ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) ավելի քան մեկ միլիոն դոլար կտրամադրի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրն իրականացնելու համար, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց JICA-ի Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Իիդա Ջիրոն ՀՀ ԱԻ* նախարար Արմեն Երիցյանի հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո:
«Սողանքների կանխարգելումը շատ կարևոր է Հայաստանի համար: Այստեղ սողանքների հետ կապված շատ բնական աղետներ են տեղի ունենում, այդ պատճառով մենք որոշեցինք օգնություն ցուցաբերել»,-հայտարարեց Ջիրոն:
«Հայաստանի տարածքի 4,1 տոկոսը սողանքի վտանգի տակ է, և այն աշխատանքը, որը մենք սկսում ենք, շատ կարևոր է երկրի համար»,-հայտարարեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Եռամյա ծրագրի շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել ՀՀ սողանքավտանգ տեղամասերը և թարմացնել սողանքների վերաբերյալ առկա տեղեկատվական բազան: Կկազմվի Հայաստանում սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանը, նախատեսվում է բարելավվել միջոցառումների համար անհրաժեշտ իրավական ակտերն ու կանոնակարգերը, բարելավել մոնիտորինգի, կանխարգելիչ, անհետաձգելի և երկարաժամկետ միջոցառումների իրականացման համակարգի գործունեությունը:
12.08.2014
* Արտակարգ Իրավիճակների
նյութը վերցված է՝ http://goo.gl/hH5tzk