Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Share

30.01.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային:

Դեսպանը Ճապոնիայի կառավարության անունից երախտագիտություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ անցյալ տարի հոկտեմբերին իր երկիր այցելելու և Տոկիոյում Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը մասնակցելու համար: Նա նշել է, որ Տոկիոյում տեղի ունեցած հանդիպումները նոր խթան են երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Նախագահ Սարգսյանն իր հերթին ասել է, որ հրաշալի հիշողություններ և տպավորություններ ունի Ճապոնիա այցից և կայսր Նարուհիթոյի գահակալության պատմական իրադարձությունից:

Արդյունավետ գնահատելով իր հանդիպումները Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի, ճապոնական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք լավ հիմք են ստեղծում փոխգործակցության ընդլայնման համար: Նշելով, որ օրեր առաջ Դավոսում ևս մեկ հանդիպում է ունեցել Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահի հետ՝ Հայաստանի նախագահն ասել է, որ նրան և իր գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ շարունակելու փոխգործակցության հեռանկարների քննարկումն ու համատեղ ծրագրերի մշակումը բարձր տեխնոլոգիաների, հատկապես արհեստական բանականության, մեծ տվյալների հոսքերի կառավարման ոլորտներում՝ նախագահական АТОМ (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում:

Անդրադարձ է կատարվել նաև միջուկային անվտանգության ու կարգավորումների, այդ թվում՝ միջուկային թափոնների կառավարման ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին:

նյութը վերցված է՝ shorturl.at/gDL06

շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!