«Տոկիոյում համերգից հետո Բաբաջանյանի նոտաներն էին խնդրում». Տրիոյի մասին

«Տոկիոյում համերգից հետո Բաբաջանյանի նոտաներն էին խնդրում». Տրիոյի մասին

Share

17/09/2015 

Ճապոնիայում նկատվում է հետաքրքրության աճ դեպի հայկական մշակույթը, երաժշտությունը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արամ Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 7-11-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ճապոնիայում ՀՀ դեսպանության ու ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ և հովանավորությամբ համերգային շրջագայությամբ Տոկիոյում է գտնվել Արամ Խաչատրյանի անվան տրիոն՝ դաշնակահար Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան: Երաժիշտները կատարել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները:
«Տոկիոյում մեր ելույթներն անցան լեփ-լեցուն դահլիճներում, վարպետության դասերի շուրջ մեծ հետաքրքրություն կար: Շատերն առաջին անգամ էին լսում Բաբաջանյանի դաշնամուրային տրիոն, որը շատ մեծ խանդավառությամբ էր ընդունվում: Համերգներից հետո երաժշտասերները մոտենում էին ու նոտաները խնդրում»,- ասաց նա:
Ա. Գրիգորանը նաև հայտնեց, որ շրջագայության շրջանակում երկու համերգով հանդես են եկել Գերմանիայում:
«Կարող եմ ասել, որ երկու երկրում էլ մեծ էր հետաքրքրությունը հայկական երաժշտության հանդեպ: Մեկ բաժին ամբողջությամբ նվիրված էր հայ կոմպոզիտորներին»-նշեց նա:
Ա. Գրիգորյանը տեղեկացրեց, որ Արամ Խաչատրյանի անվան տրիոն առաջիկա շաբաթվա ընթացքում համերգով հանդես է գալու Մոսկվայում, այնուհետև երեք համերգով Մուրմանսկում: Համերգներից մեկին տրիոյի անդամներն ելույթ են ունենալու առանձին-առանձին Մուրմանսկի ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, ներկայացնելու են Չայկովսկու երեք կոնցերտները: Մինչև տարեվերջ Արամ Խաչատրյանի անվան տրիոն մի քանի նախագծեր է իրականացնելու նաև Հայաստանում, եվրոպական երկրներում:

Աղբյուր` Panorama.am

նյութը վերցված է՝ http://www.panorama.am/am/comments/2015/09/17/armine-grigoryan/