Գեյշա

Գեյշա

Share

Նյութը պատրաստեց ԱՆԻ ՄԱԳՈՒՄՅԱՆԸ

Ճապոնացիները իրենց ողջ պատմության ընթացքում պահպանել ու սերնդեսերունդ փոխանցել են այն գեղեցիկ ու հատկանշական արժեքները, որոնք կարեւոր ու բնութագրական են իրենց ժողովրդի ու պատմության համար:
Յուրաքանչյուր անգամ անդրադառնալով ճապոնական մշակույթի այս կամ այն ոլորտին` համոզվում ենք, որ գեղեցիկի ճշգրիտ պահպանումը կախված է ժողովրդից:
Այս անգամ կանրադառնանք գեյշաներին, որը ոչ միայն հետաքրքրական է, այլ նաեւ ուսուցողական, քանզի շատերը, լսելով գեյշա անվանումը, այն ասոցացնում են այլ երեւույթի հետ:
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Գեյշա նշանակում է «արվեստի մարդ»: Կազմված է 2 հիերոգլիֆից` գեյ-տաղանդ եւ սյա-մարդ: Ճապոնիայում այն առավել գործածական դարձավ 17-18-րդ դարերից սկսած, սակայն դեռ 14-15-րդ դարերում ճապոնական գրառումներում հիշատակվում է նրանց մասին, եւ հատկանշականն այն է, որ մինչեւ 18-րդ դարը գեյշաները եղել են միայն տղամարդիկ:
Դեռեւս Մուրոմատիի ժամանակաշրջանում գոյություն ունեին «դոբոսու»ներ, որը թարգմանաբար նշանակում է ընկեր: Նրանք լավ զրուցակիցներ էին, երբեմն նույնիսկ կարող էին խորհուրդներ տալ: Տիրապետում էին ավանդական արվեստներին եւ ունեին հումորի մեծ զգացում, ինչը կիրառում էին հավաքույթների ժամանակ: Նրանք յուրաքանչյուր հավաքույթի կարեւորագույն մասնակիցներից էին:
Այդ ժամանակաշրջանում սամուրայները համարում էին, որ կնոջ ընկերակցությունը պատվաբեր չէ եւ նախընտրում էին ինտելեկտուալ զրույցներ տանել եւ սակե (բրնձի օղի) ըմպել տղամարդկանց հետ:
Եվ միայն 18-րդ դարում ի հայտ եկան կին գեյշաներ, եւ տղամարդ գեյշաները աստիճանաբար զիջեցին իրենց դիրքերը:
Գեյշաների մշակութային կենտրոնները համարվում էին Կիոտոն, Օսական եւ Տոկիոն:
Կին գեյշաների ի հայտ գալով սկսվեց մի նոր ծաղկուն ժամանակաշրջան, իսկ 19-րդ դարը համարվեց գեյշաների «ոսկե դար»:
Շատերը գեյշաներին համարում են մարմանավաճառներ, սակայն այս բառն ու նրա էությունը այնքան հեռու է տվյալ իրականությունից:
Գեյշան իդեալական կնոջ կերպար է, հազարավոր ռազմիկների ու բանաստեղծների ոգեշնչման աղբյուր:
Գեյշան ճապոնական արվեստի կենդանի գլուխգործոց է:
Յուրաքանչյուր ոք, ով սովորում կամ ուսումնասիրում է գեյշա դառնալու արվեստը, գեյշա համարվել չի կարող: Իսկական գեյշա կարող են դառնալ միայն ընտրյալները, ովքեր ոչ միայն արտաքնապես են գեյշա, այլ էությամբ:
Գեյշա դառնալու համար պահանջվում են տարիներ:
Այն աղջիկները, ովքեր ցանկանում են գեյշա դառնալ, ընդունվում են օկիա: Օկիան մի հաստատություն է, որտեղ ապրում են ապագա գեյշաները, որի տիրուհինՙ օկամի կամ օկասան(ճապոներեն նշանակում է մայր), վճարում է ուսման համար:
Օկիա ընդունվող աղջիկները հիմնականում լինում են 5-7 տարեկան, ովքեր գեյշա դառնալուց հետո փոխհատուցում են ուսման համար: Ուսանելու, ոմանք նաեւ գեյշա դառնալուց հետո չեն լքում օկիան եւ շարունակում են բնակվել այնտեղ: Սակայն եթե օկասանը ժառանգ չունի, կարող է որդեգրել աղջիկներից որեւէ մեկին:
Ապագա գեյշաները արվեստ են սովորում կամբուրենջոյում: Սա մի դպրոց է, որը նախատեսված է գեյշաներին կրթելու համար: Այնտեղ նրանք սովորում են նվագել շամիզեն եւ այլ ավանդական գործիքներ, սովորում են ճապոնական ավանդական պարեր, երգեր, սովորում են «ծյադո» անվամբ թեյի արարողությունը, իկեբանա-ծաղիկների փնջավորման արվեստ, գեղագրություն:
Այստեղ աղջիկներին սովորեցնում են նաեւ նրբագեղ պահվածք. օրինակՙ ինչպես խոնարհվել, ինչպես նստել, վեր կենալ, խոսել, քայլել մինչեւ հատակը երկարություն ունեցող կիմոնոյով, ինչպես սակե լցնել, որպեսզի կիմոնոյի թեւերը չմտնեն բաժակի մեջ եւ այլն: Աղջիկները այս ամենը սովորում են, երբ դեռ մայկո են, այսինքն սկսնակ գեյշա:
Մինչ գեյշա դառնալը մայկոն գտնում է ավագ քույր «օնեսան», որի հետ միասին նրանք սակեի գավաթից 3 կում են անում, որից հետո մայկոն ստանում է մի նոր անուն, որը նրա գեյշայական անունն է:
Սա պարտադիր արարողակարգ է:
Օնեսանը նրան ուղեկցում է հավաքույթների ժամանակ, որտեղ նա սովորում է, թե ինչպես են գեյշաները շփվում տղամարդկանց հետ, ինչ զրույցներ են անում, ինչպես են օգտագործում իրենց իմացությունը, կիրառում կանացի խորամանկությունը եւ հրճվանք պատճառում ներկաներին: Այս միջոցով օնեսանը մայկոին ներկայացնում է նաեւ մյուս գեյշաներին եւ մայկոն կատարում է իր նորամուտը: Մայկոյից գեյշա փոխվելը ունի հետաքրքրական մի արարողություն, որը կոչվում է էրիաժ, նշանակում է «օձիքի փոխում»: Մայկոն իր կարմիր օձիքը փոխում է սպիտակ ամուր օձիքով, որից հետո նա պաշտոնապես համարվում է գեյշա: Սպիտակ օձիքը վկայում է նրա մաքրության, ներդաշնակության, կատարելության, նրբագեղության, խելացիության մասին:
Հենց այսպիսին պետք է լինի իսկական գեյշան:
Գեյշան որպեսզի ամբողջությամբ պատրաստ լինի որեւէ հավաքույթի համար, պահանջվում են ժամեր: Նրա հագուստը, վարսերը, դիմահարդարումը, շարժուձեւը, պարը, խոսքը, ժպիտը, հայացքը պետք է լինեն անթերի, քանզի նա ամբողջությամբ պետք է համապատասխան լինի տղամարդու իդեալական կնոջ կերպարին:
Գեյշայի հագուստը կիմոնոն է (կիմոնոն ճապոնական ազգային հագուստ է):
Միայն հագուստից ճապոնացիները կարող են տարբերել գեյշային եւ մարմնավաճառին, ուստի հագուստը մեծ նշանակություն ունի գեյշաների համար:
Գեյշայի կիմոնոն տարբերվում է սովորական կիմոնոյից, եւ այն կարող է արժենալ հազարավոր դոլարներ: Գեյշաների համար նախատեսված կիմոնոն ընդգրկում է պարանոցը (ճապոնացիները համարում են, որ կնոջ ամենազգայուն մասը պարանոցն է):
Յուրաքանչյուր գեյշա կիմոնո հագնելու համար ունի օգնական, քանի որ այն դժվար է հագնել եւ բավականին ծանր է:
Որպես կոշիկ նրանք կրում են օկոբո կոչվող փայտյա բարձր ոտնամաններ: Օկոբոյի վրա կան փոքրիկ զանգեր եւ քայլելու ընթացքում այն զնգզնգում է: Այս կոշիկները օգնում են նաեւ, որ կիմոնոն գետնին չդիպչի:
Քանի որ կոշիկները բարձր են, աղջկա հասակն էլ պետք է լինի 160սմ–ից ոչ ավելի, որպեսզի գեղեցիկ տեսք ունենա:
Գեյշաները պետք է ունենան երկար վարսեր, որպեսզի հնարավոր լինի հարդարել: Նրանց վարսահարդարումը կազմված է ավելի քան 5 տարբեր ոճերից, որոնք արտահայտում են կարիերայի տարբեր փուլեր:
Սանրվածքը որպեսզի պահպանվի, նրանք ամեն շաբաթ հաճախում են գեղեցկության սրահ եւ հատուկ հարդարում վարսերը, իսկ քնելու ընթացքում որպեսզի չքանդվի, քնում են հատուկ բարձերի վրա, որոնց մեջտեղում կա անցք, ինչի շնորհիվ պահպանվում է սանրվածքը:
Կան նաեւ հատուկ զարդարանքներ, որոնց միջոցով հարդարվում են վարսերը:
Հին ժամանակներում սպիտակ շպարը օգտագործում էին միայն գեյշաները, քանի որ այն թունավոր էր եւ պատրաստվում էր կապարից: Այժմյան սպիտակ դիմափոշին անվտանգ է եւ մայկոները նույնպես կարող են այն օգտագործել:
Պարզվում էՙ շրթներկի միջոցով կարող ես տարբերել աղջիկը մայկո է, թե՞ գեյշա: Եթե կարմիր շրթներկը միայն ներքեւի շուրթին է, ուրեմն աղջիկը մայկո է- սկսնակ գեյշա:
Շատերն են կարծում, որ աչքերը մարդու հոգու հայելին են, եւ իսկապես մարդու աչքերում կարող ես գտնել ու տեսնել ավելին, քան խոսքերում:
Վերջին եւ կարեւորագույն հատկանիշը, որ պետք է մայկոն ունենա, դա մեկ հայացքով յուրաքանչյուր տղամարդուն գերելու կարողությունն է (հայացք, որը բավարար կլինի մի ողջ հավերժության համար), միայն այդպիսի հայացքից հետո մայկոն համարվում է ամբողջությամբ պատրաստ եւ կարող է կատարել իր նորամուտը:
Սկսնակ գեյշան առաջին քայլերը անում է օնեսանի հետ:
Նրանք միասին այցելում են թեյախմության արարողություններին, թատրոն եւ այլ կարեւոր վայրեր, որտեղ հավաքվում են մեծահարուստ տղամարդիկ:
Օնեսանը հատուկ ծանոթացնում է մայկոյին, որն էլ իր հերթին պետք է ներկայանա այսպես (ես սկսնակ գեյշա եմ, խնդրում եմ հոգ տարեք ինձ):
Առհասարակ այսպես են ողջունում ճապոնացիները նոր ծանոթության ժամանակ:
Սկսնակ գեյշան պետք է բոլորի վրա թողնի լավ տպավորություն, դրանից է կախված նրա հետագա կարիերան:
Գեյշա դառնալու համար պարտադիր պայման է, որպեսզի աղջիկը լինի անմեղ-կույս: Սա եւս մի ապացույց է, որ գեյշաները սեռական հարաբերություններ չեն ունեցել հաճախորդների հետ: Սակայն պատմության մեջ կան փաստեր, որտեղ նշվում են, որ որոշ գեյշաներ վաճառում էին իրենց կուսությունը: Այս երեւույթը բացատրվում է այն փաստով, որ հիմնականում 20-րդ դարում գեյշա էին դառնում այն աղջիկները, որոնց ծնողները չքավորությունից (ինչը պատերազմի արդյունք էր) վաճառում էին իրենց երեխաներին, եւ փաստորեն որբ աղջիկները միջոց չունեին վարձահատույց լինելու օկասանին իրենց ուսման համար, եւ միակ միջոցը այդ հսկայական պարտքը մարելու մնում էր դա:
Որքան հայտնի էր լինում սկսնակ գեյշան, այդքան բարձր գնով էր վաճառվում նրա կուսությունը: Այս արարողակարգը կոչվում է միձուագե եւ այն հիմնականում տեղի էր ունենում 13-15 տարեկան հասակում:
Միձուագեից հետո գեյշան փոխում է իր սանրվածքը եւ, ինչպես նշվել էրՙ կարմիր օձիքը փոխվում է սպիտակով:
Այս ամենից հետո գեյշան մնում էր անձեռնմխելի: Նա ամեն ինչ անում է, որպեսզի ունենա դաննա-հովանավոր:
Յուրաքանչյուր տղամարդ չի կարող լինել դաննա. նա պետք է լինի շատ հարուստ, որպեսզի հավուր պատշաճի կարողանա բավարարել գեյշային:
Առհասարակ գեյշան թանկ հաճույք է, եւ ամեն տղամարդ իրեն նման շռայլություն թույլ տալ չի կարող:
Գեյշան կրում է թանկարժեք կիմոնո, զարդեր, հաճախում է թանկարժեք վայրեր, որտեղ նրա ելույթը, դա կլինի երգ, պար, նվագ, նույնիսկ անգամ պարզապես նրա ներկայությունը արդեն շքեղություն է, եւ գուցէ պատճառներից մեկն էլ հենց դա է, որ ճապոնացի տղամարդկանց համար գեյշան երազանքի պես մի բան է- իդեալական կնոջ կերպար:
Եթե որեւէ ճապոնացի հրավիրված է երեկույթի, որտեղ կան գեյշաներ, դա մեծ պատիվ է նրա համար: Օտարերկրացիների համար նույնպես նման երեկույթի ներկա լինելը պատվաբեր է ու շատ կարեւոր: Նրանց համար ասիացի կինը հատկապես գեյշան առեղծված է եւ շատ դեպքերում գեյշաները օգնում են ճապոնացիներին օտարերկրացիների հետ դիվանագիտական հարցերում:
Գեյշան բոլորի համար կարծես մի երկնային արարած լինի իր փոքր քայլերով, անթերի սահուն շարժումներով, անբացատրելի հմայքով, կանացի աննկարագրելի զգայունությամբ:
Գեյշաները ուսանելու տարիներին սովորում են
1. հոգեբանություն
2. զարգացնում ստեղծագործելու ունակությունները
3. կատարելագործում խոսքը
4. սովորում են այն երեւույթներից մեկը, որը կոչվում է սիրո արվեստ
5. եւ ամենակարեւորըՙ տիրապետում են հոգու, մտքի, խոսքի ներդաշնակությանը:
Այս ամենը շատ կարեւոր է տղամարդկանց հետ շփման համար, քանի որ գեյշան ոչ միայն պետք է հիացնի իր արտաքին գեղեցկությամբ, որի համար նա ժամեր շարունակ պատրաստվում է, այլ նաեւ ներքուստ պետք է լինի նույնքան հմայիչ, ինչը թույլ է տալիս նրան լինելու տղամարդու ընկերն ու ոգեշնչման աղբյուրը:
Ուսումնասիրելով հոգեբանությունՙ գեյշան տիրապետում է մարդուն հասկանալու, նրա հոգեվիճակը ըմբռնելու կարողությանը: Սա շատ կարեւոր է տղամարդու համար: Նա զգում է գեյշայի ընկերակցությունը, ով առանց քննադատելու կամ ընդհատելու կարող է լսել իրեն, հասկանալ նրա հոգեվիճակը եւ ճիշտ խորհուրդ տալ, այսինքնՙ լինել լավ ընկեր:
Տղամարդը գիտի, որ այն ինչ ասվել է գեյշային, դուրս չի գա այդ սենյակի պատերից:
Զարգացնելով ստեղծագործելու ունակությունը գեյշան կարող է յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ստեղծել մի նորՙ նախորդին գերազանցող գեղեցիկ բան` դա կլինի փիլիսոփայական խոսք, ծաղիկների փնջավորում, երգ թե պար: Այս միջոցով նրա հետ յուրաքանչյուր հանդիպումը լինում է նորովի եւ առանց կրկնության:
Խոսքի կատարելագործումը նույնպես շատ կարեւոր է: Գեյշան պետք է իմանա ինչպես խոսել, ինչից խոսել եւ որտեղ խոսել: Նրա խոսքը պետք է լինի կիրթ, կշռադատված եւ տեղին: Սիրո արվեստին տիրապետելը օդ ու ջրի պես հարկավոր է գեյշային: Յուրաքանչյուր տղամարդ գտնվելով գեյշայի կողքին, պետք է իրեն զգա ամենա-ամենան, պետք է զգա, որ սիրված է, որ բացի իրենից գոյություն չունի որեւէ այլ տղամարդ, որով կարող է հետաքրքրվել գեյշան: Նա գեյշայի կողքին պետք է զգա իրեն ուժեղ տղամարդ, եւ ինչպես ճապոնացիներն են ասումՙ գեյշան հոգու համար է, իսկ տղամարդը գեյշայի կողքին զգում է իրեն ինչպես սամուրայ:
Հոգու, մտքի, խոսքի ներդաշնակությունը իր մեջ ներառում է վերը նշված բոլոր հատկանիշները:
Սա գեյշայի գաղտնի զենքն է: Այն ինչ նա անում է, ինչին դիպչում է եւ ինչ որ խոսում է, այնքան բնական է, չկա ոչ մի արհեստականություն:
Ահա սա է գեյշայի բարձրակարգ վարպետությունըՙ ստեղծել այդպիսի միջավայր:
Սակայն ինչպես շատ մարդիկ, գեյշան նույնպես ունակ է սիրելու մեկին եւ մեկ անգամ:
Նա հավերժ գեյշա մնալ չի կարող: Մինչ ամուսնանալը նա թողնում է գեյշայի իր աշխատանքը. միայն դրանից հետո նա կարող է ամուսնանալ:
Ժամանակակից ճապոնիայում կան թե կին եւ թե տղամարդ գեյշաներ: Նրանք փորձում են պահպանել դարերից եկող գեյշաների ավանդույթները: Ժամանակակից գեյշաները տարբերվում են հներից, եւ այժմյան ճապոնիայում գեյշաները շատ չեն:
Ամենածեր գեյշան 100 տարեկան է: Նրա անունը Կոկին Սամա է: Նա իր կյանքի 80 տարին նվիրել է այդ արվեստին: Մինչ այսօր նա նվագում է սյամիսենե ազգային գործիքի վրա եւ երգում:
Աշխարհի ամենաճանաչված գեյշան Մինեկո Իվասակին է, ով Արթուր Գոլդենի «Գեյշայի մեմուարները» գրքի հերոսուհու` Սայուրիի նախատիպն է: Այս գրքի հիման վրա նկարահանվել է նաեւ համանուն ֆիլմ:
Միակ օտարերկրյա գեյշան ավստրիալուհի Ֆիոնա Գրեմին է, ում բախտ է վիճակվել աշխատել որպես գեյշա եւ ներկայացնել Արեւմուտքը:
Իսկ աշխարհի այժմյան միակ գեյշա տղամարդը բնակվում է Տոկիոյում: Նրա անունը Էյտարո է: Մայրը եղել է գեյշա, եւ նրա մահից հետո Էյտարոն որոշել է շարունակել նրա գործը:
Գեյշաները շուրջ 400 տարվա պատմություն ունեն: Դարերի ընթացքում շատ բան է փոխվել, սակայն ճապոնացիները խնամքով պահպանել են այն, ինչն իրենց համար թանկ է եւ պատմության մի մասն է կազմում:
Միայն գնահատելով, պահպանելով, առանց աղավաղելու ճիշտ մատուցելովՙ կարելի է յուրաքանչյուր գեղեցիկ երեւույթ պահպանել դարեր շարունակ:
Գեյշա լինելը մեծագույն եւ բարդ արվեստ է, ուստի շատերս միայն կողքից կարող ենք հիանալ եւ վայելել նրանց ներկայությունը:

նյութը վերցված է՝ http://www.azg.am/AM/2014091226