Posted by
hasmik ամսաթիվ` Nov 21, 2015 in
Հայաստան,
Լուրեր
Ճապոնական տրամադրություն Երևանում. հաջորդ շաբաթ Երևանում ճապոնական մշակույթի օրեր են լինելու, որոնց մասին
BlogNews-ը զրուցել է
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հետ։
Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին, ճապոնացի գրող
Մացուգո Օնոն, ով ստացել է
«Ակուգավա» հեղինակավոր մրցանակն իր «Ինը տարվա վաղեմության աղոթք» ստեղծագործության համար,
դասախոսություն կկարդա Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, որին կհաջորդի հայ գրող Արամ Պաչյանի հետ երկխոսությունը: Դեսպանը նշեց, որ Պաչյանին ընտրել են հայ գործընկերների խորհրդով։
Նոյեմբերի 25-ին, ժամը 19:00-ին
հայ-ճապոնական «Հիկարի» մշակութային կենտրոնում տեղի կունենա
համերգ՝ երգահան-կատարող Իրիե Յոսուկեի կատարմամբ։ Ներկայացվելու է ճապոնական ավանդական
շակուհաչի գործիքը։ Շակուհաչին ճապոնական ազգային գործիք է, որը շատ նման է հայկական դուդուկին, պարզապես այն պատրաստված է բամբուկից»,- ասաց Էյջի Տագուչին։

Նոյեմբեր 27-ին
Մոսկվա կինոթատրոնում կանցկացվի ճապոնական ֆիլմերի 9-րդ փառատոնի բացումը։ «Կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու է 5 կինոնկար՝ ժամանցային, սիրային։ Մի ֆիլմն էլ ջրի՝ սնդիկով աղտոտվածության մասին է։ Փորձել ենք ընտրել այնպիսի ֆիլմեր, որոնք կհետաքրքրեն և՛ մեծահասակներին, և՛ երիտասարդներին։ Կարծում եմ՝ ֆիլմերի միջոցով շատ հեշտ և ճիշտ է ներկայացնել ինչ-որ մի երկրի մշակույթ։ Ես ցանկանում եմ, որ այս կինոցուցադրությունը նպաստի ճապոնական մշակույթի տարածմանը Հայաստանում։ Ես հուսով եմ և կարծում եմ, որ հայերին կհետաքրքրեն այս ֆիլմերը»,- ասաց Հայաստանում Ճապոնիայի դեսպանը։
Նա կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի այլ քաղաքներում։ Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին կինոփառատոնը կանցկացվի համապատասխանաբար Գյումրիում և Էջմիածնում։ Մտադրություն կա հաջորդ տարվա սկզբին այն կազմակերպել նաև Վանաձորում։

Արդեն նոյեմբեր 28-ին, ժամը 19:00-ին
«Հիկարի» մշակութային կենտրոնում ելույթ կունենա ճապոնացի դերասանուհի Սայոկո Շիրոտանինը։ Նա կխաղա ներկայացում և կերգի, կներկայացվեն նաև ճապոնական ավանդական պարեր:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի