19-05-2017
Ճապոնիայում Հայաստանի դեսպանատունը եւ մի քանի ճապոնական կայքէջեր հաղորդում են, որ լույս է տեսել Սատորու Օցուկայի «Հայկական անիմացիոն ֆիլմեր» պատկերազարդ գրքույկը, որտեղ առաջին անգամ ճապոներենով ներկայացված է հայկական խորհրդային եւ ժամանակակից մուլտիպլիկացիոն արվեստը:
Առանձին փոքր գլուխներով ընթերցողը ծանոթանում է հայ մուլտիպլիկացիայի լավագույն ստեղծագործությունների հետՙ սկսած 1938-ին Լեւ Ատամանովի նկարահանած «Շունն ու կատուն» առաջին հայկական մուլտֆիլմից մինչեւ 2016 թվականին էկրան բարձրացած «Անբան Հուռին» անիմացիոն ֆիլմ-հեքիաթ-մյուզիքլը: Մյուս գլուխներն ենՙ «Տերտերն ու այծը», «Կախարդական գորգը», «Փարվանա», «Արեւի հարսնացուն», «Սասնա ծռեր», «Աղվեսագիրք», «Անբան աղվեսը», «Անահիտ», եւ առանձինՙ «Ռոբերտ Սահակյանց» դիմանկարը: Ֆիլմերի ճապոներեն վերնագրերի կողքին տեղ են գտել նաև դրանց բնագրային անվանումներըՙ հայատառ:
Մինչեւ այժմ ասպարեզի վրա չկար հայ կինոյի մասին ճապոներեն գիրք, իսկ հայկական անիմացիոն կինոյի մասին եղած հրատարակությունները միայն հայերեն են: Սատորու Օցուկայի գրքույկը, անկախ իր փոքր ծավալից, առաջին փորձն էՙ հայ արվեստի այդ բնագավառը օտար լեզվով ներկայացնելու գործում:
նյութը վերցված է՝ www.azg.am