Հայ ժողովրդի պատմությունը ճապոներեն

Հայ ժողովրդի պատմությունը ճապոներեն

Share

Տեղադրվել է` 2016-01-21

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրված ու երբեւէ թերեւս ամենից մեծ տարածում ստացած գիրքը ամերիկահայ երախտաշատ պատմաբան Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» անգլերեն հատորն է: Բնագրով վեց հրատարակություններից եւ իսպաներեն, թուրքերեն, արաբերեն, հայերեն եւ ռուսերեն թարգմանություններից հետո Բուռնությանի գիրքը հրատարակվել է նաեւ ճապոներեն («Արումենիա-ձին նո ռեկիսի»):

アルメニア人の歴史

Հրատարակիչն է Տոկիոյի «Ֆուձիվարա-շոտեն» հրատարակչությունը, կազմում է 528 էջ, եւ արդեն իսկ առկա է Ամազոն կայքի ճապոնական տարբերակում: Թարգմանությունն իրանակացրել է Դաիսակու Վատանաբենՙ Կոմակի Շոհեիի համագործակցությամբ:

Ջորջ Բուռնությանը ծնվել է 1941-ին, Սպահանում (Իրան), հայրը եղել է բաքվեցի հայ, մայրըՙ լեհուհի: Թեկնածուական աստիճանը ստացել 1976-ին, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանումՙ որպես հայոց, իրանական եւ ռուսական պատմության մասնագետ: Հայոց եւ իրանական պատմություն է դասավանդել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում, Քոլոմբիա համալսարանում, Թաֆթս համալսարանում, Քոնեքթիքութի համալսարանի երեք կամպուսներում, Նյու Յորք համալսարանում, Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում, Ռաթգերս համալսարանում, Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում, Ռամապո քոլեջում եւ Գլենդելի համայնքային քոլեջում: 1989 թվականից Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Արեւելքի պատմության ավագ դասախոս է Նյու Յորքի Այոնա քոլեջում: Վարժ տիրապետում է հայերեն, ռուսերեն, պարսկերեն եւ լեհերեն լեզուներին: Դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի եւ Ավստրալիայի քաղաքներում:

Բուռնությանի գիտական հետաքրքրությունները ներառում են 17-19-րդ դարերի հայ ժողովրդի, մասնավորապեսՙ Արեւելյան Հայաստանի պատմությունը: Հեղինակ է առանձին գրքերով լույս տեսած անգլերեն մենագրություններիՙ «Արեւելյան Հայաստանը պարսից տիրապետության վերջին տասնամյակներին. 1807-1828» (1982), «Երեւանի խանությունը Ղաջարական տիրապետության ներքո, 1795-1828» (1992), «Հայ ժողովրդի պատմություն, I. նախապատմությունից մինչեւ 1500 թ.» (1993, երեք հրատարակությունՙ մինչեւ 2000-ը), «Հայ ժողովրդի պատմություն, II. 1500 թ. մինչեւ ներկան» (1994, երեք հրատարակություն մինչեւ 2000), «Ղարաբաղի պատմությունը» (1994, նույնըՙ պարսկերեն (2003), նաեւ բազմաթիվ հոդվածների եւ գրախոսությունների, որ լույս են տեսել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հայագիտական, իրանագիտական, կովկասագիտական հանդեսներում: Կազմել եւ հրատարակել է «Ռուսաստանը եւ Անդրկովկասի հայերը, 1797-1889. վավերական փաստաթղթեր» (1998) եւ «Հայերը եւ ռուսները, 1626-1796. վավերական փաստաթղթեր» (2003) ժողովածուները: Անգլերեն է թարգմանել 17-18-րդ դարերի հայ պատմագրության կարեւոր երկերըՙ Աբրահամ կաթողիկոս Կրետացու «Ժամանակագրությունը» (1999), Աբրահամ Երեւանցու «Պատերազմների պատմությունը» (1999), Զաքարիա Ագուլեցու «Օրագրությունը» (2003), Զաքարիա Քանաքեռցու «Ժամանակագրությունը» (2004), Առաքել Դավրիժեցու «Պատմությունը» (երկու հատորովՙ 2005-2006, մեկ հատորովՙ 2010), Սիմեոն Լեհացու Ուղեգրությունը (2007), Սիմեոն կաթողիկոս Երեւանցու «Ջամբռը» (2009), Եսայի կաթողիկոս Հասան-Ջալալյանի «Աղվանից աշխարհի համառոտ պատմությունը» (2009), ռուսերենիցՙ «Ղարաբաղ նահանգի ռուսական հաշվետվությունը 1823 թ.» (երկու հրատարակություն, 2011-2012): Բուռնությանի մյուս հետաքրքրությունները ներառում են դասական դաշնամուրային երաժշտությունը եւ կինոն, որոնց վերաբերյալ հոդվածներով հանդես է եկել տարբեր հայկական եւ ոչ հայկական թերթերում եւ ամսագրերում:

Մի քանի տարի առաջ Տոկիոյում հանդես գալով դասախոսություններովՙ Ջորջ Բուռնությանը պայմանագիր է ստորագրել «Ֆուձիհարա-շոտեն» հրատարակչության հետՙ իր աշխատությունը ճապոներեն հրատարակելու համար: Թարգմանչիՙ երիտասարդ հայագետ Դաիսակու Վատանաբեի հետ նա ծանոթացել է 2012-ին, Երեւանում: Տոկիոյի օտար լեզուների համալսարանի շրջանավարտ Դաիսակու Վատանաբեն հաճախել է հայոց լեզվի դասընթացների Տոկիոյում, Վենետիկում եւ Երեւանում, դիպլոմային աշխատանք գրել «Հայ հասարակությունը Րաֆֆու «Խենթը» վեպում» վերնագրով, նաեւ հրատարակել ճապոներեն հոդված Րաֆֆու մասին: 2011-2013 թթ. Վատանաբեն ուսումնառությունը շարունակել է Հայաստանում: Մեր խնդրանքով անգլերենից ճապոներեն է թարգմանել Հովհաննես Փիլիկյանի «Ծովանկար իմ մոր օրվա մասին» հայապատում բանաստեղծությունը, որ ընդգրկվել է 2012-ին Երեւանումՙ այդ ստեղծագործության բազմալեզու հրատարակության մեջ: Դաիսակու Վատանաբեն մեր խնդրանքով նաեւ ճապոներենից հայերեն է թարգմանել Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության արխիվում պահվող նյութերը ճապոնաբնակ հանրային գործիչ եւ գրող Դիանա Աբգարի վերաբերյալ:

Ավելացնենք, որ Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի համառոտ պատմության» վերջինՙ վեցերորդ հրատարակությունից վաճառվել է ավելի քան քսան հազար օրինակ: ԱՄՆ-ի բարձրագույն կրթության բազմաթիվ հաստատություններում այն գործածվում է որպես դասագիրք: Այս տարի լույս կտեսնի գրքի պարսկերեն թարգմանությունը:

 նյութը վերցված է՝  http://azg.am/AM/2016012220