Ե՞րբ է Իրոհա կենտրոնը սկսել իր գործունեությունը:
2014 հուլիսից: Արդեն լրացավ գործունեության երկու տարին:
Ի՞նչն է գործունեության սկսելու պատճառը:
Նման կենտրոնի ստեղծման մասին միտքը շատ վաղուց կար: Դեռ այն տարիներին, երբ ես ապրում և սովորում էի Ճապոնիայում, և այն պահին, երբ ես որոշեցի վերադառնալ հայրենիք, այդ գաղափարն ինձ հետ էր և օրեցօր հասունանում էր: Բացի այդ, Հայաստան վերադառնալուց հետո գրեթե ամեն օր ինձ դիմում էին ճապոներեն լեզու ուսումնասիրել ցանկացողները և ես տեսնում էի նաև նման կենտրոնի անհրաժեշտությունը: Իսկ ամենակարևորն այն է, որ գտնվեցին համախոհներ, մարդիկ, ովքեր կիսեցին իմ հետ կենտրոնի ստեղծման միտքը, պատրաստ էին այդ աշխատանքը միասին կատարել և օգնել կենտրոնի ստեղծման գործում:
ԵՎ ի՞նչ ճանապարհ է նա արդեն անցել:
Երկու տարվա համար կարելի է ասել շատ բան է արվել: Իհարկե, ինչպես ամեն բանի սկզբում է լինում, մենք նույնպես ունեցել ենք դժվարություններ: Սակայն երբ տեսնում ես սիրելի գործով զբաղվելու՝ տվյալ պարագայում ճապոներեն լեզվին և մշակույթին առնչվելու հնարավորություն ստացած կենտրոնի անդամների փայլող աչքերն ու ժպիտները, հասկանում ես, որ ճիշտ ուղղու վրա ես և ամեն տեսակ դժվարություն կարող ես և պետք է հաղթահարես: Ինձ թվում է, մեզ հաջողվել է անել ամենակարևոր բանը՝ հաստատել բարյացկամ, ջերմ մթնոլորտ, որը ես շատ եմ կարևորում:
Ի՞նչ գործունեություն է կենտրոնը իրականացնում:
Իրոհա կենտրոնի անդամները հնարավորություն ունեն մասնակցելու ճապոներեն լեզվի հմտությունների զարգացման ծրագրերին, որը կենտրոնի հիմնական գործունեությունն է: Լեզվի ծրագրերը նախատեսված են սկսնակներից մինչև բարձր մակարդակի համար: Ծրագրերը վարում են ոլորտում մեծ փորձ ունեցող ինչպես հայ, այնպես էլ լեզվակիր մասնագետներ:
Բացի այդ, մենք պարբերաբար իրականացնում ենք նաև մշակութային միջոցառումներ (խոհանոց, վայելչագրություն, տոներ և այլն), մշակութային փոխանակման երեկույթներ մեր ճապոնացի ընկերների հետ, որոնց շրջանակներում անդամերը ծանոթանում են Ճապոնիայի մշակույթի տարբեր ոլորտներին և խորացնում իրենց գիտելիքներն ու հմտությունները:
Իսկ թե ինչ գործունեություն ենք իրականացրել մինչ օրս, կարող եք տեղեկանալ մեր կայքից, կամ ֆեյսբուքյան էջից :
Կայք՝ http://irohacenter.com/
FB page` https://www.facebook.com/irohacenter/
Ովքե՞ր կարող են անդամակցել
Կենտրոնին կարող է անդամակցել յուրաքանչյուրը, ով սիրում է Ճապոնիան, ճապոներենը և ուզում է գտնել համախոհ ընկերներ: Տարիքային և այլ սահմանափակումներ չկան: Մենք առաջարկում ենք նաև 6-10 տարեկան երեխաների համար հատուկ մշակված «Ճապոներեն լեզու և մշակույթ» ծրագիր: Այստեղ խաղերի, երգերի և այլ զանազան զբաղմունքների միջոցով երեխան հեշտությամբ է ընկալում լեզուն:
Շա՞տ են արդյոք ճապոներեն լեզու ուսումնասիրել ցանկացողները: Որքա՞ն խումբ կա և կա՞ն արդյոք անհատական պարապմունքներ:
Ցանկացողները շատ են: Ներկա դրությամբ կենտրոնին անդամակցում է մոտ 50 անդամ, իսկ ճապոներեն լեզվի ծրագրերը անցենկացվում 11 տարբերտարիքային խմբերի և մակարդակների համար: 50 անդամ և 11 խումբ, որը նշանակում է, որ լեզվի պարապմունքները իրականացվում են փոքր խմբերով (4-6 հոգի), որպեսզի հնարավորինս անհատական մոտեցում ցուցաբերվի յուրաքանչուր մասնակցին:
Սակայն անհատական պարապմունքներ սկզբունքորեն չեն անցկացվում: Ես իմ համոզմունքն ունեմ, որ լեզուն, հատկապես այն լեզուն, որը մենք մեր առօրյայում լսելու շատ քիչ հնարավորություն ունենք, կամ առհասարակ չունենք, շատ ավելի ճիշտ է սովորել խմբով: Ճապոներենը հեշտ լեզու չէ, իսկ խմբի անդամների հետ սովորելով, իրար աջակցելով ու քաջալերով, լսելով միմյանց ճիշտը, կամ միասին ուղղելով սխալները , մասնակիցները շատ ավելի են մոտիվացվում:
Ինչպե՞ս անդամակցել:
Անդամակցելու համար խնդրում ենք զանգահարել 093 268168 և պայմանավորվել հարցազրույցի համար: Սիրով հրավիրում ենք բոլորին միասին ճանաչելու և բացահայտելու այդ խորհրդավոր երկրի մշակույթը:
Հեղինակներ՝ Հ. Մուրադյան և Ռուզան Խոջիկյան