«Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոն` Երեւանի Անգլիական այգում

«Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոն` Երեւանի Անգլիական այգում

Share

2017 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանի Անգլիական այգում արդեն 4-րդ անգամ մեկնարկել է «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնը, որը կազմակերպվել է «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի շրջանակներում Հայաստանի ֆերմերներն ու գյուղացիները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց արտադրած գյուղմթերքը ինչպես մայրաքաղաքի բնակիչներին, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկների:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը,  «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ինչպես նաև տարբեր երկրների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երևանի քաղաքապետի անունից ողջունելով բոլոր ներկաներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը վստահեցրել է,  որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցելու է Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին:

«Մենք արդեն երկար ժամանակ է համագործակցում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ և համատեղ ուժերով տարբեր ծրագրեր ենք իրականացրել: Մասնավորապես բերքահավաքի ընթացքում մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կազմակերպումե նք արդեն ավանդական դարձած գյուղատնտեսական շուկաները, որտեղ գյուղացիներն իրենց արտադրանքը վաճառում են միանգամից սպառողին, իսկ մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն են ունենում համեմատաբար ցածր գներով ձեռք բերել թարմ գյուղմթերք»,— նշել է Դավիթ Օհանյանը:

Շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին փառատոնի կազմակերպման գործում ներդրում ունենալու համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների կարևորությունը գյուղատնտեսության զարգացման համար:

«Այս փառատոնի շրջանակում ֆերմերներն ու գյուղացիները հնարավորություն են ունենում ներկայացնել, թե ինչ արդյունքներ են գրանցել վերջին տարվա ընթացքում, ինչ հաջողությունների են հասել: Այստեղ կա նաև արտադրանք, որն առայժմ հնարավոր չէ գտնել մայրաքաղաքի առևտրային կետերում»,— ասել է Իգնատի Առաքելյանը:

Փառատոնի շրջանակում ֆերմերներն ու գյուղացիները ներկայացել են գյուղմթերքի լայն տեսականիով՝ մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք, մեղրի տեսականի և այլն: Ներկաները հնարավորություն են ունեցել համտեսելու ներկայացված մթերքները, ինչպես նաև դրանք շուկայականից էժան գներով գնելու:

Այս տարի «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը: Հետաքրքիր տաղավարներով ներկայացել էին նաև հարևան Վրաստանի և Իրանի ներկայացուցիչները, մեծացել էր ցուցահանդես այցելած զբոսաշրջիկների քանակը:

«Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը, և այս փառատոնը նաև այս տեսանկյունից մեծ կարևորություն ունի: Այդ իսկ պատճառով միջոցառումային զբոսաշրջության օրացույցում այն արդեն իր ուրույն տեղն է գրավում»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Փառատոնի կազմակերպիչները մեծ ուշադրություն էին հատկացրել նաև օրգանական գյուղատնտեսությանը, որը Հայաստանում զարգացման մեծ հեռանկար ունի:

«Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնի ամբողջ ընթացքն ուղեկցվել է հետաքրքիր համերգային ծրագրով և մանկական զվարճալի խաղերով:

նյութը վերցրված է՝ goo.gl/xtmk2F