Հայկական Մարաշի ասեղնագործությունը ճապոնուհու աչքերով

Share

Վարդանյան Աննա

04.18 · 2020

«Անհրաժեշտ է, որպեսզի ճապոնացիները գիտակցեն, որ շատ բան կա սովորելու հայկական ասեղնագործության գաղտնիքներից»

Միե Իշիի

Անչա՜փ հաճելի է, երբ Հայաստանով, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրվում են, արժևորում են։ Այս անգամ ներկայացնում եմ հայ ժողովրդի բարեկամ տիկին Միե Իշիին, ով գործվածքի վերականգնման լավագույն մասնագետներից մեկն է համարվում աշխարհում։ Նա բազմիցս այցելել է Հայաստան և իր տպավորություններն ամփոփել տարբեր գիտական հոդվածներում, որոնցից հատկապես վերջինը գրավել է իմ ուշադրությունը: Եվ այսպես․․․

2011–2014 թթ․ՄԻԵ ԻՇԻԻՆ Հայաստանի Պատմության Թանգարանում՝թանգարանների մասնագետների համար անցկացրել է գործվածքի վերականգնման և պահպանման սեմինարներ, որոնք կազմակերվել էին Ճապոնական հիմնադրամի կողմից։

Գործվածքների վերականգնմանն ուղղված դասընթացները նոր հմտություններով կզինեն հայ մասնագետներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ազգային հետազոտությունների ինստիտուտի մասնագետները հայ ռեստավրատորներինև…

armenpress.am

The Armenian Marash Embroidery Through the Eyes of a Japanese Woman-1

Արվեստի և արհեստի խթանման Սատո հիմնադրամի հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2015թ-ին Էջմիածնի Մայր Տաճարի թանգարաններում կատարել է եկեղեցական հանդերձանքի ուսումնասիրում։ 2017թ-ին որպես դասախոս մասնակցել է պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում անցկացված գործվածքի վերականգնման և պահպանման սեմինարներին, որն իրականացվել է Հայաստանի մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտական ինստիտուտի մշակութային ժառանգության ոլորտում միջազգային համագործակցության կենտրոնի կողմից։

ՄԻԵ ԻՇԻԻՆ գրում է, որ այս միջոցառման շնորհիվ, որպես արտասահմանցի, հնարավորություն է ունեցել մոտիկից ծանոթանալու հայկական գործվածքի հետ։ Երբ նրան հարցնում են, թե ի՞նչ է հայկական գործվածքը, պատասխանում է. «Թելի մեջ ամփոփված հայի հոգին է»։ Նրա կարծիքով՝ մշակութային ժառանգության վերականգնումն ու պահպանումը ոչ միայն իրը ֆիզիկապես պահպանելու եղանակ է, այլ պետք է ունենալ այնպիսի մոտեցում, որ անհրաժեշտ է պահպանել նաև իրի մեջ պարփակված անտեսանելի և անդիպչելի գործոնները՝ ոգին և հավատը։ Միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված սեմինարների ժամանակ հեղինակի համար առաջնային խնդիր էր իմանալ, թե ի՞նչն են կարևորում հայերը։ Նա սկսեց ուսումնասիրել հայկական ասեղնագործությունը, որովհետև ասեղնագործության մեջ, ինչպես և գործվածքի վերականգնման ժամանակ, օգտագործվում է ասեղ ու թել, ինչն իրեն հարազատ էր, և որովհետև զգում էր, որ թելի ու ասեղի աշխարհը կարող է հաղթահարել լեզվական պատնեշը։ Ամեն անգամ Հայաստան այցելելիս քիչ-քիչ ուսումնասիրել է ասեղնագործությունը։ Հեղինակն իր աշխատություններում ընդհանուր գծերով ներկայացնում է Ճապոնիայում դեռևս անծանոթ հայկական ասեղնագործությունը, քննարկում այժմյան Հայաստանի Հանրապետությանը ժառանգված «Մարաշի ասեղնագործությունը», իսկ վերջում ներկայացնում է Հայաստանում արվեստի՝ ներառյալ ասեղնագործության ուսուցումը, քննարկում նաև Ճապոնիայում խնդիր հանդիսացող ավանդական գործվածքի տեխնոլոգիայի շարունակականությանը վերաբերող հարցերը։

