ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, փետրվարի 1-ին ընդունել է Հիրոշիմայի (Ճապոնիա) քաղաքապետ Կաձումի Մացուին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Հիրոշիմա այցելելու համար եւ վստահեցրել, որ թեեւ Հիրոշիմա եւ Երեւան քաղաքների համագործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակում, այդուհանդերձ ինքը պատրաստ է առավել խորացնել այն, հատկապես, որ Երեւանն ընդգրկվել է «Քաղաքապետեր՝ հանուն խաղաղության» կազմակերպության կազմում: Քաղաքապետ Կաձումի Մացուին հույս է հայտնել, որ Հայաստանի այլ քաղաքներ եւս կանդամագրվեն այդ կազմակերպությանը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել. «Մենք տպավորված ենք՝ տեսնելով, թե այս տարիների ընթացքում զարգացման արդյունավետ ռազմավարության շնորհիվ ինչպիսի տպավորիչ նվաճումների է հասել Ճապոնիան»:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Հիրոշիմայի Խաղաղության հուշահամալիրի թանգարան, որտեղ ծանոթացել է ատոմային ռմբակոծությունը վկայող փաստերին: Հարգելով անմեղ զոհերի հիշատակը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղկեպսակ է խոնարհել Զոհերի հուշահամալիրում:
Գալուստ Սահակյանը գրառումներ է կատարել Հիրոշիմայի քաղաքապետարանի, Հիրոշիմայի Խաղաղության թանգարանի բարձրաստիճան հյուրերի հուշամատյաններում:
Հիրոշիմայից հետո ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ճապոնիայի Կիոտո քաղաք, որտեղ եղել է Kiyomizu-dera եւ Kinkaku-ji տաճարներում ու Hein Jingu սրբավայրում:
նյութը վերցված է՝ goo.gl/z3wbR4
շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!