Հիրոկի Կանդան և մյուս հայախոս ճապոնացիները

Հիրոկի Կանդան և մյուս հայախոս ճապոնացիները

Share

Տեղադրվել է` 2016-05-26

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Սիրիահայերից մեկը հայերենը սովորել է ճապոնացուց

Վերջերս Հայաստանում Ճապոնիայի դեսպանը հայտարարեց, որ մոտ երեք հարյուր հոգի Հայաստանում ուսանում է ճապոներեն: Իսկ քանի՞ հոգի է Ճապոնիայում ուսանում հայերեն: Ժամանակ առ ժամանակ լսում եւ հանդիպում ենք հայագիտության տարբեր բնագավառներով զբաղվող ճապոնացիների (առաջինը եղել է լեգենդար գիտնական Կումագուսու Մինակատան, որը դեռեւս 19-րդ դարի վերջին Լոնդոնում որոշ չափով սովորել է հայերեն): Սակայն այսօր կարող ենք նշել միջին եւ երիտասարդ սերնդի հինգ ճապոնացի գիտնականների, որոնք բավական լավ տիրապետում են հայերենին:

Առաջինը ճապոնուհի Ակիկո Հիկին է, որ 1998-2002 թթ. ուսանել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժնում, դիպլոմային աշխատանք է պաշտպանել «Պատմականությունը Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպում» թեմայով, որոշ թարգմանություններ է կատարել ճապոներենից հայերեն եւ հակառակը:

Տոկիոյի օտար լեզուների համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի լեզուների ու մշակույթների ինստիտուտի հայոց լեզվի եւ Հայաստանի պատմության դասախոս Տակայուկի Յոսիմուրան ծանոթ անուն է Հայաստանի եւ Բեյրութի գիտական շրջանակներում: Նա 2001-2003 թթ. ուսանել է Երեւանում, սահուն տիրապետում է հայոց լեզվին եւ ուսումնասիրության առարկա է դարձրել Հայկական հարցը, Խորհրդային Հայաստանի պատմության վաղ շրջանը եւ սփյուռքահայերիՙ 1946-47 թվականների հայրենադարձությունը: Յոսիմուրան հրատարակել է «Հայկական հարցը Փարիզի խաղաղության համաժողովում», «Միջազգային քաղաքականությունը հայկական ջարդերի մասին», «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Խորհրդային Հայաստանում 1920-1923 թթ.» գիտական հոդվածները, առանձին գրքովՙ «Հայաստանի նորագույն պատմության ուղեցույցը» (2009), ինչպես նաեւ արեւելահայերենի դասագիրք ճապոներեն լեզվով: 2013-ին Ասիայի եւ Աֆրիկայի լեզուների եւ մշակույթների ինստիտուտում նրա ջանքերով կազմակերպվել է հայերենի խտացյալ դասընթաց:

Տակայուկի Յոսիմուրայի ուսանողներիցՙ Տոկիոյի համալսարանի շրջանավարտ Դաիսակու Վատանաբեն հաճախել է հայոց լեզվի դասերի Տոկիոյում, Վենետիկում ու Երեւանում, դիպլոմային աշխատանք գրել «Հայ հասարակությունը Րաֆֆու «Խենթը» վեպում» վերնագրով: 2011-2013 թթ. Վատանաբեն ուսումնառությունը շարունակել է Հայաստանում: 2015-ին անգլերենից ճապոներեն է թարգմանել ամերիկահայ պատմաբան Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» աշխատությունը:

Ճապոնուհի Կարեն Համադան , որ հայերեն է ուսանել Տոկիոյում եւ Վենետիկում, հայ գիտական մամուլում հանդես է եկել «Ներսես Շնորհալին 19-րդ դարի ռուս աստվածաբանության մեջ» անգլերեն աշխատությամբ:

Իսկ հինգերորդ հայագետ ճապոնացին 24-ամյա Հիրոկի Կանդան է, որը նույնպես հայոց լեզուն ուսանել է նախ Տոկիոյի արտասահմանյան ուսումնասիրությունների համալսարանում, 2013-2014 թվականներինՙ Երեւանի պետական համալսարանում: Նախապես ուսումնասիրել է պարսկերենը, կատարել թարգմանություններ պարսկերենից ճապոներեն: Լեզվաբանական կրթությամբ Հիրոկին դիպլոմային աշխատանք է գրել հայերենի բայական կերպի բացարձակ անորոշի մասին: Ճապոներեն է թարգմանել Երեւանի Սպենդիարյանի տուն-թանգարանի ուղեցույցը: Ու թեեւ հանգամանքների բերումով նա այսօր աշխատում է էլեկտրական շինարարական գործիքների ընկերությունում, սակայն ոչ մի օր հեռու չի մնում հայոց լեզվից ու լեզվաբանությունից, իսկ առիթի դեպքում այցելում է իր համար այնքան հարազատ դարձած Հայաստանը…

