Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հայաստանյան ծրագիրը գնահատվել է որպես լավագույն ծրագիր՝ նմանատիպ ճապոնական ծրագրերի շարքում։ Այդ մասին տեղեկացրել են ճապոնացի մասնագետները՝ հոկտեմբերի 30-ին Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ–Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (ՃՄՀԳ-JICA) համատեղ ծրագրի միացյալ համակարգող խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել են ճապոնական կողմից ծրագրի արդյունավետության գնահատման առաքելության կատարած եզրակացության արդյունքները։
2012 թ. սկսված Հայ-ճապոնական ծրագրի, ինչպես նաև «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (One Village-One Product-OVOP) շարժում-հայեցակարգի ներդրումից ի վեր Հայաստանի մարզերում սկսնակ և գործող գործարարները մասնակցել են 10-ից ավելի դասընթացների, ստացել են մեթոդաբանական աջակցություն՝ ձեռնարկների և ուղեցույցների տեսքով։ Չրերի, ձիթապտղի և պանրի արտադրության ոլորտի 4 ձեռնարկություն OVOP հայեցակարգի շրջանակում ստացած աջակցության շնորհիվ ձևավորել է սեփական տարբերանշանը։ Նրանց արտադրանքի համար տպագրվել են անհրաժեշտ քանակի պիտակներ։ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի իրականացրած «Սկսնակ գործարարներին աջակցություն» ծրագրի մասնակից լավագույն 7 գործարարներին տրամադրվել են վակուումային փաթեթավորման սարքավորումներ՝ արտադրանքի պատշաճ և անվտանգ փաթեթավորման և շուկայում ներկայացման համար։
JICA-ի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համատեղ ծրագիրը նպաստել է նաև Սյունիքի մարզի Տաթևի տարածաշրջանում մեծ թափ հավաքած հյուրատնային և զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը: ՃՄՀԳ-ն անցկացրել է դասընթացներ տեխնոլոգիական գիտելիքի և գործարար ծրագիր կազմելու վերաբերյալ։ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը վարկային երաշխավորություն է տրամադրել այդ դասընթացների արդյունքում ներկայացված և ֆինանասավորված լավագույն գործարարների հեղինակներին։ Արդունքում տարածաշրջանում ստեղծվել և զարգանում է զբոսաշրջային ծառայություն մատուցող 11 նոր բիզնես։ Նրանք հայ-ճապոնական ծրագրի շրջանակում որպես աջակցություն ստացել են ցուցափեղկ-սառնարան՝ տեղական արտադրանքը հյուրերին ներկայացնելու համար։
Նմանատիպ դասընթացներ անցկացվել են նաև Կոտայքի մարզի Գառնի և Բջնի համայնքներում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում անցկացվել է պանրի արտադրոության տեխնոլոգիական դասընթաց, տպագրվել է տեխնոլոգիական ուղեցույց։
Գործարկվել է նաև OVOP Armenia Ֆեյսբուքյան էջը, որի միջոցով հանրությանն են ներկայացվել շարժման մասնակից գործարարները, ինչպես նաև գովազդվել են նրանց ապրանքները և ծառայությունները։
Հայկական կողմից նիստին մասնակցում էին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը և ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգային համագործակցության ծրագրերի համակարգող Լիլիթ Ափուջանյանը։ Ճապոնական կողմը ներկայացնում էին գնահատման առաքելության ղեկավար, ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի տնօրեն Ֆուշիմի Կացուտոշին, գնահատման առաքելության անդամ, ՃՄՀԳ կենտրոնական գրասենյակի գլխավոր խորհրդատու Ուեդա Տակաֆումին, գնահատման առաքելության փորձագետ Ռիկա Ֆուջիոկան, ՃՄՀԳ հայաստանյան կապի գրասենյակի համակարգող Ռուզան Խոջիկյանը, Ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Ցուկամոտո Ակիհիրոն, Ծրագրի փորձագետ տիկին Միվակո Օիկավան և Ծրագրի համակարգող Գառնիկ Մանուկյանը։
Գեղամ Պետրոսյանը բարձր գնահատեց «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» ծրագրի արդյունավետությունը։ Նա նշեց, ծրագրի արդյունքում մարզային բազմաթիվ գործարարներ նոր գիտելիք և հմտություն են ստացել շուկայավարման, բիզնեսի պլանավորման և բրենդավորման մասին։
Ցուկամոտո Ակիհիրոն ներկայացրեց Ծրագրի հետագա անելիքները։ Կազմակերպվելու են դասընթացավարների դասընթաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի անձնակազմի և գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների համար, փորձնական ծրագրերի հետևողական վերահսկողություն և մարտահրավերների վերհանում՝ կապված հայկական ՓՄՁ-ների արտադրանքը ճապոնական շուկայում ներկայացնելու հետ ։
Ֆուշիմի Կացուտոշին ներկայացրեց գնահատման առաքելության հիմնական խնդիրները և նպատակները, ինչից հետո տիկին Ռիկա Ֆուջիոկան ներկայացրեց հաշվետվությունը։ Ճապոնական կողմը ծրագրի իրականացումը գնահատել է միայն «բարձր» և «շատ բարձր» գնահատականներով։ Գնահատման առաքելության անդամ Ուեդա Տակաֆումին ներկայացրեց եզրակացությունը և հետագա անելիքների վերաբերյալ գնահատման առաքելության խորհուրդները։ Այնուհետև կողմերը ստորագրեցին գնահատման առաքելության հաշվետվությունը։
Արամ Օհանյանը շնորհակալություն հայտնեց ճապոնական կողմին և իր բարձր գնահատեց Ծրագրի իրականացումը։ Գնահատման առաքելության ղեկավար Ֆուշիմի Կացուտոշին ևս իր շնորհակալական խոսքը հղեց հայկական կողմին՝ Ծրագրի իրականացման բարձր արդյունավետության ապահովման և բարձր մակարդակի համագործակցության համար։
նյութը վերցված է՝ http://smednc.am/am/multicontent/news/75/