Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ տոկիոյաբնակ հայ ջութակահար Կարեն Իսրաելյանի և ճապոնացի տավիղահար Ուրարա Ինոուեի համատեղ համերգը, որը նվիրված էր ՀՀ Ճապոնիայի դեսպանատան բացմանը:
Համերգը բաղկացած էր երկու մասից: Հնչեցին թե՛ ճապոնացի, թե՛ հայ երաժիշտների ստեղծագործություններից, այդ թվում` Կոմիտասի «Ծիրանի ծառ», «Կռունկ», «Չինար ես» և «Ալ այլուղս» ստեղծագործությունները:
Համերգին ներկա էր ՀՀ Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Թագուչին: NEWS.am STYLE-ի հարցին, թե որքանով են նման մշակութային իրադարձությունները կարևոր հայ-ճապոնական հարաբերություններում, դեսպանը պատասխանեց. «Ինչպես գիտեք` Ճապոնիայի դեսպանատունը Հայաստանում նոր է բացվել և ես այստեղ եմ նաև, քանի որ ցանկանում եմ, որ հայ-ճապոնական համատեղ մշակութային իրադարձություններն ավելի հաճախակի բնույթ կրեն, որպեսզի մեր ազգերի միջև ամրապնդվեն մշակութային հարաբերությունները: Նման իրադարձությունները շատ կարևոր են միմյանց ավելի լավ հասկանալու համար»:
Դեսպանը նաև ավելացրեց, որ հնարավորության դեպքում իրենք ձեռնամուխ կլինեն, որպեսզի Հայաստանում հաճախ կազմակերպվեն հայ-ճապոնական համերգներ:«Ես շատ ուրախ եմ, որ ճապոնացի տավիղահարուհին եկել է Հայաստան և նվագում է հայկական ազգային երաժշտություն, քանի որ մշակութային զարգացումները ենթադրում են երկկողմանի հարաբերություններ, ինչպես, օրինակ, այսօր` ճապոնական և հայկական երաժշտության միջև»,-մեզ հետ զրույցում նշեց Թագուչին
Ի դեպ, ամուսնուն ոգեշնչելու էր եկել նաև ջութակահար Կարեն Իսրաելյանի կինը` ճապոնուհի Սակուրան իրենց որդու` Անդրանիկի հետ:
Համերգը կազմակերպել էին «Հիկարի» հայ-ճապոնական կենտրոնը և «Արև արտ մենեջմենթ» կազմակերպությունը:
Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը սկսել է իր գործունեությունը տարիներ առաջ:2005 թ. օգոստոսի 6-ին Գեղագիտության Ազգային կենտրոնի օրիգամի խմբի սաները Ճապոնիայի Հիրոշիմա քաղաք ուղարկեցին հարյուրավոր նկարազարդ «Խաղաղության լապտերներ» և 1000 թղթե կռունկ՝ այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով 1945 թ. ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին: Ակցիան շատ ջերմ արձագանք գտավ Ճապոնիայում, որից հետո այն վերածվեց ամենամյա ծրագրի և իրականացվում է մինչ օրս: Հետագայում այդ խմբի գործունեության հիման վրա էլ ստեղծվեց` «Խաղաղության լապտերներ» ՀԿ-ն, իսկ այնուհետև հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը:
Սյունե Առաքելյան
նյութը վերցված է՝ http://goo.gl/Ep6zPx
Տեսանյութի հեղինակ՝ Հ. Մուրադյան