Այկիդոն վերականգնում է ներդաշնակությունը…

Այկիդոն վերականգնում է ներդաշնակությունը…

Share
«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը դասընթացի միջոցով հնարավորություն ընձեռեց ծանոթանալու այկիդո մարտարվեստի առանձնահատկություններին:

Այկիդոն ճապոնական մարտարվեստ է, որի հիմքում ընկած են հարյուրամյակների պատմություն ունեցող ավանդական ճապոնական մարտարվեստներն ու հոգեւոր, փիլիսոփայական ուսմունքները: Այկիդոն երեք խորհրդանիշ ունի. ճապոներեն Այ նշանակում է սեր, հարմոնիա, Կի՝ հոգեւոր, ներքին էներգիա եւ Դո՝ ճանապարհ, այլ կերպ ասած՝ ներքին էներգիայի, ներդաշնակության ճանապարհ:

Այկիդո մարտարվեստի հմտություններին դասընթացի միջոցով ծանոթացնում էր Այկիդոյի հայկական ասոցիացիայի համակարգող, մարզիչ Արթուր Պողոսյանը:

«Այկիդո մարտարվեստի հիմնական առանձնահատկությունը ինքնապաշտպանության ձեւն է. այկիդոյում հիմնականում հարձակումներ չկան: Սովորում ենք ինքնապաշտպանական հնարքներ՝ առանց ագրեսիայի, առանց դիմացինին միանգամից մահացու վնասվածքներ հասցնելու,- մեզ հետ զրույցում նշեց Արթուր Պողոսյանը եւ հավելեց,- այկիդոն հայելային մարտարվեստ է, ինչքան դիմացինը ագրեսիվ է, ինչքան ուժեղ է հարվածում, այդքան ուժեղ հակահարձակում է ստանում»:
Ըստ Արթուր Պողոսյանի՝ մարդն իր ներքին էներգիայով, պոտենցիալով պետք է ներդաշնակ ապրի շրջապատող աշխարհի հետ, իսկ այկիդոն կիրառվում է այն դեպքում, երբ մարդկանց միջեւ խախտվում է ներդաշնակությունը. «Որպես մարտարվեստ ֆիզիկական բռնության դեպքում հակառակորդի ներքին էներգիայի, ֆիզիկական ուժի կիրառումն է հենց հակառակորդի դեմ: Ընդունում ես հակառակորդի հարձակումը, հասցնում ես ֆիզիկական ուժի գագաթնակետին եւ հետո կարողանում ես ինքնապաշտպանվել եւ վերականգնել հարմոնիան: Այկիդոն հանգստություն, ինքնավստահություն է տալիս»:

Նշենք, որ հունիսի 25-ից 26-ը «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը մի քանի թեմաների առնչվող շուրջ 50 դասընթացներ է անցկացրել Երեւանում:

Ընտրված թեմաներն էին՝ «Հոգի եւ մարմին», «Արա՛ ինքդ», «Խոհարարություն», «Արվեստ եւ տեխնոլոգիաներ»: Յուրաքանչյուր թեմայի շուրջ անցկացվել են դասընթացներ ու քննարկումներ Հայաստանում եւ առհասարակ ողջ աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արթուր Պողոսյանից

նյութը վերցված է՝ http://erit.am/news/hy/71447