Հայկական ասեղնագործություն։ Մայրաքաղաք Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, տեղակայված է Հայաստանի Պատմության Թանգարանը։ Թանգարանի առաջին հարկում գործում է գորգերի, իսկ երկրորդ հարկում՝ ազգային հագուստի մշտական ցուցադրությունը։ Երկրորդ հարկի մի սրահում՝ մանեկենների վրա հագցված են 19-րդ դարից մինչև 20-րդ դարասկզբի ազգային հագուստներ, մեկ այլ սրահում կարելի է տեսնել զանազան ձևերով և տեխնիկաներով կատարված ասեղնագործված աշխատանքներ (2017թ․սեպտեմբերի դրությամբ)։Պատմության թանգարանից ու ցուցադրությունից հասկանալի է դառնում, որ Հայաստանում կարևորում են գորգերը, ազգային հագուստն ու ասեղնագործությունը։ Այժմյան Հայաստանի գործվածքին ծանոթանալու համար կարելի է այցելել Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Վերնիսաժի զբոսայգի։

The Armenian Marash Embroidery Through the Eyes of a Japanese Woman-2

Վերնիսաժի տոնավաճառում ներկայացվում են հետաքրքիր նմուշներ։ Ասեղնագործ նախշերն ավանդական են՝ նռներ, Աստվածաշնչից վերցված մանրանկարչություն և այլն, կարելի է տեսնել նաև փութաջանորեն կատարված աշխատանքներ։ Վաճառող (ասեղնագործ) կանանց պատմություններից իմանում ես, որ այդտեղ կան Հայաստանի կառավարության կողմից ընդունված և Ռուսաստանի կիրառական արվեստի մրցույթներում հաղթած վարպետներ, այնպես որ հետաքրքիր էր շրջել ու տեսնել ոճերի ու տեխնիկաների տարբերությունը։ Ասեղնագործությունը ավանդական հմտություն է, որ ժառանգել են հայ կանայք։ Նաև իրենց ասեղնագործությունը տոնավաճառում վաճառելով՝ տանը եկամուտ ապահովելու միջոց։ Երբ հարցրեցի ասեղնագործությունների մասին, ցույց տվեցին տարատեսակ ասեղնագործություններ ու ասացին․«Սա Այնթապ է, սա Մարաշ, սա՝ Վանի ժանյակ»։ Այդ բառերը պփնտրեցի բառարաններում ու հասկացա, որ տեղանուններ են։ Այնթափը քաղաք է Թուրքիայի հարավ-արևելքում, ասեղնագործության առանձնահատկությունը՝ սպիտակ կտորի վրա «drawwork» կոչվող տեխնիկան է։ Մարաշը նույնպես Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող քաղաք է։ Սև և կարմիր թավիշի վրա հիմնական գույնով, կարծես պարան հյուսելով, խաչ է ասեղնագործվում։ Վանը Թուրքիայի արևելքում գտնվող քաղաք է, իսկ ժանյակը թելով և ասեղով ցանցաձև ասեղնագործված գործվածքն է (նույն տեխնիկան է, ինչ թուրքական օյան)։ Հայկական ասեղնագործության վերաբերյալ անգլերեն գրականությունը սակավ է, և տեղում աշխատանքների միջոցով վերջապես հասկացա, որ գոյություն չունի ասեղնագործություն, որ մեկ բառով կարող ենք կոչել «հայկական ասեղնագործություն»։ Հայկական ասեղնագործության անունները ծագում են տեղանուններից, իսկ «հայկական ասեղնագործություն» ասվածը տարբեր նախշաձևերի ու տեխնիկաների ընդհանուր անվանումն է։ Ասեղնագործությունը տեղանուններով կոչելու պատճառը խորապես կապված է Հայաստանի պատմության հետ։ Կանայք՝ որպես իրենց՝ համայնքին պատկանելու նշան, հաստատելով տարածաշրջանին արմատավորված ասեղնագործական յուրահատուկ ձևեր, ասեղի ու թելի միջոցով արտահայտել են այլ համայնքների հետ տարբերությունը։ Միջնադարում Հայաստանի տարածքն ընդլայնվում է (Կիլիկյան Հայաստան, 1080թ, 1198թ, 1375թ), սակայն 1636 թ․բաժանվում է Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Քրիստոնեություն դավանող հայերը դրսում ենթարկվում էին իշխողների կրոնի՝ իսլամի կանոններին (օրինակ՝ հայ կանայք գլխաշոր չեն կապում, սակայն դուրս գալիս կապում էին), ընտանիքում և համայնքի ներսում պահպանում էին կրոնի հետ միասնական դարձած ազգային ինքնությունը։ 1826թ․ 2-րդ ռուս-պարսկական պատերազմից հետո Պարսկաստանի կազմում գտնվող Հայաստանի տարածքն անցավ Ռուսաստանին։ Իսկ Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերի ու թուրքերի էթնիկական հակամարտությունները սրացան և 1915–1916թթ․ տեղի ունեցավ ողբերգություն՝ հայերի ցեղասպանությունը։ Ցեղասպանությունից փրկված հայերը գաղթեցին Ռուսաստանի կազմում գտնվող Հայաստան (այժմյան Հայաստանի Հանրապետություն), Սիրիա, Լիբանան,  Ֆրանսիա, Իտալիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հայաստանից դուրս կա դիասպորա (հունարենից՝ սփռում, տարածում) կոչվող սփռված մեծ համայնք։ Երկրում բարեգործական կազմակերպությունների կողմից ասեղնագործություն էր ուսուցանվում որբերին և այրիացած կանանց՝ ինքնուրույնություն ձեռք բերելու նպատակով։ Այժմյան Հայաստանի Հանրապետությունում, բացի Վանում ծագած ժանյակից, կարելի է տեսնել նաև քիչ առաջ նշած Մարաշի ու Այնթապի ասեղնագործությունները։ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հայկական համայնքը հավաքել է Լիբանանում ավանդված բոլոր տարածաշրջանների ասեղնագործությունն ու լույս ընծայել «Մարաշի ասեղնագործություն» (Tokmajian, 2010)։ Հայերը գիտակցում են, որ տարածաշրջանի առանձնահատկությունն ունեցող հայկական ասեղնագործությունը իր օրրանից հեռու սերունդներին ժառանգելու համար անհրաժեշտ է ազգային ինքնության ամրապնդում։

The Armenian Marash Embroidery Through the Eyes of a Japanese Woman-3

Խորը հարգանքով և խոնարհումով պետք է փաստեմ, որ հազվադեպ է պատահում, երբ ճապոնացի հետազոտողը բաց տեքստով գրում է Հայոց ցեղասպանության մասին։ Թերևս այս փաստն ինքնին մեծ հարգանքի է արժանի։ Աննա Վարդանյան

Ասեղնագործության հիմնական խորհրդանշանները։ Հայկական ասեղնագործությունը հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ նախշերի մեջ ամփոփված խորհուրդը, որոնցից տարածվածները հետևյալն են․

Հավերժություն (արևախաչ)

Արևախաչը հավերժության նշանն է։ Հայաստանի խորհրդանիշն է, կոչում են նաև հայկական գնդակ։ Հաճախ պատկերվում է շրջանի մեջ՝ ութ թևերը աջ կամ ձախ թեքված։ Արևախաչը ծագել է հնում, կարելի է վերադառնալ անգամ բրոնզեդար, հանդիպել այնպիսի հնավայրերում, որտեղ հայերն անցյալում բնակություն են հաստատել։ 8 թիվը 4 ուղղությունների՝ արևելքի, արևմուտքի, հյուսիսի ու հարավի և երկրի 4 տարրերի (օդ, կրակ, ջուր, հող) գումարն է, որը խորհրդանշում է աշխարհը։ Հայաստանում սիրում են 4 թիվն ու դրա կրկնապատիկը։

Արև (ծաղիկ)

Ութ թևանի աստղը կամ ութ թերթանի ծաղիկը խորհրդանշում է արևի աստծուն։ Ծաղկի թերթերը չեն սահմանափակվում ութով, կարող են լինել նաև չորսի բազմապատիկ թիվը։ Արևի նշանը կարելի է հեշտությամբ շփոթել հավերժության նշանի հետ։

Կենաց ծառ

Կենաց ծառը նռնենին է, պտղաբերության ու կյանքի խորհրդանիշը։ Զույգ (տղամարդ և կին, մարդիկ) Տղամարդու և կնոջ կամ մարդկանց խորհրդանշանները արտահայտում են հայերին, խորհրդանշում են պտղաբերություն ու կյանք։

«Հայկական ասեղնագործության մեջ ամփոփված է հայի հոգին»։

Միե Իշիի

Մարաշի ասեղնագործություն։ Մարաշը տեղանուն է, այժմյան Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաս (Kahramanmaras) քաղաքն է։ Մարաշը Կիլիկիայի հայկական թագավորության քաղաք էր և մինչև 1915–16թթ․հայերի ցեղասպանությունը մեծամասամբ բնակեցված էր հայերով։ Ցեղասպանությունից փրկված Մարաշի շատ հայեր փախան Լիբանան, Սիրիայի Հալեպ և Դամասկոս քաղաքներ, Ռուսաստանի կազմում գտնվող Հայաստան։ Մարաշի ասեղնագործությունը վկայությունն է Հայաստանի ծաղկունքի, որ այդ հողի վրա հայեր են ապրել և այժմյան Հայաստանը ժառանգել է այն։ 2011թ․ Սիրիայում սկսած խռովություններից հետո շատ հայեր փախան Հայաստան։ Փախստական կանայք Մարաշի ասեղնագործությամբ ապրանքներ են պատրաստում, իսկ բարեգործական կազմակերպությունները զբաղվում են նաև դրանց վաճառքի գործունեությամբ։ Ասեղնագործության տեխնիկան Մարաշի ասեղնագործության մեջ կիրառվում է հարթակար և հյուսված կար։ Պատահում է՝ երբ միայն մեկով են ասեղնագործում, կարելի է հանդիպել երկուսը միասին օգտագործված աշխատանքներ, սակայն երկու տեխնիկաները (կարերը) միասին կոչվում են Մարաշի ասեղնագործություն։ Առանձնահատկությունն է հանդիսանում հյուսված կարը։ Սերիկ Դավթյանի «Մարաշի ասեղնագործությունը» (1978թ․) լայն տարածում գտած ձեռնարկ է,  որում գծագրերով հասկանալիորեն տրված են ասեղի անցկացման ձևերը։ Հարթակարը (Զեյթունի կար, իրկա, աթլազլամա) լիցքի տեխնիկա է , որի ժամանակ կտորը ծածկվում է ցողունակարով։ Հյուսված կարը` հիմք հանդիսացող թելը խաչաձև անցկացնելուց հետո թելերն իրար հետ խաչաձև փաթաթելու եղանակ է։

The Armenian Marash Embroidery Through the Eyes of a Japanese Woman-4

Եթե խաչերը շարունակվում են, եղևնաձև կարը (heringbone stitch) կարելի է երկշերտ անել և ստանալ գիծ, շրջան, եռանկյուն, քառանկյուն և այլ ձևեր։ Քանի որ հայկական ավանդական խաչքարերում նույնպես քանդակաված են խաչվող թելերի նախշեր, կոչվում են նաև ասեղնագործ խաչքար։ Ամենուր, որտեղ սկսել է հայկական համայնք բնակվել, կարելի է հանդիպել նույն տեխնիկայով կարատեսակ։ Հնդկաստանում անվանում են Kutch work (հնդկերեն՝ Gujrati կամ Shindi), և սա արմատացած է որպես հնդկական ասեղնագործություն։ Հայաստանի և Հնդկաստանի կարերը տարբերվում են ոչ թե ասեղանգործության արտաքին ավարտուն տեսքով, այլ թե ինչպես է կատարվում ուրվանկարը։ Հայաստանում գծում են խաչի ուրվանկարն ու գագաթներից մտցնում ասեղը, իսկ Հնդկաստանում խաչ չեն նկարում, այլ պատրաստ գիծն են գծում։ Օգտագործում են բարակ, ամուր ոլորված բամբակյա կամ մետաքսյա թել (DMC ասեղնագործության թելի 5–8 համարը)։

The Armenian Marash Embroidery Through the Eyes of a Japanese Woman-5

Թեև հարթակարում օգտագործվող ասեղնագործության թելը բամբակյա է և թույլ ոլորված, հյուսված կարի ժամանակ սովորաբար օգտագործվում է բարակ, ուժեղ ոլորված բամբակյա թել, կիրառվում են նաև բրդյա, մետաքսյա, մետաղյա թելեր։ Կտորի թելերը չքաշելու համար հարմար է կլորավուն ծայրով ասեղը։ Ասեղնագործությունը սկսելու համար ընտրում են էսքիզն ու նկարում այն կտորի վրա։ Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրված է խաչի փայտյա դրոշմ, որով դրոշմում էին կտորը։ Այժմ գծանկարն արվում է քանոնով, մատիտով կամ tailors chalk pencil-ով։ Մարաշն օգտագործվել է պատի գորգերի, անկողնու ծածկոցների, սեղանի սփռոցների և սենյակի այլ հարդարանքների համար, և տեսնելով 20-րդ դարասկզբի գործերը, հասկանում ենք, որ օգտագործվել են կարմիր, մուգ կապույտ, սև և այլ մուգ գույների մետաքսե, թավշյա, հաստ բամբակից ու վուշից կտորներ։ Հյուսվող կարը կոչվում է «գաղտնակար», որը դժվար է սովորել առանց այդ «գաղտնիքը» իմացող մարդու օգնության։ Եթե շփոթեն խաչի կրկրնվող նախշը ստանալու համար եղևնաձև կարի հիմնական թելերի հատումը, հյուսվող թելը ճիշտ չի մտնի։ Երբ իրականում անում ես Մարաշի ասեղնագործությունը, նկարում ես խաչի գծագիրը, դրան հետևելով հյուսում ես թելն ու ինքնաբերաբար վերադառնում մեկնարկի կետին, թվում է, թե այդ գործողությունը միաձուլումն է Քրիստոնեության ու Հայաստանի հավերժության, ինչն այնքան բնորոշ է հայկական ասեղնագործությանը։

The Armenian Marash Embroidery Through the Eyes of a Japanese Woman-6

Ասեղնագործության ուսուցումը։ Երևանում է գտնվում 1970թ․աշխարհում առաջինը հիմնված մանկական պատկերասրահը, որը մասնագիտացած է երեխաների կողմից ստեղծված արվեստի գործերի հավաքման, պահման, ցուցադրման գործում։ Հիմնադիր Հենրիկ Իգիթյանը 1968թ․Երևանում տեսել է մանկական ցուցահանդես, մտածել,  որ այդ գործերը պետք է պահպանվեն, և որոշել է երեխաների արվեստը ցուցադրող պատկերասրահ հիմնել։ Որպես այս պատկերասրահին առնչվող կազմակերպություն, 1978թ․հիմնվում է Գեղագիտության ազգային կենտրոնը։ Կենտրոնը Խորհրդային ժամանակաշրջանից, երեխաներին արվեստի ուսուցման միջոցով, ստանձնել է ազգային դիմագիծը փոխանցելու դերը։ Երեխաները դպրոցից հետո կարող են հաճախել կենտրոն և անվճար սովորել գեղանկարչություն, փորագրություն, ասեղնագործություն և այլն։ Հոդվածի հեղինակը 2012թ․այցելել է Երևանի, իսկ 2013թ․ Թալին քաղաքի դպրոցը և զարմացել, որ թեև Գեղագիտության ազգային կենտրոն է, դասարանը գտնվում էր բնակելի թաղամասի մի ծածուկ վայրում և ցուցանակ չունի։ Երեխաները Մարաշի ասեղնագործությամբ պատրաստում էին ավանդությամբ ու ոճով չսահմանափակվող գործեր։ Բացատրեցին, որ կենտրոնում դասագրքեր չեն օգտագործում, ուսուցումը կատարվում է ուսուցչից երեխային՝ խոսքի և հնարքները ցուցադրելու միջոցով։ Այցելելով Գեղագիտության կենտրոն՝ հասկանալի դարձավ, թե ինչու են ասեղնագործության մասին հայերեն ձեռնարկները քիչ։ Արվեստի միջոցով փոխանցվում է ազգի ինքնության միջուկը, իսկ արվեստի ուսուցման լավագույն եղանակը՝ փոխանցումն է մարդուց մարդուն։ Դժվարությունների միջով անցած ժողովուրդը ժառանգում է արվեստն առանց գործունեության մասին վկայություն թողնող գրի։ Սա վերաբերում է նաև ասեղնագործությանը։ Գեղագիտության ազգային կենտրոնում և մեծահասակների համար նախատեսված Տերյան մշակույթի կենտրոնում ասեղնագործություն է դասավանդում ասեղնագործուհի և ասեղնագործության ուսուցման ոլորտում առաջատար մասնագետ Լուսինե Մխիթարյանը։ Ուսուցչուհի Լուսինեն սույն հոդվածի հեղինակին Մարաշի ասեղնագործություն է ուսուցանել, առանց ձեռնարկի, հնարքները ցույց տալու եղանակով։ Ուսուցչուհի Լուսինեն, հիմնական և փաթաթվող թելերի գույները փոխելով, ավանդական Մարաշին հաղորդել է գունավորում և ժամանակակից կյանքի ձևին համապատասխանող դիզայն։ Երեխաներին ուսուցանելիս նա  չի սահմանափակվում ավանդական նախշերով, և թողնելով երեխաների երևակայության վրա՝ խթանում է գեղանկարչական արտահայտություններն ու թարմ շունչ է հաղորդում Մարաշի ասեղնագործությանը։

Վերջաբան։ Հայկական ասեղնագործությունը կիրառական արվեստ է, որը գոյատևել է դժվարություններ կրած իր ազգի հետ միասին։ Սա ընդհանուր անվանումն է տարբեր դիզայնով և տեխնիկաներով ասեղնագործությունների, որոնք կրում են այն տարածաշրջանի անունը, որտեղ ծագել են։ Իր նախնական ծագումնավայրից հեռու, սերունդներին փոխանցելու համար կրթության միջոցով, հայկական համայնքը բոլոր վայրերի ասեղնագործությունները որպես հայկական ասեղնագործություն հաջորդ սերունդներին ժառանգելու գործունեություն է ծավալում՝ հարմարվելով ժամանակակից կենսակերպին։ Ճապոնիան կարևորում է ավանդական մշակույթը, սակայն չկա տեքստիլի կիրառական արվեստը վաղ տարիքից ուսուցանելու համար պետականորեն ֆինանսավորվող համակարգ, և ներկայումս ճապոնական ասեղնագործությունն ու տեքստիլին առնչվող այլ արվեստներն արագորեն կորչում են։ Բայց և այնպես միջոցներ չեն ձեռնարկվում։ Անհրաժեշտ է, որպեսզի ճապոնացիները գիտակցեն, որ իրենց ինքնությունը ճապոնական ասեղնագործության և ճապոնական գործվածքի մեջ է նաև, և այդ հարցում շատ բան կա սովորելու հայկական «ասեղնագործության գաղտնիքներից»։

