Հաջողության գրավականը. ինչպես փրկվեցին այրվող ինքնաթիռի գրեթե 400 ուղեւորները եւ անձնակազմի անդամները
Տարին Ճապոնիայում աղետով սկսվեց՝ ավերիչ երկրաշարժն առնվազն 80 մարդու կյանք խլեց։ Ու երբ տուժածներին օգնություն հասցնող փոքր ինքնաթիռը Տոկիոյի օդակայանում բախվեց Japan Airlines ավիաընկերության հսկա «Էյրբասին», որում գրեթե 400 մարդ կար, եւ հրդեհ բռնկվեց, թվում էր, թե ողբերգությունն անխուսափելի է։ Բայց Ռոյթերզի բնորոշմամբ, «հրաշք» տեղի ունեցավ ՝հաշված վայրկյանների ընթացքում բոլոր 379 ուղեւորները եւ անձնակազմի անդամները կարողացան լքել վառվող եւ ծխովլցվող «Էյրբասը»։ Ճիշտ է, մյուս՝ փոքր ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 5-ի կյանքը փրկել չհաջողվեց։ Եւ այնուամենայնիվ, ավիացիայի մասնագետները մինչեւ հիմա զարմանում են ՝ինչպե՞ս հաջողվեց այսքան անթերի կազմակերպել մի քանի հարյուր մարդու տարհանումը, չէ՞ որ ընդամենը րոպեներ անց բոցերի մեջ էր ողջ ինքնաթիռը։
Թույլ տվեք մի անսովոր համեմատություն անել եւ զուգահեռներ անցկացնել ինքնաթիռի ու պետության միջեւ։ Մանավանդ որ «ղեկավար» բառը նշանակում է հենց մի մարդ, որի ձեռքին է գտնվում ղեկը, անկախ այն բանից, թե որտեղ է նա նստած՝ նախագահական կամ վարչապետակա՞ն աթոռին, թե՞օդաչուի խցիկում։ Դե, իսկ շարքային քաղաքացիներիս կարելի է ուղեւոր անվանել, քանզի, ուզենք, թե չուզենք, ընթանում ենք այն ուղիով, որով մեզ տանում է ղեկավարը։ Բոլոր դեպքերում, հաջողության համընդհանուր գրավականները երեքն են՝ որքանո′վ ենք կարողացել դասեր քաղել մեր ձախողումներից, որքանո′վ են հուսալի, փորձառու եւ արհեստավարժ այն մարդիկ, որոնց ձեռքին է ղեկը, եւ վերջապես՝ որքանո′վ ենք մենք պատրաստ առանց առարկելու ենթարկվել բոլոր օրենքներին եւ կանոններին։ Սկսենք ձախողումների դասերից։
Այդ դասերը մենք սովորաբար չենք սերտում նաեւ այն պատճառով, որ իշխանություններից ու պաշտոնյաներից սկսած մինչեւ վերջին քաղաքացին, ընդհանրապես ոչ ոք հակված չի ընդունելու իր սխալները։ Դրա համար էլ միշտ ուզում ենք կոծկել ձախողումները։ Մոտ 40 տարի առաջ՝ 1985 թվականին, Japan Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետեւանքով զոհվեց 520 մարդ։ Մինչեւ հիմա էլ դա ինքնաթիռի ամենամահաբեր աղետն է ավիացիայի ողջ պատմության ընթացքում։ Միգուցե որեւէ այլ ընկերությունում ղեկավարությունն ամեն ինչ կաներ նման ողբերգությունը մոռացության մատնելու եւ անցյալի ծանր բեռից ազատվելու համար։ Japan Airlines ավիաընկերությունում արեցին ճիշտ հակառակը՝ վթարված ինքնաթիռի բեկորները եւ կատարվածի մասին մանրամասն պատմողնյութերը տեղադրեցին իրենց գլխավոր գրասենյակի ամենատեսանելի տեղում, որպեսզի բոլորը՝ թե′ աշխատողները, թե′ այցելուները ամեն օր հիշեն, թե ինչ է պատահել։
Հենց սրա հետ է անմիջականորեն կապված անվտանգության ապահովման երկրորդ կարեւորագույն գործոնը՝ անձնակազմի պատրաստվածությունը։ Ավիաընկերության աշխատակիցներից մեկը Բի Բի Սի-ին պատմել է, որ անձնակազմի յուրաքանչյուր նոր անդամ պարտադիր դասընթացներ է անցնում, թե ինչպես պետք է տարհանել ուղեւորներին վթարի դեպքում։ Այս դասընթացները կրկնվում են ամեն տարի, ընդ որում, դրանց մասնակիցները բավական բարդ քննություն են հանձնում՝ ցուցադրելով, թե ինչպես են 90 վայրկյանում ինքնաթիռից իջեցնում մի քանի հարյուր ուղեւորների։ Եւ դա արհեստականորեն ստեղծված արտակարգ պայմաններում, երբ ինքնաթիռի սրահը շատ արագ լցվում է ծխով։ Այո′, ծանր է, բայց այս ամենը թույլ է տալիս իրական վթարի դեպքում գործել առանց տատանումների եւ ղեկավարվել միմիայն ձեռք բերած հմտություններով, ինչի շնորհիվ էլ այդքան հաջող կատարվեց 400 մարդկանց տարհանումը Տոկիոյի օդակայանում այրվող օդանավից։
Բայց, իհարկե, հսկայական, միգուցե նույնիսկ վճռորոշ դեր խաղաց երրորդ գործոնը՝ ուղեւորների աննախադեպ կազմակերպվածությունը եւ անձնակազմի բոլոր ցուցումները կատարելու պատրաստակամությունը, որը մեզ՝ հայաստանցիներիս, կարող է պարզապես աներեւակայելի թվալ։ Մոտ չորսհարյուր ուղեորների մեջ չգտնվեց գեթ մեկը, որը չկատարեր օդաչուների խստագույն հրահանգը՝ ուղեբեռին ձեռք չտալ, բջջայինից բացի՝ ուրիշ ոչ մի բան։ Բրիտանացի պրոֆեսոր, անվտանգության մասնագետ Գրեմ Բրեյթուեյթը պատմում է. «Երբ հրապարակված տեսանյութերում տեսա, որ ինքնաթիռից իջնողների ձեռքին բացարձակ ոչինչ չկա, հասկացա, որ նաեւ դա էր փրկության գաղտնիքը։ Եթե որեւէ մեկը փորձեր բացել բեռնախցիկը եւ վերցնել, ասենք, նոթբուքը, անմիջապես խցանում ու խուճապ կառաջանար եւ զոհերն անխուսափելի կլինեին»։
Չգիտեմ, այսքանից հետո կարողացա՞ համոզել ձեզ, որ առաջին հայացքից անհեթեթ թվացող համեմատությունը ինքնաթիռի եւ պետության միջեւ իրականում այնքան էլ անտեղի չէ։ Բոլոր դեպքերում, համաձայնե′ք՝եթե հանրությունը ոչ թե կոծկում, այլ դասեր է քաղում ձախողումներից, եթե ղեկը ոչ թե պատահական, անփորձ, կենսագրություն չունեցող անձանց, այլ լավ պատրաստված, արհեստավարժ, սրտացավ ու պատասխանատու մարդկանց ձեռքին է, եթե շարքային քաղաքացիներս մտածում ենք ոչ թե օրենքն ինչ-որ կերպ շրջանցելու, այլ անշեղորեն կատարելու մասին, հաջողությունը վաղ թե ուշ դառնում է մեր մշտական ուղեկիցը։
Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա