ընտանիք: Ճապոնիայում գործող իգական վարժարաններից մեկը նույնիսկ ստանձնեց երկու հայ որբերի խնամակալությունը։ Հաջողվել է գտնել բավականին ուշագրավ տեղեկություն Պողոս Նուբար փաշայի հուշերից, թե ինչ մեծ սեր և հոգատարություն են տածել ճապոնացիները հայ որբերի հանդեպ։ 1927 թվականին Նյու Յորքում թողարկվող «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթում տպագրված Պողոս Նուբարի «Որբերու կիրակին» կոչում, նա, մասնավորապես, գրում է․«Ամերիկեան Նպաստամատոյց Կազմակերպութեան ընդհանուր քարտուղար պրն Վիքրի ներկայտարուան Յուլիսին Թօքիօ (Ճաբոն) գտնուած միջոցին, այցելած է ճաբոնցի աղջկանց վարժարան մը, որուն սանուհիները «կնքամայրն» են եւ բոլոր ծախքերը կը հոգան հայ որբուհիի մը, Մարի Մաճարեան, որ կը գտնուի Շիրայի ամերիկեան որբանոցին մէջ եւ 1760 թիւը կը կրէ։ Ճաբոնցի աղջիկները խնդրած են Պ. Վիքրիէ որ իրենց քրոջական բարեւները հաղորդ է իրենց սանուհիին, եւ անոր տուած են ճաբոնական սիրուն հովահար մը իբր իրենց նուէրը իրենց հեռաւոր պաշտպանեալին»։

Հատկանշական է, որ արքայազն Յոշիհիսա Տոկուգավան ևս ներգրավվել է բարեգործական արշավում և կատարել նվիրատվություն, ինչպես նաև անձնապես նամակ է հղել Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեին։ Նա նաև ճապոնիայի պառլամենտի վերին պալատում տարածել է տեղեկատվություն բարեգործական արշավի՝ մասնավորապես «Կիրակի օրվա ոսկե կանոնի» վերաբերյալ։

Հայ օգնության կոմիտեն, կազմակերպելով այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են դասախոսություններ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ և թատերական ներկայացումներ, հավաքագրել է բավականաչափ դրամական միջոցներ։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Շիբուսավայի գլխավորած Հայ օգնության կոմիտեի կողմից հավաքված գումարը հասել է ժամանակի ամենամեծ հայկական մանկատուն, որը գտնվում էր Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի)։

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ճապոնացի ժողովուրդն անմասն չի մնացել Հայոց ցեղասպանության տարիներին և հետո հայ ժողովրդի փրկության, վերականգնման փուլում գաղթական դարձած հայորդիներին գթասրտորեն օգնության ձեռք մեկնելու հարցում։ Ընդհանուր առմամբ՝ Էիիչի Շիբուսավայի հայանպաստ գործունեության մասին հետազոտությունները չափազանց քիչ են, այդ է վկայում նաև այն հանգամանքը, որ Շիբուսավայի մասին գրված մի քանի կենսագրական գրքերում նշումներ չկան իր և հայ ժողովրդի մեջ եղած հառավար կապի մասին։ Սույն հոդվածը միտված է նոր լույս սփռել այս հանրահայտ ճապոնացու կենսագրության չուսումնասիրված դրվագներին և ծանոթացնելու հայ և ճապոնացի ժողովուրդներին մեծ հայասերի հայանպաստ գործունեությանը»։

նյութը վերցված է www.tert.am