Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում / #ՀՊՏՀ / ներդրվել է նոր առարկա «Ճապոնագիտություն»։ Առարկայի դասավանդումը վստահվել է ճապոնագետ Աննա Վարդանյանին, ով երկար տարիներ ուսումնասիրում է ծագող արևի երկրի առանձնահատկությունները, կատարում հետազոտություններ հայ-ճապոնական առնչությունների վերաբերյալ, մեծապես նպաստում երկու երկրների պատմամշակութային, գործարար հարաբերությունների զարգացմանը։
Աննա Վարդանյանի հետ զրույցում տեղեկացանք, որ առարկան ներդրվելու է բուհի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրայում և այժմ նա ինտենսիվ աշխատում է առարկայի դասավանդման նոր և հետաքրքիր ուսումնական մեթոդների մշակման ուղղությամբ։
Տիկին Վարդանյանը հավելեց, որ նոր առարկան հետաքրքիր հնարավորություն է լինելու բուհի ուսանողների համար ուսումնասիրելու աշխարհի զարգացած երկրներից մեկի լավագույն փորձը /best practice/ տնտեսության տարբեր ուղղություններում։ Նոր առարկայի ներդրման հնարավորության համար դասախոսը շնորհակալություն է հայտնում ՀՊՏՀ ղեկավար ողջ կազմին, ում ջանքերով բուհում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել և ժամանակակից ծրագրեր ներդրվել , ինչը մեծապես նպաստել է բուհի ուսման որակի բարձրացմանը։
Առարկայի շրջանակներում պլանավորվում են անցկացնել բաց դասախոսություններ Ճապոնիայի հետ առնչություն ունեցող տարբեր ոլորտների մասնագետների ներգրավմամբ։
Շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!