Արարատը ճապոնական գեղանկարո՞ւմ

Share

ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀՊՏՀ, տ.գ.թ.

Երբ առաջին անգամ, առիթ ունեցա ուսումնասիրելու ճապոնացի նկարիչ Կացուշիքա Հոքուսայի (1760–1849)«Կանագավայի մեծ ալիքը» նկարը, անմիջապես այնտեղ նկատեցի Արարատ լեռան ուրվագիծը: Տեսածս հայտնեցի իմ նկարիչ եւ ոչ նկարիչ ընկերներին, սակայն առանձնապես ոգեւորության պատասխան ալիք չստանալով՝ առ ժամանակ այդ հարցը մի կողմ թողնվեց։

Այս տարի Ճապոնիա կատարած այցի ժամանակ նկատեցի, որ Հոքուսայի նկարներն ամենուր էին՝ հուշանվերների, հովհարների, մատիտ-գրիչների վրա եւ այլուր։ Նորից իմ մեջ հետաքրքրություն ծնվեց տեսնել «Մեծ նկարը»։ Պարզվեց՝ հեղինակը ստեղծել է նկարաշար՝ «Ֆուջիի 36 տեսարանները» անվանումով, իսկ իմ ենթադրական Արարատով նկարը դրանցից թիվ մեկն է, առաջին անգամ ցուցադրված 1832-ին։ Ու նորից տեսա Արարատն առաջին պլանում… Թե՛ իմ հայ լինելը, թե՛ ճապոնական մշակույթի երկրպագու լինելը դրդում էին ինձ տեսնել անտեսանելին։ Նկարիչները միշտ էլ ունենում են գաղտնիքներ իրենց նկարներում՝ մեկնաբանությունները թողնելով հանդիսատեսի երեւակայությանը։ Ինձ համար չափազանց հետաքրքիր էր իմանալ՝ եղե՞լ է ուրիշ մեկը, որ տեսած կլիներ Արարատն այդ նկարում։ Համացանցում երկար-բարակ փնտրտուքներից հետո պարզեցի, որ՝ եղել է, այն էլ՝ ոչ հայ, այլ ամերիկացի՝ հայտնի բանաստեղծ Դոնալդ Ֆինքելը (1929–2008)։ Վերջինս ոչ միայն նկատել, այլեւ 1959-ին բանաստեղծություն է գրել Հոկուսայի մեծ ալիքի մասին։Գտա նաեւ մի էսսե՝ արդեն կատարված Ֆինքելի բանաստեղծության հիման վրա, որտեղ հեղինակը՝ Սթիվըն Մարթինը, անդրադարձել է նաեւ իմ արդեն ոչ երեւակայական Արարատին՝ այսպիսի դիտարկում կատարելով.

«Սակայն արվեստի գործի համար նկարիչը, որի աշխատանքներում ընդգրկված են նույն լեռան երեսունվեց տեսարանները, կարծես թե եւս մեկ տեսարան պիտի ընդգրկեր, նույնիսկ եթե այն լիներ արտաքին աշխարհից եւ Արարատ սարի գագաթից»:

Ոգեւորությանս չափ չկար, եւ ամենակարեւորն ինձ համար այն է, որ ես տեսել եմ Արարատը, որոնումներ կատարել եւ գտել դրա շուրջ եղած մի պատմություն, ոչ թե հակառակը: Փաստորեն, ուրիշ նկատողներ էլ են եղել: Այս ամենի մասին պատմեցի բանասեր, հայ-ճապոնական կապերի հետազոտող ընկերոջս՝ Արծվի Բախչինյանին, որն էլ թելադրեց հոդված գրել այդ մասին։

Հուսով եմ, որ այս թեման կհետաքրքրի ոլորտի մասնագետներին, եւ թե՛ հայկական, թե՛ ճապոնական կողմից կլինեն մարդիկ, ովքեր կհետազոտեն այս ամենն արդեն գիտական հենքի հիման վրա։ Չէ՞ որ արդեն կա հիմք, որի վրա կարելի է հենվել։

Ինչպես ասում են ճապոնացիները՝ ցունամիները կգան-կանցնեն, իսկ Ֆուջին միշտ կմնա։Ո՞վ գիտի, միգուցե ցունամին եւ համաշխարհային մեծ ջրհեղեղն է պատկերել Հոքուսայն իր այդ նկարում։ Իսկ որտե՞ղ կարող էր նկարիչը տեսած լինել Արարատի պատկերը աշխարհից դարեր շարունակ ինքնամեկուսացած Ճապոնիայում։ Այս հարցերի վրա լույս կարող են սփռել պրպտումները ճապոնական արխիվներում։

Ներկայացնում ենք Դոնալդ Ֆինքելի բանաստեղծությունը՝ մեր թարգմանությամբ.

ՄԵԾ ԱԼԻՔԸ. ՀՈՔՈՒՍԱՅ

Քանի որ ծովը կապույտ է,

Քանի որ Ֆուջին կապույտ է, քանի որ ոլորանը կապույտ է,

Մարդկանց դեմքերը ձյունասպիտակ են Ֆուջիի ձյան պես,

Ինչպես ալիքի գագաթը երկնքում, իրենց նավերի գույնը։

Քանի որ օդը

Լցված է գրությամբ, քանի որ ալիքն անշարժ է,

Ոչինչ չի վնասի այս ունայն օտարականներին,

Ֆուջիի բարձունքում երկրագույն երկնքում մատները

Չեն ընկնի, եւ երկնագույն մարդիկ

Ձյան պես հենվել են ծովին, եւ ալիքը լեռան պես հառնում է

Երկնքի դեմ:

Նկարչի ծովում

Բոլոր ձկնորսները պաշտպանված են:

Իր միասնության տակ ճկվում է ողջ զայրույթը:

Սակայն անմեղ դիտորդը, նա հազիվ

«Քայլում է անկյունի շուրջը՝ չմտածելով ոչնչի մասին»։

Թաքնված

Պաստառի ետեւում՝ լսում ենք իր լացը:

Նա կանգնած է կիսով չափ աշխարհի ներսում եւ կիսով չափ աշխարհի դրսում, նա է տեր ու տիրականը,

Բայց նա չի կարող տեսնել Ֆուջիի ներքեւը։

Ափը, երկնքի գույնը. նա է ալիքը, նա լարում է

Իր ճիրաններն օտարականների դեմ:

Անվտանգ չէ նա, նույնիսկ ինքն իրենից: Իր աշխարհը հարթ է:

Նա օձերով լի ծովում ձկնորսությամբ է զբաղվում, վարում է իր նավը

Կուրորեն ալիքից ալիք՝ դեպի Արարատ:

նյութը վերցված է՝ http://www.azg.am/AM/culture/2018060801

շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!