Հայաստանյան գարունը Ճապոնիայի շնչով

Հայաստանյան գարունը Ճապոնիայի շնչով

Share

9/մարտի/2017

Այսօր Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ն, գեղարվեստի պետական ակադեմիայի տնօրինության աջակցությամբ, ակադեմիայի վերանորոգված նիստերի դահլիճում անցկացրեց իկեբանայի վարպետության դաս: Վարպետության դասը վարում էր Իկեբանայի վարպետ սենսեյ Յամադան: Սենսեյ Յամադան իր վարպետության հետ զուգահեռ նաև բացատրում էր իկեբանայի ողջ էությունը: Վերջինս ճապոնական հին ծաղկարվեստն է, որը միանգամայն տարբերվում է բոլորիս ծանոթ եվրոպական ծաղկարվեստից, շատ ավելի տարբեր և օրիգինալ է ճապոնական հին իկեբանան: Իկեբանան ավելին է, քան ուղղակի ծաղկահարդարման արվեստը, այն ստեղծում է մարդ-բնություն հարաբերություններ, ստեղծում ներդաշնակություն: Նախկինում այս արվեստով զբաղվել են միայն տղամարդիկ, այն ստեղծվել է Բուդդայի տաճարում՝ հոգևորականների կողմից, և ունի մոտ 800 տարվա պատմություն:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում՝ Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ինչպես նաև ակադեմիայի տնօրեն Ա. Իսաբեկյանը՝ հույս հայտնելով, որ մի օր ակադեմիայում կստեղծվի նաև Իկեբանայի ֆակուլտետ, և հետագայում կշարունակվի սենսեյ Յամադայի հետ համագործակցությունը: Վարպետության դասընթացից հետո, սերտելով ճապոնական ծաղկարվեստի որոշակի հմտություն, ներկաները հնարավորություն ունեցան պատրաստել իկեբանա՝ սենսեյ Յամադայի ցուցումներով: Վերջինս, տեղում պատրաստած իկեբանան անվանեց «Հայաստանյան գարուն»:

Սենսեյն արդեն վաղուց է ինչ համագործակցում է Հիկարի կենտրոնի հետ, իսկ այն հարցին, թե սա որերո՞րդ այցն է Հայաստան, նա տատանվում է 11-ի և 12-ի միջև: Հայաստանը նրան շատ է գրավում, նա սիրում է աշխատել հայ կանանց հետ՝ նրանց համարելով բարի և ընկերասեր: Սենսեյ Յամադան պատրաստ է հնարավորության դեպքում, դասավանդել իկեբանա հայ ուսանողներին: Իսկ թե որտե՞ղ կուզեր գնալ Հայաստանում, նա առանց երկար մտածելու պատասխանում է` Արարատ:
Սենսեյ Յամադան հուսով է, որ հաջորդ տարի ևս կհյուրընկալվի Երևանում:

Հեղինակ՝ Արփինե Հախվերդյան

նյութը վերցված է՝  goo.gl/aI15OS