Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում իրականացվում են Եղվարդի ջրամբարի Տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություններ ծրագիրը: Ծրագրի նպատակն է տնտեսագիտական և տեխնիկական գնահատականներ տալ ու հիմնավորել Եղվարդի ջրամբարի կառուցման նպատակահարմարությունն ու արդյունավետությունը:
Սույն թվականի հունիսի 16-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեում կայացավ ՃՄՀԳ/ JICA-ի պատվիրակության և ծրագիրն իրականացնող «Սանյու» խորհրդատվական թիմի ներկայացուցիչների հանդիպումը կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնելու «Գյուղատնտեսության և ոռոգման ոլորտների վերաբերյալ հավաքագրման հետազոտության» վերջնական հաշվետվությունը:
Կողմերը նշեցին, որ ապագա ջրամբարի կառուցումը կարևորվում է մի քանի առումներով.
– վարարումների և տեղումների շնորհիվ տարեկան 90 մլն խ/մ ջրի պահեստավորում,
– ոռոգվող հողատարածքների ավելացում շուրջ 3000 հա-ով,
– Սևանա լճից վերցվող ջրի տնտեսում տարեկան 50 մլն խ/մ-ով,
– պոմպային/ մեխանիկական ոռոգման ծախսերի կրճատում, ջրամբարի սպասարկման տարածքում անցում ինքնահոս ոռոգման,
– ջրի տեղափոխման արդյունավետության բարձրացում 50 %-ով:
Հանդիպման առանցքային հարցերը կապված էին ապագա ջրամբարի ծավալի, ջրային հաշվեկշռի հաշվարկի, ջրամբարի կառուցման եղանակների, ջրամբարի տեխնիկատնտեսական գնահատման ծրագրի բնապահպանական փորձաքննության (ՇՄԱԳ) ներկայացման հետ:
Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ներկայացնելով հանրապետությունում ոռոգման ջրի պաշարների կուտակման արդի իրավիճակը, համեմատություն կատարելով հարևան երկրների հնարավորությունների հետ՝ շեշտեց, որ ջրամբարաշինությունն այսօր հանրապետությունում ջրային ոլորտի գերակա ուղղություններից է, որն ամրագրված է ռազմավարական հեռահար ծրագրերով:
ՃՄՀԳ–ի գլխավոր գրասենյակի Միջին Ասիայի և Կովկասյան երկրների վարչության պատասխանատու տիկին Վակուի Ակիկոն, ներկայացնելով իրենց կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, խնդրեց քննարկել ջրամբարի ծավալի, այն լցնելու աղբյուրների, հավանական ռիսկերի ու հետագա զարգացումների/ընդլայնումների հետ կապված հարցերը:
Քննարկելով բարձրացված հարցերը՝ կողմերը հրավիրեցին շահգրգիռ կողմերի «Մեկնարկային ժողով», որին հրավիրված էին շահագրգիռ այլ նախարարությունների, ոռոգման ԾԻԳ-ի ներկայացուցիչներ:
«Մեկնարկային ժողովի» ընթացքում ՃՄՀԳ-ի և «Սանյու» խորհրդատվական թիմի ներկայացուցիչները ներկայացրեցին կատարված աշխատանքները, կազմեցին ապագա գործողությունների «ճանապարհային քարտեզը», ճշգրտեցին կողմերի իրավասություններն ու պարտականությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համատեղ աշխատանքների շուրջ:
նյութը վերցված է՝ http://www.a1plus.am/1390110.html