Ձյու-Ձյուցուն «փափուկ մարտարվեստի» գաղտնիքները

Ձյու-Ձյուցուն «փափուկ մարտարվեստի» գաղտնիքները

Share

Ջիու – ջիցուն կամ ձյու- ձյուցուն ճապոնական ձեռնամարտի տեսակ է, որի հիմնական սկզբունքը հետևյալն է.  չգնալ ուղիղ հակամարտության, այլ տեղի տալով հակառակորդի հարձակումներին՝ ուղղորդել նրա գործողությունները այնքան ժամանակ, մինչև վերջինս հայտնվի ծուղակում:
Ձյու- ձյուցու ճապոներենից թարգմանաբար նշանակում է «փափուկ տեխնիկա» (ճապ. ձյու՝ փափուկ, ձյուցու՝ տեխնիկա, միջոց): Այս անվանումը պետք է փոխաբերական իմաստով ընկալել, քանզի ձյու –ձյուցուի հարվածները ոչ մի կերպ փափուկ չես անվանի: Բացի «ձյու-ձյուցու»-ից՝  նախկինում օգտագործվում էին նաև այլ անվանումներ, ինչպես՝ «թայձյուցու», «կոգուսոկու», «տորիդե», «հակուդա» և նույնիսկ «ձյուդո»:
Գոյություն ունեն ձյու-ձյուցուի բազմաթիվ տեսակներ ու ձևեր, որոնք կիրառվում են այս մարզաձևով զբաղվող տարբեր դպրոցների կողմից: Ձյու- ձյուցուի դպրոցները օգտագործում են պայքարի բոլոր ձևերը՝ գցումներ, պահումներ, ոլորումներ, հարվածներ ոտքերով և ձեռքերով: Իսկ նախկինում  շատ դպրոցներ նաև սովորեցնում էին աշխատել զենքով՝ դաշույններով, թրերով, նիզակներով: Երկար ժամանակ ջիու-ջիցուի տեխնիկայի գլխավոր  առանձնահատկությունն էր համարվում մարմնի ամենախոցելի հատվածներին գլխով, մատներով, ձեռքերով, ոտքերով հարվածները: Այդպիսի հնարքների շնորհիվ մարզիկը հակառակորդին կարող էր հասցնել անգիտակից վիճակի կամ նույնիսկ սպանել: Հայտնի էր նաև այսպես կոչված «հետաձգված մահվան» տեխնիկան, երբ հարվածը հակառակորդի  մարմնի որոշակի հատվածին նրան մահվան էր հասցնում միայն որոշ ժամանակ անց՝ մի քանի օրից մինչև մի քանի ամիս:
Ջիու – ջիցուն զարգացել է սամուրայների շրջանում ֆեոդալական Ճապոնիայում՝ որպես զինված հակառակորդի դեմ անզեն պայքարելու միջոց: Այն լայնորեն կիրառվում էր բանակում, և ուսուցանողները հենց սամուրայներն էին: Ուշագրավ է, որ բավական երկար ժամանակ ջիու- ջիցուն զարգացնում էին միայն սամուրայական ծագում ունեցող տոհմական դպրոցները: Հասարակ մարդկանց արգելվում էր ուսումնասիրել այս արվեստը: Իր ամենամեծ բարձունքին ջիու-ջիցուն հասավ Տոկուգավայի ժամանակաշրջանում (1603-1868), երբ բազմաթիվ պատերազմներից հետո երկրում հաստատվեց երկարատև խաղաղության  շրջան: Այդ ժամանակ այս  մարտարվեստով զբաղվող դպրոցների թիվը հասավ շուրջ 700-ի, և հենց այս ժամանակաշրջանում աստիճանաբար վերացավ զենքով աշխատելու տեխնիկան:
Եվրոպայում և Ամերիկայում ջիու- ջիցուին ծանոթացան 20- րդ դարի առաջին կեսին, երբ մի շարք ճապոնացի ուսուցիչներ այստեղ բացեցին իրենց դպրոցները: Հարկ է նշել նաև, որ արևմուտքում ձյու- ձյուցուն լայն տարածում ստացավ միայն 50-ական թվականներին: Եվ թեև այս մարզաձևը իր հանրաճանաչությամբ զիջում է կարատեին, թեքվանդոյին և ուշուին, այնուամենայնիվ այն հազարավոր հետևորդներ ունի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: 1995 թվականին մեր երկրում հիմնվել է ջիու- ջիցուի ֆեդերացիան: Ֆեդերացիայի նախագահն է Ռոբերտ Ծատուրյանը: 1995 թվականից ի վեր մեր մարզիկները բազմաթիվ հաջողություններ են գրանցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում՝ բազմիցս գրավելով պատվավոր հորիզոնականներ:

Պատրաստեց Լուսինե Պետրոսյանը

նյութը վերցված է՝ http://ostarmenia.com/hy/latest-news-arm/jiu-jitsu-arm/#