Որպես ամփոփում հոդվածագիրն իր երախտիքի խոսքն է ուղղել իր ընկերներին՝ Հայաստանում միջազգային համագործակցությունը չէր իրագործվի առանց Տեիկյո համալսարանի պրոֆեսոր Կաձույա Յամաուչիի և դասախոս Ակիրա Ֆուջիսավայի, Տոկայ համալսարանի դոցենտ Արիմուրա Մակոտոյի, NHK մշակութային կենտրոնի Սաիտամայի մասնաճյուղի դասախոս Յոկոյամա Միդորիի օգնության։ Իրենց օժանդակությունն են ցուցաբերել նաև հայ ընկերներս՝ Հայաստանի պատմության թանգարանի գործվածքի վերականգնող Մարո Հարությունյանը, թարգմանիչ Լիլիթ Խանսուլյանը, թարգմանիչ Ռուզան Խոջիկյանը, ասեղնագործության ուսուցչուհի Լուսինե Մխիթարյանը։ Սույն հետազոտությունը իրականացվել է ճապոնական ֆոնդի և արվեստի ու արհեստի խթանման Սատո հիմնադրամի հետազոտական դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Սրտանց շնորհակալ եմ բոլորին համագործակցության համար։

Կարծում եմ, որ այս գրականության ցանկը մեծապես կօգնի վարպետներին, թեմայով հետաքրքրվողներին իրենց ուսումնասիրությունները շարունակելու գործում։

1) Միե Իշիի, Մակոտո Արիմուրա, Միդորի Յոկոյամա «Հայաստանի պատմության թանգարանում տեքստիլի վերականգնման և պահպանման 2011–2014թթ․սեմինարների աշխատանքների հաշվետվություն», Ճապոնական հիմնադրամ

2) Միե Իշիի, Միդորի Յոկոյամա «Հայ առաքելական եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում գործվածքի մշակութային արժեքների ուսումնասիրում և պահպանում», Արվեստի և արհեստի խթանման Սատո հիմնադրամի հետազոտական դրամաշնորհային ծրագրի հաշվետվություն Տեյկյո համալսարանի մշակութային ժառանգության հետազոտական ինստիտուտ 17-րդ հաշվետվություն (մարտի 31, 2018թ․)

3) Tolmajian Hrazdan. Marash Needlework, p.24. Aleppo: Union of Marash Armenians karmaning Vasbouragan Cultural Union. 2010 (անգլերեն նույնական թարգմանություն հայերենից)

4) Armenian Relief Cross of Lebanon: Beirut. 1999 (անգլերեն նույնական թարգմանություն հայերենից)

5) Homeland Development Initiative Foundation, 2/2 Melik Adamyan st. Yerevan +374 77 473335 https://www.hdif.org

6) Thérèse de Dillmont. The Complete DMC Encyclopedia of Needlework. D.M.C. Library (առաջին տպագրություն 1890) օգտվել եմ վերատպված աշխատությունից, որի տպագրության տարին անհայտ է

7) Serig Davtian. Marash Embroidery, Yerevan 1978 (հայերեն, բովանդակությունն ամփոփ ներկայացված է նաև ռուսերենով և անգլերենով)

8) Charles E. Garoian. Teaching Art as a matter of cultural survival: Aesthetic education in the Republic of Armenia. Journal of Aesthetic Education 28(2) pp. 83–94, 1994.

9) National Aesthetic Education Center. Abovyan 13, 0001. Children’s Art Gallery, Abovyan 13, 0001, Yerevan, Tel (+375 13) 520951. Teryan Culture Center Teryan 72, Yerevan 72, Yerevan 0009. Tel. (+374 10) 587242, e-mail artteryan@mail.au, www.arteryan.com

10) Lusine Mkhitaryan, The Secret of Marash Embroidery, 2010 (հայերեն) Աղբյուր Ջորջ Բուրնության, 2016թ, Կոմակի Շոհեի և Վատանաբե Դաիսակուի թարգմանությամբ «Հայոց պատմություն․ հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր»

ՄԻԵ ԻՇԻԻ հոդվածի հայերեն թարգմանությունը՝  Լիլիթ Խանսուլյանի

Նյութը պատրաստեց ճապոնագետ Աննա Վարդանյանը