- Հիրոկի, ի՞նչն ես ամենից շատ սիրում Հայաստանում ու ի՞նչը ամենից շատ չես սիրում:

- Ամենից շատ չեմ սիրում Երեւանի տրանսպորտը: Երթուղայիններին ստիպված ես շատ սպասել, դրանք հաճախ չեն գալիս: Երկար սպասելուց հետո էլ նստում ես ու խցանման մեջ ես ընկում: Բայց Երեւանի տրանսպորտում կարող ես տեսնել մի հետաքրքրական երեւույթ: Երբ մի մարդ ավտոբուսից իջնում է, անծանոթների փոխանցում է իր փողը, իսկ նրանք էլ մանրն են վերադարձնում: Դա շատ եմ սիրում:

- Ճապոնացիները շատ զգայուն են երաժշտության հանդեպ: Սիրո՞ւմ ես հայ երաժշտությունը:

- Այո, սիրում եմ: Հատկապես Կոմիտասին: Բացի իր տաղանդավոր երաժշտական գործերըՙ նաեւ իր ամբողջ կյանքը: Շատ եմ հարգում հայ ավանդական երաժշտությունը տարբեր գյուղերից հավաքելու իր գործունեությունը:

- Ցավոք, Հայաստանում հայերենի հանդեպ վերջին տարիներին ոչ հոգատար վերաբերմունք կա, նկատե՞լ ես:

- Նկատել եմ, որ երիտասարդները համացանցում հայատառ չեն գրում: Ասում ենՙ աշխարհում մոտ հինգից վեց հազար լեզու գոյություն ունի: Դրանցից քչերն իրենց սեփական տառերն ունեն ու շատ քչերի տառերն են յուրահատուկ: Պետք է հայատառ գրելուն կարեւորություն տալ:

- Այո, հիշում եմ, երկու անգամ դու ստիպված եղար ինձ լատինատառ նամակ գրել ու նախօրոք ներողություն խնդրեցիր դրա համար: Իսկ կարդո՞ւմ ես հայերեն գրքեր:

- Կարդում եմ, հատկապես մասնագիտական, լեզվաբանական գրականությունՙ հայ լեզվաբաններ Գեւորգ Ջահուկյանի, Մանվել Ասատրյանի աշխատությունները: Երբեմն նաեւ գեղարվեստական գրականություն եմ կարդում, հայ դասականներին, օրինակՙ Մուրացանին…

- Հայաստանում վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը ճապոներենի ու ճապոնականի հանդեպ, չնայած, ցավոք, գրեթե չկան ճապոներենից հայերեն թարգմանիչներ: Իսկ Ճապոնիայում ի՞նչ չափով հետաքրքրություն կա հայոց լեզվի եւ մշակույթի հանդեպ: Քանի՞ հոգի է այսօր Ճապոնիայում ուսանում հայերեն:

- Չեմ կարող ասել սովորողների թիվը: Ցավոք, ճապոնացիները դեռ լավ չգիտեն Հայաստանի մասին: Կան, իհարկե, մարդիկ, ովքեր համալսարանում, մշակույթի կենտրոնում կամ տուրիզմի շնորհիվ ճանաչել են Հայաստանին ու սկսել են սովորել հայերեն: Իսկ շարունակողների թիվը չի աճում, քանի որ տնտեսական ազդակներ չեն կարող գտնել:

- Ի՞նչ զվարճալի դեպք կարող ես հիշել քո կյանքիցՙ հայերեն գիտենալու հետ կապված:

- Ընկերներիցս մեկն ինձ ծանոթացրել էր մի սիրիահայի հետ: Այն ժամանակ նա հայերեն չգիտեր: Բայց մեզ հետ շփվելովՙ սկսեց հայերենով հետաքրքրվել: Այժմ ինքը սկսել է սովորել հայերեն…

նյութը վերցված է՝ http://azg.am/AM/culture/2016052706