6/28/14
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Հիրոսիմա քաղաքի ատոմային ռմբակոծությունից 69 տարի անց` 2014 թվականի հունիսի 25ին այդ ողբերգությունը խորհրդանշող Խաղաղության հուշաքար տեղադրվեց Երևանի քաղաքապետարանին հարող մանկական զբոսայգում: «Արմենպրես»ի հաղորդմամբ, հուշաքարը հիշեցնում է խաղաղության կարևորության մասին և խորհրդանշական քայլ է ուղղված հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը: Հուշաքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան այրեր, Ճապոնիայից ժամանած պատվիրակությունը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին` ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը նշեց, որ 2012 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սրագսյանն այց է կատարել Ճապոնիա, որի ընթացքում բարեկամության և համագործակցության հետագա խորացման մասին համատեղ փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի և Ճապոնիայի միջև: Փաստաթղթում ամրագրված դրույթները վերաբերում են միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներին և Խաղաղության հուշաքարի բացումն այսօր ևս մեկ խորհրդանշական քայլ է ուղղված հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը:
նյութը վերցված է՝ http://goo.gl/4LQtBI