25.01.2017
Հունվարի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման» ծրագրի իրագործման շրջանակներում կայացավ Միասնական համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) հանդիպում, որը վարեցին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին:
Հանդիպման նպատակն էր «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ծրագրի» վերջնական գնահատման արդյունքների ներկայացումը և ծրագրի շրջանակներում օգտագործված սարքավորումների հանձնումը հայկական կողմին:
Ճապոնիայի կառավարության և իր անունից ողջույնի խոսքով ներկայացավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին.
- Անչափ ուրախ եմ այստեղ գտնվելու և ծրագրի արդյունքները տեսնելու համար: Ճապոնական կառավարությունը խթանում է աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող յուրաքանչյուր ծրագիր: Այս ամենի վկայությունն է հենց Սենդայի գործողությունների ծրագիրը: Հայաստանը և Ճապոնիան տարերային աղետների դեմ պայքարի ընդհանուր պատմություն ունեն: Շնորհակալ ենք նաև նախարար Ա. Երիցյանին՝ հայ-ճապոնական համագործակցության ուղղությամբ տարվող մեծ ջանքերի համար: Համոզված եմ, որ երկու երկրների՝ աղետակայուն հասարակություն ունենալու մեր աշխատանքները կշարունակվեն,- եզրափակեց դեսպանը:
Ներկաներին ողջունեց նաև ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը՝ երախտիքի խոսք ուղղելով դեսպանին.
- Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ երկար տարիների մեր համագործակցությունը շոշափելի արդյունքներ է տվել: «Սողանքային աղետի կառավարում» ծրագրի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կիրառվեց սողանքային աղետի կառավարման ոլորտում ճապոնական փորձը: Ունենալով ակնհայտ ձեռքբերումներ՝ ես հույս եմ հայտնում, որ այս հանդիպման վերջում մենք կարձանագրենք ծրագրի բարձր գնահատականն այնպես, ինչպես Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ իրականացված նախորդ ծրագրերի դեպքում: Մեր համագործակցությունը սկսվել է դեռ 2010 թ.-ից, երբ ճապոնական կառավարությունը 28 հրշեջ-փրկարարական մեքենա հատկացրեց մեր հանրապետությանը:
Մեծարգո դեսպան, իմ երախտագիտության խոսքն եմ հղում Ձեզ, Ճապոնիայի կառավարությանը, մեր ճապոնացի գործընկերներին այսքան անհրաժեշտ ու նպատակային աջակցության և արդյունավետ համագործակցության համար և հուսով եմ, որ այն ջերմ հարաբերությունները, որ ձեռք է բերվել նախարար Արմեն Երիցյանի ջանքերով և ղեկավարությամբ, կպահպանվի և կկրի շարունակական բնույթ:
Զեկույցներով հանդես եկան վերջնական գնահատման նպատակով Հայաստան ժամանած խմբի ղեկավարն ու փորձագետները, ովքեր այս տարվա հունվարի 7-ից սկսել էին աշխատանքները, այսօր ներկայացրեցին դրանց արդյունքները: Փորձագետները նշեցին, որ 2014 թ.-ից մեկնարկած ծրագիրը հնարավոր կլինի ավարտել նախանշված ժամանակահատվածում՝ 2017 թ.-ի հուլիսին:
Երկկողմ համաձայնության արդյունքում ստորագրվեց ծրագրի շրջանակներում օգտագործված սարքավորումների՝ հայկական կողմին հանձնման փաստաթուղթը:
Հանդիպումն ամփոփեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը.
- Ծրագրի գնահատող խմբի անդամների կողմից քիչ առաջ արված զեկույցը մեկ անգամ ևս ապացուցեց ծրագրի արդյունավետությունը, ճապոնացի փորձագետների և հայկական կողմի մասնագետների շահագրգռվածությունը ծրագրի հաջող ընթացքի և հետագա շարունակականության ապահովման գործում:
Մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ այս ծրագիրը հիմք կհանդիսանա հետագայում մեր երկրում սողանքային աղետի կառավարման առավել արդյունավետ համակարգի ձևավորման համար: Դրա համար կա կամք, կա գիտելիք, կա տեխնոլոգիա:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ծրագրի» շրջանակներում սողանքային լանջերի վրա ակտիվացումներ գրանցող խորքային և մակերևութային էլեկտրոնային տվիչների տեղադրման և չափումների արդյունքում ինժեներապաշտպանական միջոցառումներ իրականացնելու համար ընտրվել էին ՀՀ Շիրակի մարզի Առափի և Տավուշ մարզի Գետահովիտ համայնքները: Այս համայնքներում 2016 թ. իրականացվել են հորատման աշխատանքներ, որի միջոցով հեռացվում են գրունտային ջրերը, ինչը թույլ է տալիս զսպել սողանքային երևույթների հետագա զարգացումները:
Պիլոտային ծրագրով՝ որպես 3-րդ տեղամաս, ընտրվել էր Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքը: Այստեղ տեղադրված սողանքի տեղաշարժը չափող 2 էլեկտրոնային, խորքային էքստենզոմետրներից բացի, Երևան-Գառնի ավտոճանապարհի այդ հատվածին հարող լանջի տարբեր տեղերում տեղադրվել են 4 մակերեսային պարզագույն չափիչ սարքեր:
Ծրագրի շրջանակներում մշակվել է «Իրական ժամանակում սողանքի մոնիթորինգի համակարգ», որն իրենից ներկայացնում է սողանքների իրական ժամանակում ավտոմատացված մոնիթորինգի և հնարավոր աղետի մասին նախազգուշացման համակարգ:
ՃՄՀԳ փորձագետները Ողջաբերդի գյուղապետարանում տեղադրել են համակարգիչ՝ հատուկ ծրագրային ապահովմամբ, ինչը թույլ է տալիս թվային չափիչ սարքերի գրանցումներն իրական ժամանակում ստանալ գյուղապետարանում:
Ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի անդամները մասնակցել են նաև սողանքային աղետի կառավարման դասընթացներին, որը երեք փուլով անց է կացվել Ճապոնիայում:
նյութը վերցված է՝ http://mes.am/hy/news/item/2017/01/25/japon/#.WIis-GTNjBU.facebook
շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրվելու համար!