ՏԵՍԱՆՅՈՒԹ ։Միջազգային գիտաժողով «Հայաստան – Ճապոնիա։ անցյալը, ներկան և ապագայի հեռանկարները»

ՏԵՍԱՆՅՈՒԹ ։Միջազգային գիտաժողով «Հայաստան – Ճապոնիա։ անցյալը, ներկան և ապագայի հեռանկարները»

Share

Ս.թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի Կլոր դահլիճում տեղի ունեցավ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՃԱՊՈՆԻԱ. ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին:

Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն ՀԿ-ն։

Գիտաժողովի Լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։

Իր ողջույնի խոսքը հղեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։


Լիագումար նիստում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳՆ Ասիայի և Խաղաղօվկինոսյան երկրների վարչության պետ Սուրեն Բաղդասարյանը,

Ներկաներին ողջունեց և երկլեզու ելույթով հանդես եկավ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման։

Ելույթով հանդես եկավ Արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը, ով մեծ ավանդ է ունեցել հայ–ճապոնական դիվանագիտական հարաբերությունների կայացման, ՀՀ ԳԱԱ ԱԻ Արևելյան Ասիայի երկրների (ներկայիս՝ Միջազգային հարաբերություններ) բաժնի ստեղծման գործում։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Ճապոնիա-Հայաստան բարեկամական ասոցիացիայի» հիմնադիր նախագահ, Ճապոնիայում «Արաքս» և «Արարատ» թերթերի հիմնադիր խմբագիր Հիդեհարու Նակաձիման/օնլայն/։


Ելույթով հանդես եկավ գիտաժողովի համակազմակերպիչ «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն ՀԿ-ի նախագահ, տ․գ․թ․, միջազգայնագետ Աննա Վարդանյանը

և Ռուսաստանում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Ճապոնիայում՝ 2010-2012 թթ.  ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միությանպ ատվավոր նախագահ Արսեն Առաքելյանը/օնլայն/։


Ներկաներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտքարտուղար Եվա Հարությունյանը

և հրավիրեց բոլորին դիտելու հայ–ճապոնական հարաբերություններին նվիրված տեսաֆիլմ։

Լիագումար նիստի ավարտին շնորհակալագրեր հանձնվեցին հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում իրենց ավանդն ունեցած մի շարք գործիչների:

Գիտաժողովի գիտական մասը բաղկացած էր երկու նիստերից, որտեղ ելույթներով հանդես եկան Հայաստանի տարբեր գիտական և կրթական կենտրոններից հայ մասնագետներ, Ավստրալիայի և Ճապոնիայի բուհերից հայտնի գիտնականներ և հետազոտողներ:

Առաջին նիստում ելույթները վերաբերում էին հայասեր Էիչի Շիբուսավայի գործունեությանը,  Ֆրանսիայում հայկական դպրոցների ստեղծման ու գոյատևման վերաբերյալ Մացուի Սիննոսուկե ճապոնացի գիտնականի սոցոլոգիական ուսումնասիրությանը,   Հայաստանում և Ադրբեջանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության գործունեության համեմատական վերլուծությանը, Հայաստանում Ճապոնիայի օրինակով երկրաշարժերի ապահովագրության համակարգի կատարելագործման հիմնախնդիրներին, Կիրովաբադի բանտ ճապոնացի լրագրողների այցի լուսաբանմանը «Օղակ» օպերացիայի ընթացքում (արխիվային փաստաթղթերի հիման վրա):

Երկրորդ նիստում ելույթները վերաբերում էին կերպարվեստում հայ-ճապոնական կապերին, հայերենում և ճապոներենում լեզվամշակութային, լեզվաբանական նմանություններին ու առանձնահատկություններին, ինչպես նաև ներկայացվեց ճապոնական, բրիտանական և հայկական ասացվածքները՝ որպես մշակութային ինքնության արտացոլում:

Գիտաժողովի բոլոր մասնակիցներին հանձնվեցին «Արևելաասիական ուսումնասիրություններ» ժողովածուի 5-րդ հատորը, որտեղ տպագրված էին գիտաժողովի ելույթները՝ գիտական հոդվածների տեսքով:

Գիտաժողովն ուներ նաև մշակութային բաղադրիչ․ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ցուցադրվեց վերջին 30 տարում հայ-ճապոնական հարաբերություններին, Ճապոնիային նվիրված գրքերը, ինչպես նաև «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաների կողմից պատրաստված նյութերը:

Գիտաժողովը ևս մեկ անգամ վերաարժևորեց և վերաիմաստավորեց հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները,  ինչպես նաև գիտական, մշակութային, դիվանագիտական, պատմադիվանագիտական և տնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման անհրաժեշտությունը:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան