Հանրային հեռուստաընկերության արխիվը կթվայնացվի

Հանրային հեռուստաընկերության արխիվը կթվայնացվի

Share

30/03/2017

Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև մարտի 30-ին կնքվեց «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագիր:


ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ճապոնական կողմից` Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Համաձայնագրով նախատեսվում է Ճապոնիայի կողմից մինչև 1.3 միլիոն ամերիկյան դոլարի չափով դրամաշնորհի տրամադրում, որը հնարավորություն կտա նոր սարքավորումներ ձեռք բերել Հայաստանի հանրային հեռուստաընկերության արխիվը թվայնացնելու համար:


«Այսօր իրապես շատ կարևոր համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև: Սա ևս մեկ քայլ է երկու երկրների տնտեսական և սոցիալական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը:


ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի խոսքով` սա երկու կառավարությունների միջև համագործակցության ևս մեկ էջ է, քանի որ 2001թ.-ին Ճապոնիայի կառավարությունը աջակցություն է տրամադրել Մատենադարանի փաստաթղթերը թվայնացնելու նպատակով:

«Արխիվը անցյալից դեպի ապագա տանող յուրօրինակ կամուրջ է: Եվ այն ոչ միայն պահպանում է անցյալի ազգային արժեքները, այլև ոգևորում երիտասարդ սերնդին նոր մշակույթ ստեղծել ապագայի համար» ,- ընդգծեց դեսպանը:


Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը նշեց, որ արխիվի թվայնացման գործընթացը կարևոր է ոչ միայն Հանրային հեռուստաընկերության, այլև մեդիա դաշտի մյուս ներկայացուցիչների համար:

«Հուսով եմ , որ գործընթացի ավարտից հետո այդ տեխնիկայից հնարավորություն կունենան օգտվել նաև այն հեռուստաընկերությունները, որոնք դրա կարիքն ու անհրաժեշտությունն ունեն»,- նշեց Մարգարիտա Գրիգորյանը:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

նյութը վերցված է՝ http://mtcit.am/pages.php?lang=1&id=6617&page_name=news

շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!