Կայացավ ավանդական դարձած խորովածի մրցույթ-փառատոնը

Կայացավ ավանդական դարձած խորովածի մրցույթ-փառատոնը

Share

08.09.2012

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության, «Արենի Փառատոն» հիմնադրամի, Ախթալայի քաղաքապետարանի եւ Լոռու մարզի մարզպետարանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, Լոռիի մարզի Ախթալա քաղաքում կայացավ  արդեն ավանդական դարձած Խորովածի չորրորդ միջազգային փառատոն-մրցույթը: Ինչպես Ախթալայից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, փառատոնին մասնակցելու էին եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, ինչպես նաեւ մեծ թվով արտասահմանցիներ:
Մրցույթ-փառատոնին այս տարի մասնակցում էր 18 ռեստորան եւ 5 խումբ: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանի փոխանցմամբ` իրենք կարեւորում են ոչ թե ավելի շատ մասնակից ունենալը, այլ որակյալ ու կազմակերպված միջոցառում անցկացնելը:
Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը իր ելույթում նշեց, որ ավանդական դարձած խորովածի փառատոն-մրցույթը նախ ճանաչում է բերել մարզին ու Ախթալա քաղաքին, ինչպես նաեւ խթան հանդիսացել տուրիզմի զարգացմանը:
Խորովածի փառատոն-մրցույթին ժամանած օտարերկրացիները մեր թղթակցի հետ զրույցում պատմել են, որ իրենք միշտ էլ զարմացել են հայերի աշխատանքներով, սակայն հիմա առավել քան զարմացած են, երբ տեսնում են նման միջոցառում, որն իր տեսակի մեջ եզակի է: Ձմերուկի, սալորի, սեխի ու այլ տարաեսակ մրգերի խորոված, որոնք տեղ էն գտել արդեն ավանդական խոզի մսի խորովածի կողքին: Ախթալեցիների փոխանցմամբ` իրենք մտավախություն ունեին, որ վերջին զարգացումները կանդրադառնան խորովածի փառատոնի վրա, սակայն ինչպես նրանք նշեցին, ամեն ինչ անցավ ջերմ մթնոլորտում: Չնայած նրան, որ միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում, սակայն ախթալեցիներըNEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նկատեցին. «Լավ կլիներ, որ գոնե տեղացիների համար խորովածը էժան կամ անվճար լիներ, ոչ թե մեկ շիշ խորովածը արժենար 2000-2500 դրամ»:
Նշենք, որ փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009թ.-ին, անցած երեք տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ մասսայականություն եւ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում. Վրաստանում, Ռուսաստանում,Եվրոպայում:
Խորովածի առաջին փառատոնին` 2009թ.-ին, մասնակցել են ութ ռեստորաններ Հայաստանից եւ 2000 այցելուներ, անցած տարի 2011թ-ին`խորովածի երրորդ փառատոնին, մասնակցել 25 ռեստորաններ` Հայաստանից եւ Վրաստանից, եւ մոտ 15 000 այցելու աշխարհի տարբեր երկրներից:

նյութը վերցված է՝ http://news.am/arm/news/120254.html

thanks to Anna Avagyan for this article