Մայիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) փորձագիտական խմբի հետ համատեղ «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում անցկացվեց դասընթաց-սեմինար՝ «Ռիսկերի վերաբերյալ հաղորդակցություն, ճգնաժամային հաղորդակցություն» թեմայով:
Դասընթաց-սեմինարի նպատակն էր բարձրացնել աղետների վերաբերյալ հանրության և լրատվամիջոցների իրազեկվածությունը, ԱԻՆ պաշտոնյաների կարողությունները և նպաստել տեղեկատվության տարածմանը:
Դասընթաց-սեմինարին մասնակցում էին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մամուլի քարտուղարներ, ԱԻՆ կառավարման ոլորտի մասնագետներ, դասախոս-ուսանողներ, քաղաքացիներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը, ով ողջունեց ներկաներին և նշեց, որ կարևորում է երկու պետությունների համագործակցությունը, ակնկալում՝ աղետների, ռիսկերի նվազեցման ծրագրի համակողմանի քննարկում:
Հատուկ դասախոսությամբ հանդես եկավ «Ջիջի լրատու»-ի լրագրող Քազույուկի Նակագավան, ով զեկույցում անդրադարձավ աղետների մասին լրատվությանը՝ լրագրողների տեսանկյունից, կառավարության և լրատվամիջոցների պատրաստվածությանը: Խոսելով 1988 թ. Սպիտակի երկրաշարժից՝ փորձագետը նշեց, որ երկրաշարժի մասին Ճապոնիայում կար տեղեկատվության պակաս:
Ք. Նակագավան, խոսելով Կոբեի երկրաշարժի մասին, կարևորեց լրագրողների պատրաստվածության աստիճանը և էական համարեց նրանց համակարգված աշխատանքը. «Շիմարարայի քաղաքապետարանի և հրաբխային ժայթքումների ժամանակ ոլորտի տեղացի մասնագետների ցուցումները չկատարելու հետևանքով՝ մահացել են և՛ լրագրողներ, և՛ 12 փրկարարներ»:
Այնուհետև ՃՄՀԳ փորձագիտական խմբի գլխավոր խորհրդական Կոիչի Շիվակուն ներկայացրեց 2019 թ. մարտին մեկնարկած «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա տեխնիկական աջակցության ծրագրի նպատակը. «Հաղորդակցությունը տեղեկատվության միակողմ տրամադրում չէ, բոլոր դերակատարները պետք է հաղորդակցվեն, հաղորդեն և կիսեն տեղեկատվությունը արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման և վերականգնման գործողությունները բարելավելու համար»,-ասաց Կ. Շիվակուն:
ԱԻՆ էլեկտրոնային պաշտոնաթերթի 911 tert.am և ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի cmsa.am կայքերի լրագրող և ծրագրի աշխատանքային խմբի անդամ Արամ Զաքարյանը «Անվտանգության մշակույթի հիմնահարցերը Հայաստանում» թեմայով ցուցադրեց բնակչության ուսուցման հայեցակարգային հարցերը. «Յուրաքանչյուր երկրում անվտանգության մշակույթի հիմքը բնակչության ուսուցումն է, որը պետք է սկսել մանկապարտեզից»:
Դասընթացին հաջորդեց սեմինարը՝ բուռն քննարկումներով և հարցադրումներով:
Մասնավորապես, փոխնախարար Ա. Բալյանը հարցրեց, թե արդյոք տեղակատվության «անխնա» տարածումը խուճապ չի առաջացնի բնակչության շրջանում: «Ջիջի լրատու»-ի լրագրողը նշեց, որ տեղեկատվության բացակայությունը ևս խուճապի պատճառ կարող է դառնալ:
Խմբային քննարկման ընթացքում ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը հետաքրքրվեց, թե արդյոք Ճապոնիայում գոյություն ունի ԶԼՄ-երի՝ աղետների լուսաբանումը սահմանափակող օրենք: Ճապոնացի գործընկերը տեղեկացրեց, որ նման սահմանափակում չկա:
Ներկաները մասնակցեցին՝ «Որո՞նք են կարիքներն ու պահանջները՝ կառավարության, լրատվամիջոցների և այլ կազմակերպությունների տեսանկյունից» թեմայով խմբային աշխատանքին:
Սեմինարի ավարտին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աղետների ռիսկի նվազեցման ղեկավար Տիգրան Թովմասյանը խոսեց իրենց կողմից մշակված Աղետների ռիսկի կառավարման պլանի կարևորության մասին, որը պետք է ներառել մանկապարտեզների և դպրոցների կրթական ծրագրերում: Այն կնպաստի աղետների և աղետների ռիսկի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Ի հավելումն բանախոսի առաջարկի, «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» ծրագրի ղեկավար Էդմոն Զարգարյանը տեղեկացրեց, որ ԱԻ և Կրթության և գիտության նախարարներն ունեն նախնական պայմանավորվածություն հանրակրթական հաստատություններում քաղպաշտպանության թեմայով սկսել պիլոտային ծրագիր, այն հետագայում կրթական ծրագրերում ներառելու նպատակով: Ծրագրի ղեկավարը շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ ցանկացավ աղետներին վերաբերող գիտելիքների առավելագույն իմացություն՝ երբևէ չօգտագործելու մաղթանքով:
նյութը վերցված է՝ https://urlzs.com/fMfXY